ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի մարտ ամսից «Հանուն չորրորդ իշխանության» հկ-ն տեղեկատվական դաշտում իրականացնում է մշտադիտարկում, որով յուրաքանչյուր ամիս ամփոփվում են լրագրողական դաշտում արձանագրված խախտումներն ու կարեւոր իրադարձությունները: Հերթական մշտադիտարկման արդյունքները վերաբերում են 2023 թվականի հունվար ամսին: Եւ այսպես՝

 

պետական գերատեսչության կողմից թերացում՝ տեղեկատվության տրամադրման/հաստատման հարցում։

Հունվարի 6-ին լուր տարածվեց, որ հրետակոծել են Սյունիքի մարզում գտնվող «Ա.Ա.Բ պրոյեկտ» ընկերության ասֆալտի գործարանը: Միջադեպի աղբյուրը Aravot.am կայքն էր: Պաշտոնական գերատեսչությունները՝ ՊՆ, ԱԻՆ, ոչ մի կերպ չարձագանքեցին լուրին։

Կանխակալ վերաբերմունք ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ

Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիս էր կազմակերպել ԶԼՄ-ների հարցերին պատասխանելու նպատակով: Մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողներ ասուլիսին հրավիրված չէին: Պատճառը պարզելու նրանց զանգերը կառավարություն մնացել են անպատասխան:

Հրապարակման համար լրատվամիջոցի նկատմամբ ճնշումների փորձ

Հունվարի 20-ին TV5 հեռուստաալիքը հրապարակեց հունվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանի հրդեհի կադրերը: Վերոհիշյալ լրատվամիջոցի YouTube-յան էջում տեսանյութը դրված էր առանց փոփոխությունների, որտեղ լսվում էին գոռգոռոցներ: Հեռուստաալիքի այդ հրապարակումն արժանացավ հասարակության խիստ դժգոհությանը, անգամ եղան մարդիկ, որ դիմեցին ՀՌԱՀ ալիքը փակելու համար:

Սակայն հունվարի 21-ին ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ եթերում ցուցադրվել է հրդեհի «համր» տեսանյութը, որտեղ չկան այրվող մարմիններ, դաժան կադրեր, ողբերգության բաց տեսարաններ: Օրենքով YouTube-յան հեռարձակումը ՀՌՀ կարգավորումից դուրս է:

Լրագրողների գործունեության խաթարման եւ անձնական վիրավորանքի փորձեր

Հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին հրաժարվել է պատասխանել ՊՆ բարձրաստիճան զինվորականությունը: ԳՇ պետը, ինչպես նաեւ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը բղավեցին տեղում աշխատող լրագրողների վրա: Հավելենք, որ բազմաթիվ են դեպքերը, երբ իշխող ՔՊ կուսակցության ներկայացուցիչները բավական կոպիտ են արձագանքում լրագրողների հարցերին:

-Հանրային հեռարձակման եթերից զրկելու վերաբերկալ «Երկիր Մեդիայի» հայցը վարույթ է ընդունվել, բայց միջնորդությունը՝ մերժվել։ Եթերը մինչեւ դատավարության ավարտն անջատված կմնա: Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում որոշում կայացվեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը զրկել հանրապետական սփռման արտոնագրից։

-Արձանագրենք, որ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի տարածքում դրոնից լուսանկարներ հաջողվեց անել միայն fip.am փաստերի ստուգման հարթակին, որը հրապարակեց՝ «Ազատ գյուղի «զորամասը» միակը չէ. ինչ պայմաններում են ծառայում սահմանապահ զինվորները» վերլուծական նյութը: Armlur, Factor, Mediahub լրատվամիջոցների լրագրողներ տեղից հրապարակեցին հարցազրույցներ:

-Հունվար ամսվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր չեն արձանագրվել:

 

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության ուղղությամբ 2022թ. իրականացրել է 51 ստուգում, որից 33-ը՝ ՀԷԿ-ում եւ ՓՀԷԿ-ում, 9-ը՝ ջրօգտագործողների ընկերությունում, 9-ը՝ ձկնաբուծարանում։

Տեսչական մարմնից  հայտնում են, որ տարեկան ծրագրով 2022թ. կատարողականը կազմում է 100%: Ավարտված 51 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 99 իրավախախտման դեպք։ Կայացվել է 80 վարչական տույժ նշանակելու մասին որոշում: Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 22.230.000 ՀՀ դրամ: Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 94.974.872 ՀՀ դրամ:

2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաեւ բացահայտվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության առկայության ապօրինի ջրառ իրականացնելու 12 դեպք, որոնց գործողությունն անմիջապես կասեցվել է (սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելուց հետո 2-ի կասեցումը հանվել է):

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐԺԸՆԹԱՑԸ

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022թ. ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։

Մասնավորապես, 2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։ Նշվածներից 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ եւ 126 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. հունվար ամիս: Դատարան ուղարկված վարույթներից՝

-9-ը եղել է սպանության,

-1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,

-3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,

-1-ը՝ մարդուն առեւանգելու,

– 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,

-2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու,

-5-ը՝ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու,

-25-ը՝ ֆիզիկական ներգործության,

-3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,

-1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու,

-3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,

-68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալներից 108-ը հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ: 125 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել, կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:




Լրահոս