ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի կողմից ներկայացված՝ Էկոլոգիական տեղեկատվության մասին նախագծերի փաթեթը քննադատության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծության վարչության կողմից: Նախ նշենք, որ այս նախագծերի փաթեթով պատգամավորն առաջարկում էր սահմանել «էկոլոգիական տեղեկատվություն» հասկացությունը, էկոլոգիական տեղեկատվության չափորոշիչների հասկացություններն ու ցանկը: Պատգամավորը նաեւ հիմնավորել է, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում այն էականորեն կնպաստի հասարակության տեղեկացվածության, իրազեկման մակարդակի բարձրացմանը, ինչն իր հերթին կարեւոր քայլ է հասարակության իրավագիտակցության բարձրացման համար, կապահովվի որոշումների կայացմանը հասարակության մասնակցության առավել գիտակից եւ կայուն հարթակ, կընդգծվի էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման համատեքստում պաշտոնական կայքերի, համացանցի, զանգվածային լրատվության եւ այլ նորարարական միջոցների օգտագործման կարեւորությունը, կներդրվեն էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման առավել գործուն մեխանիզմներ:

 

Եվ, ահա, այս նախագծերի փաթեթը ներկայացվել է փորձաքննության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծության վարչության կողմից: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության. նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշվում է, որ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 13-րդ հոդվածի 1-ին մասում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի, Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ էկոլոգիական փորձաքննության մասին» օրենքի կրճատ անվանումների հիշատակումներն առաջարկել են համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, այն է՝ «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»՝ հանելով օրենքների վերնագրերից հետո հիշատակված «Հայաստանի Հանրապետության» բառերը: Ընդհանուր առմամբ, փորձաքննության արդյունքում վրիպակներ են արձանագրվել, որոնք խոսում են պատգամավորի ներկայացրած աշխատանքի փնթի լինելու մասին: Եղել են էջեր, որոնք համարակալված են, եղել են էջեր, որոնք՝ ոչ, եւ առաջարկվում է նախագծում մեկ մասից բաղկացած հոդվածների համարակալման նկատմամբ դրսեւորել միասնական մոտեցում: Միեւնույն ժամանակ, նախագծի 1-ին գլխի համարը տեքստից առանձնացված չէ որեւէ կետադրական նշանով, նախագծի մյուս գլուխների համարները գլուխների տեքստից բաժանված են միջակետերով: Այստեղ եւս առաջարկվել է ապահովել Նախագծի գլուխների համարակալման միասնական մոտեցում:

Փորձագետները նկատել են, որ «էկոլոգիական տեղեկատվության կառավարում» հասկացությունը նախագծում այլեւս չի կիրառվում, միաժամանակ հասկացության սահմանումը եւ կիրառությունը բացակայում են նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքից: Քննարկվող կարգավորումից բխում է, որ էկոլոգիական տեղեկատվության պահպանման եւ համակարգման վրա տարածվում են Նախագծով նախատեսված կարգավորումները, սակայն հարկ է նկատել, որ այդ իրավահարաբերությունների վերաբերյալ ամբողջական եւ որոշակի կարգավորումներ նախագծով չեն նախատեսվում: Փորձաքննության մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսվում է, որ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը: Եվ ելնելով այս դիտարկումներից, նաեւ անհրաժեշտ են համարում կատարել խմբագրական փոփոխություններ:

Նրանք նկատել են, որ քննարկվող իրավակարգավորումից հնարավոր չէ միանշանակ կերպով հստակեցնել, թե որ դեպքերում է էկոլոգիական տեղեկատվություն տնօրինողը համարվում զարգացման եւ նորարարական ընդհանուր միտումներին հետեւելու եւ դրանք առավելագույնս կիրառելու իր պարտականություն կատարած, ինչը հնարավորություն կտար նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց որոշակիացնելու՝ արդյոք իրենց կողմից ստացված էկոլոգիական տեղեկատվությունը բավարարում է օրենքով սահմանված պահանջներին: Այլ խնդիրներ եւս արձանագրվել է, ընդհանուր առմամբ՝ 19 էջ: Եկել են այն եզրահանգման, որ նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ԵԽԽՎ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել ԵԽԽՎ պատվիրակությունը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը, Բորիանա Աբերգը եւ հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինը:

Պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել երեկ՝ փետրվարի 17-ին, եւ այստեղ կլինեն մինչեւ փետրվարի 20-ը:

 

 

 

 

ԿԳՈՐԾՈՒՂՎԵՆ ՎԻԵՆՆԱ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ փետրվարի 22-25-ը ԱԺ պատվիրակություն կգործուղվի Վիեննա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին եւ երիտասարդ պատգամավորների ցանցի աշխատանքային նիստին: Պատվիրակության կազմում են ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը, կկատարվի ՀՀ պետբյուջեի հաշվին:

 

 

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ ԿԱ, ՈՐՈՇՈՒՄԸ՝ ՈՉ

Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Մյունխենում է եւ անգամ ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ, սակայն նրա գլխավորած պատվիրակության այցի որոշումը ստորագրված եւ տեղադրված չէ։

Այս լուսանկարում երեւում է, որ երեկվա որոշումների մեջ պատվիրակություն Գերմանիա գործուղելու մասին որեւէ տվյալ չկա, հետեւաբար պաշտոնապես նաեւ հայտնի չէ, թե նա ում հետ է մեկնել Մյունխեն։ Մինչ այս միայն հայտնի էր, որ նրան ուղեկցելու է նաեւ Աննա Հակոբյանն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

 

 

 

 

ԳԵՏՆԱՆՑՈՒՄԸ ԹԵՔԱՀԱՐԹԱԿ ՉՈՒՆԻ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Երեկ Երեւանի կենտրոնում մեծ շուքով բացված Փակ շուկայի գետնանցումը չունի թեքահարթակ: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 4 հոգով կարմիր ժապավենը կտրելուց հետո ավետեց. «Փակ շուկայի գետնանցումը մի փոքր ուշացումով, բայց հիմնովին վերանորոգված հանձնեցինք շահագործման եւ երեւանցիների գնահատականին»:

Նորոգման արդյունքում ոչ միայն օրինազանցություն է գրանցվել, այլեւ մարդու իրավունքների ակնհայտ խախտում. ինչպե՞ս պետք է սահմանափակ կարողություններով մարդիկ, մանկասայլակով անցորդները օգտվեն գետնանցումից…

Այնպես որ, գնահատականը՝ անբավարար, այս ստուգարքն էլ չհանձնեցիք, Տիգրան Ավինյան»:

 




Լրահոս