ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես խանութից թանկարժեք իր եմ գնել, բերել եմ տուն եւ տեսել, որ այն վնասված է: Տարա հետ վերադարձնելու, աշխատակիցները չվերցրին: Հետաքրքիր է իմանալ, եթե  դիմեմ  Հայաստանի սպառողների ասոցիացիա, ինձ կօգնե՞ն: Եւ դրա համար որոշակի գումար պիտի վճարե՞մ, թե՞ ոչ:

 Քրիստինե Հակոբյան, 27 տարեկան, ուսուցչուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք միշտ պատրաստ ենք քաղաքացիներին օգնելու եւ առաջացած խնդիրներով զբաղվելու այն մարմինների հետ, որոնք խախտել են սպառողների շահերը: Իսկ ընդհանրապես, վերջին քայլը դատարանն է, որտեղ եւս օգնում ենք: Մեզ մոտ անվճար է ամեն ինչ, եւ քաղաքացիներին օգնում ենք անվճար հիմունքներով: Վճարովի կարող է լինել, եթե արտակարգ երկարատեւ դատ է, եւ ծավալուն աշխատանք պետք է իրականացվի իրավաբանի կողմից: Մենք կօգնենք, եւ առաջին խնդիրը մեզ համար այն է, որ մարդն իրեն զգա քաղաքացի, այսինքն` ունենա արժանապատվություն եւ չթողնի, որ իրեն հալածեն: Առաջին քայլը մեզ դիմելն է, իհարկե, մենք բացառիկ չենք, այլ հասարակական կառույցներ էլ կան` Մարդու իրավունքների պաշտպան եւ այլն: Բայց եթե քաղաքացին ցանկանում է հենց մեզ դիմել, ուրեմն մեկ հեռախոսազանգը բավարար է, որ մեր ասոցիացիան սկսի խորապես զբաղվել այդ հարցով, մինչեւ ավարտին հասցնելը: Մի խոսքով, մենք միշտ բաց ենք եւ պատրաստ: Խնդիրներ առաջանալու դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել մեր գրասենյակի 561147  ծառայողական հեռախոսահամարով:

Հայաստանի սպառողների ասոցիացիայի
նախագահ Արմեն Պողոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանն այս առումով էլ է հազվագյուտ երկիր, քանի որ հայտնի չէ` աշխարհում էլի տեղեր կա՞ն, որտեղ խանութների պատերին գրված լինի «գնված ապրանքը հետ չի ընդունվում», այն դեպքում, երբ համապատասխան օրենքով քաղաքացին կարող է 14 օրվա ընթացքում ապրանքը ե՛ւ վերադարձնել, ե՛ւ փոխել:  Իսկ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի հասարակական կազմակերպությունները, բնականաբար, ի զորու չեն մեր քաղաքացիների` ամեն քայլափոխի ոտնահարվող իրավունքները պաշտպանել:




Լրահոս