ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընթերցմամբ ընդունել է ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ատեստավորում անցնելու դեպքում հավելավճար սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացել է 63 կողմ, 27 ձեռնպահ ձայներ:
Նախագծի նպատակն է ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդրումը և դրա արդյունքում ավելի բարձր վարձատրություն նախատեսելը։
Մասնավորապես՝ նախատեսվում է ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական ծառայության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկել հավելավճար։
Առաջարկվող նախագծի համաձայն՝ ԱԱԾ ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվելու է կամավորության սկզբունքով, այնուհետև այն կլինի պարտադիր` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ։ Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում կրկին ատեստավորում անցնելու համար ծառայողը 1 տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա։ Ատեստավորում չանցած ծառայողները կզրկվեն հավելավճարից և կազատվեն զբաղեցրած պաշտոններից ու կանցնեն կադրերի ռեզերվ մինչև 2 ամիս ժամկետով: Այդ ընթացքում նրանց կառաջարկվի նախկինում զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր խմբի պաշտոն։
Նոր նշանակմանը չհամաձայնելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը կարձակվի ծառայությունից:
Ատեստավորման կարգը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:
Առաջարկվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորումն իրականացնել պարտադիրության սկզբունքով, ինչը կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծառայողների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը և պահպանմանը: