Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 14-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի եւ Լոռու մարզերի դատախազություններում՝ ամփոփելու 2022 թվականի գործունեության արդյունքները:
Գլխավոր դատախազի առաջին կանգառը Շիրակի մարզի դատախազությունում է եղել: Մարզի դատախազ Արմեն Չիչոյանը 2022 թվականի գործունեության արդյունքները ներկայացնելիս անդրադարձ է կատարել մարզում գրանցված հանցավորության վիճակին, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքներին եւ դրանց բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Մասնավորապես, հանրապետության գլխավոր դատախազին զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում մարզում աճել է բոլոր տեսակի հանցագործությունների թիվը: 2022 թվականին բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 47.5% (2021 թվականի համեմատ՝ բացահայտման ցուցանիշը վատթարացել է 20.2%-ով):
Նախորդ տարի Շիրակի մարզում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 439 դեպք՝ 72-ով ավելի 2021 թվականի ցուցանիշից։ 2022 թվականին արձանագրվել է սպանության 5 դեպք (2021 թվականի համեմատ՝ դեպքերի աճ կամ նվազում տեղի չի ունեցել): 2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով կատարվել է ինը ուսումնասիրություն, որից չորս ուսումնասիրության առարկա է ավելի քան 150 անշարժ գույք: 2022 թվականի ընթացքում քննվել է 51 կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ վարույթ (2021 թվականին` 112): 2022 թվականին արձանագրվել է կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության 22 դեպք (2021 թվականին՝ 37 դեպք):
2022 թվականի ընթացքում Շիրակի մարզի դատախազության կողմից կոռուպցիոն հանցագործություններով դատարան է ուղարկվել վեց քրեական գործ (վարույթ)՝ 12 անձի վերաբերյալ (2021 թվականին` 24 քրեական գործ (վարույթ)՝ 40 անձի վերաբերյալ): Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կատարվել է 52 ստուգում եւ ուսումնասիրություն (2021 թվականին` 51), որոնց արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել (2021 թվականին հայտնաբերվել էր 12 խախտում): 2022 թվականի ընթացքում Շիրակի մարզի դատախազությունից դատարան է ուղարկվել 263 քրեական գործ (վարույթ)՝ 298 անձի նկատմամբ (2021 թվականին՝ 243 քրեական գործ (վարույթ)՝ 309 անձի նկատմամբ):
Երկու մարզերի դատախազների կողմից ներկայացված հաշվետվություններում կարեւորվել է Շիրակում եւ Լոռիում պարեկային ծառայության գործունեությունը՝ ուղղված հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը: Գլխավոր դատախազ Վարդապետյանի վերջին կանգառը եղել է Լոռու կայազորի զինվորական դատախազությունում: Հաշվետվության ամփոփմանը ներկա են եղել նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալիկ Ցականյանը, ՀՀ ԱԱԾ Լոռու եւ Տավուշի հակահետախուզության բաժնի պետերը, ՀՀ ՊՆ Վանաձորի, Իջեւանի եւ Բերդի ռազմական ոստիկանության բաժնի պետեր Էդիկ Անդրյանը, Մուրադ Մկրտչյանը եւ Էդիկ Սարգսյանը, Պաշտպանության նախարարության զինվորական կոմիսար Սամվել Գեւորգյանը: Լոռու կայազորի զինվորական դատախազ Արման Ապրեսյանը ներկայացրել է 2022 թվականի ամփոփ հաշվետվությունը:
Անդրադարձ է կատարվել զինծառայողի կողմից զորամասում, զինվորական ծառայություն կրելու այլ վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում թմրամիջոց գործածելու կամ օգտագործած վիճակում ծառայության ներկայանալու դեպքերի քննության եւ որակման առանձնահատկություններին: Գլխավոր դատախազը Զինվորական դատախազությանը հանձնարարել է ՊՆ ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ համագործակցությամբ վերոնշյալ դեպքերի բացահայտման եւ քննության ուղղությամբ մշակել փոխգործակցության արդյունավետ ձեւաչափ:
ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻ ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԸ
Հզոր երկրաշարժերը, որոնք մեկ շաբաթ առաջ տեղի են ունեցել Թուրքիայի եւ Սիրիայի տարածքներում, դարձել են Եվրոպայում վերջին հարյուրամյակի ընթացքում ամենասարսափելի բնական աղետը:
Նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել Է. «Մենք դեռ տեղեկանում ենք աղետի չափերի մասին, դրա իրական վնասը հաշվարկված չէ»:
Կլյուգեի խոսքով՝ ավելի քան 35 հազար մահ է հաստատվել Թուրքիայում, իսկ շուրջ 5 հազարը՝ Սիրիայում. այդ թիվը շարունակում է աճել։ Երկու երկրներում առնվազն 26 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի։ ԱՀԿ-ն կոչ Է արել 43 միլիոն դոլար հատկացնել երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար եւ, հավանաբար, կխնդրի ավելացնել այդ գումարը: «Ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին, երբ մենք ավելի լավ կհասկանանք ճգնաժամի մասշտաբները եւ հումանիտար կարիքները, այդ գումարը կաճի՝ առնվազն կրկնակի»,- ասել Է Կլյուգեն։
Ջրամատակարարման խաթարման եւ աղետի վայրերում տիրող հակասանիտարական պայմանների պատճառով աճում է անհանգստությունը վարակիչ հիվանդությունների տարածման առնչությամբ. նշում է ԱՀԿ-ն։ Թուրքական իշխանությունների տվյալների համաձայն, որոնք ներկայացնում Է կազմակերպությունը, շուրջ 80 հազար մարդ գտնվում են հիվանդանոցներում, ինչը հսկայական ծանրաբեռնվածություն Է առողջապահական համակարգի վրա, որն ինքնին մեծապես տուժել է տարերային աղետի հետեւանքով։ «Մեր 75-ամյա պատմության ընթացքում մենք նախաձեռնել ենք շտապ օգնության բրիգադների խոշորագույն տեղակայումը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում:
Նրանց նպատակն է փոխարինել ավերված հիվանդանոցները՝ հատուկ ուշադրություն հատկացնելով ծանր վնասվածքներ ստացած հիվանդներին»,- ամփոփել Է Հանս Կլյուգեն: 7,7 եւ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով տեղի են ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում եւ հարեւան պետություններում: Երկրաշարժից մեծապես տուժել են Թուրքիան եւ Սիրիան։
ԱՐԴՅՈՒՆՔ ՉԿԱ
2010թ. հուլիսի 29-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը հաղորդել է՝ Տավուշի մարզպետարանից տեղեկացրել են, որ, շնորհիվ կատարված ներդրումների, բավականին վերականգնողական ու վերակառուցողական աշխատանքներ են իրականացվել մարզի ոռոգման համակարգում, որի արդյունքում Տավուշի մարզում արդեն հնարավոր է ոռոգել ընդհանուր առմամբ 6 հազար 160 հեկտար հողատարածք։ Լրագրողական հարցում եմ ուղարկել Տավուշի մարզպետարան, թե ներկայումս Տավուշի մարզում որքան են կազմում ոռոգելի հողատարածքները։ 2023թ. փետրվարի 9-ին տեղեկատվական հարցումիս մարզպետարանից պատասխանել են, որ մարզի ոռոգելի հողատարածքները, ըստ համայնքների կողմից ներկայացված հաշվետվության, կազմում է 6 հազար 428 հեկտար։ Ստացվում է, որ վերջին 13 տարում Տավուշի մարզում ոռոգելի հողատարածքներն ավելացել են ընդամենը 268 հեկտարով։ Ամեն տարի , Հայաստանի պետական բյուջեի, միջազգային դոնոր եւ բարեգործական կազմակերպությունների ֆինանսավորմամբ, մարզի ոռոգման համակարգում վերակառուցման, վերանորոգման, ընդլայնման ծրագրեր են իրականացվում. ո՞ւր է այդ աշխատանքների արդյունքը։
ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՒՄ ԵՆ
Հայաստանի անկախացումից հետո ավելի քան երեք տասնամյակ Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ եւ Աճարկուտին հարեւան, Ադրբեջանին սահմանակից Կիրանց գյուղի բարձր դասարանցիները ուսումնառության համար ամեն առավոտ մեկնում են Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան եւ Սարիգյուղ բնակավայրերի միջնակարգ դպրոցներ։ Աճարկուտում եւ Կիրանցում դպրոցները հիմնական են։ Տավուշի մարզպետարանից տեղեկացա, որ Հայաստանի պետական բյուջեից փոխհատուցվում է Աճարկուտ եւ Կիրանց գյուղերի ավագ դասարանցիների տրանսպորտայաին ծախսերը։ Աճարկուտ գյուղի բնակիչ ավագ դասարանցիների՝ 2022 թվականի տրնասպորտային ծախսերի փոխհատուցման գումարը կազմել է 339,7 հազար դրամ, իսկ Կիրանց գյուղի բնակիչ ավագ դասարանցիներինը՝ 450 հազար դրամ։ Մարզպետարանից հայտնեցին, որ այժմ ընթացքի մեջ են դպրոցական նոր շենքերի կառուցման աշխատանքները մարզի Կիրանց, Գանձաքար եւ Դովեղ բնակավայրերում։ Սպասվում է, որ Կիրանցում դպրոցական նոր շենքի կառուցումից, գործարկումից հետո գյուղի հիմնական դպրոցը կդառնա միջնակարգ, եւ այնտեղ կսովորեն ոչ միայն Կիրանցի, այլեւ Կիրանցի հարեւան Աճարկուտի գյուղի ավագ դասարանցիները։
ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ՝ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՈՎ
Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում խմելու ջուրը տրվում է ժամանակացույցով՝ օրական մի քանի ժամ առավոտյան, մի քանի ժամ երեկոյան։ Խմելու ջրի պակասը հատկապես զգացվում է քաղաքի վերին՝ Բլբուլյան թաղամասում։ Իջեւանի համայնքապետարանից հայտնեցին, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը նախատեսում է առաջիկայում նոր ջրագծեր կառուցել, որպեսզի բարելավվի 20 հազար բնակիչ ունեցող Իջեւան քաղաքի ջրամատակարարումը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ