ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԽԽՎ համազեկուցողներին ցույց են տվել քաղաքացիական գոտիներում կասետային զինամթերքի կիրառման ապացույցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողները՝ Ֆինլանդիայից Կիմմո Կիլյունենը և Շվեդիայից Բորիանա Օբերգը փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցից հետո հանդես են եկել իրավիճակի մասին հայտարարությամբ։ Նրանք դիտարկումներ են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ։

Իրենց զեկույցում համազեկուցողները նշում են, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ քայլեր, քանի որ այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատորեն դուրս գալ տարածաշրջանից, և, ինչպես նրանց տեղեկացրել են, 954-ը դեռևս արգելափակված են միջանցքի երկու կողմերում։

Մյուս խնդիրը, որի մասին խոսել են համազեկուցողները, տարածքի գազամատակարարման և էլեկտրամատակարարման կրկնվող խափանումներն են, որոնք հանգեցրել են բնակիչների իրավունքների լուրջ խախտումների. շատ մարդիկ արդեն կորցրել են իրենց աշխատանքը, իսկ երեխաները զրկվել են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակել:

Հղում է արվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմանը, որով Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արվում ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին արգելափակված այլ անձանց «Լաչինի միջանցքով» անվտանգ անցումը ապահովելու համար։ Նրանք նաև ի գիտություն են ընդունում Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որով ասվում է, որ «Ադրբեջանը (…) պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»:

Պարզ է դառնում, որ նրանք արձանագրել են Ջերմուկ քաղաքում և Սոթք գյուղի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքները։ Նրանք արձանագրել են, որ քաղաքացիական գոտիներում կասետային զինամթերքի կիրառման ապացույցներ են հավաքվել և պահվել հետագա փորձաքննության համար: Նրանց ցույց են տվել ադրբեջանական ռազմական դիրքերի առկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, երբեմն նաև վիճելի սահմաններից բավականին դուրս։

Զեկուցողները նաև ողջունել են սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը` նշելով նախորդ առաքելության զգալի շոշափելի ազդեցությունը լարվածության նվազեցման գործում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս