ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 165

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրել։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե Ամուլսարի հանքը շուտով կշահագործվի։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո հենց նրա եւ թիմակիցների կողմից Ամուլսարի հանքի շահագործման մասին եղել են տարբեր եւ հակասական հայտարարություններ:  Հանքը պետք է աշխատեր դեռ 2018 թվականին, սակայն նույն իշխանությունը, ինչ-ինչ շահերից ելնելով, փակեց թեման։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե Սեւանա լիճը իր համար Ղարաբաղի հարցին հավասար թեմա է, եւ եթե անգամ մի թեթեւ վնաս է կրելու հանքի շահագործումից, ուրեմն հանքը չի բացվի։  Վերհիշենք նախորդ հայտարարությունները. 2018 թվականի հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց. «Ամուլսարի մասին ի՞նչ ենք ասում. մեզ պետք է փաստ եւ փաստարկ, որ Սեւանի համար այդտեղ վտանգներ չկան: Ասում են՝ չկա, հավատացե՛ք մեր խոսքին, փաստաթղթերին: Սեւանի հարցը Ղարաբաղի նման հարց է, չի կարելի ուղղակի փակ աչքերով գնալ այդտեղ»: Ներկայումս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2021 թվականի օգոստոսի 23-ին ասում էր. «Հանքարդյունաբերությունը չպետք է շարունակել երկրում, եւ նախկինում էլ այնպիսի հանքարդյունաբերություն, որ վնասում էր բնապահպանությանը եւ մեր բնակիչների առողջությանը, պետք է բերվեն միջազգային ստանդարտներին: Պետք է դադարեցնել եւ չսպասարկել զարգացած երկրների շահերը»:  Տարօրինակ է, թերեւս, ՔՊ-ական նախկին բնապահպան-ակտիվիստների քար լռությունը, որոնք Սերժ Սարգսյանի օրոք առիթը բաց չէին թողնում խոսելու հանքի շահագործման վտանգների մասին: Նույն Լենա Նազարյանը, որ դեռեւս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ պայքարում էր հանքի շահագործման դեմ, բնապահպանական ակցիաների էր մասնակցում, ճանապարհներ էր փակում, խոսում էր հանքի շահագործման վտանգավոր ռիսկերի մասին, հիմա, սակայն, տարօրինակ կերպով լռում է:

 

 

 

 

«Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում նշանակել եմ իմ որոշմամբ ու առաջարկն արել եմ իմ նախաձեռնությամբ… Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը՝ Արցախը զարգացնելու եւ առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս եւ պետության (առանց փակագծեր բացելու)՝ բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»,- երեկ իր սպասված ուղերձում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունից Արցախ մշտական բնակության տեղափոխված Ռուբեն Վարդանյանը գրանցված է Արայիկ Հարությունյանի՝ Ստեփանակերտի տան վրա, եւ նրանք իրապես ունեցել են ջերմ հարաբերություններ մինչեւ պետնախարարի պաշտոնի ստանձնումը: Երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց պետնախարար, նրա թիմակիցները ակնհայտորեն սկսեցին աշխատել Արայիկ Հարությունյանի դեմ: Նրանցից է հատկապես Մեսրոպ  Առաքելյանը, որն «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրն է եւ Ռուբեն Վարդանյանի թիմում համակարգում է տեղեկատվական ոլորտը: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Արցախի իշխանության, պետական գործիչների դեմ տարաբնույթ լրատվական հարձակումները կազմակերպվում են Առաքելյանի միջոցով, եւ թեեւ երեկվա ուղերձում Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ էլի շեշտել էր, որ Վարդանյանն իր ընկերն է եւ շարունակում է մնալ, բայց, միեւնույնն է, ե՛ւ Արցախի նախագահի, ե՛ւ նոր նշանակվող պետնախարար, Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի եւ էլի շատերի դեմ արշավը փաստացի համակարգվում է նույն Վարդանյանի առաքելյանական թիմի կողմից:

 

 

 

 

ՄԻՊ թեկնածուի առաջադրման հարցը շարունակում է գլխացավանք մնալ իշխող խմբակցության համար: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝  պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի: «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ եթե սահմանված 10-օրյա ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ էլի տասնօրյա ժամկետում, պետք է առաջադրում լինի. դարձյալ տասնօրյա ժամկետ է սահմանվում. մինչեւ 3-րդ ամսվա վերջին օրը պետք է արդեն օմբուդսմենն ընտրված լինի: ԱԺ հանձաժողովից տեղեկացանք, որ առաջադրման երրորդ տասնօրյակն է լրանում, սակայն թեկնածու այդպես էլ չի նշմարվում. ո՛չ իշխող ֆրակցիան, ո՛չ էլ ընդդիմությունը  թեկնածու չեն գտնում: ՔՊ-ականները դժգոհում են, թե ում առաջարկում են առաջադրվել այդ պաշտոնում, չի ցանկանում: Ընդդիմությունն էլ թեկնածու չի առաջադրում, քանի որ վստահ է՝ ում էլ առաջադրեն, միեւնույնն է, իշխող ֆրակցիան չի ընտրելու: Ստացվում է՝ իշխող ֆրակցիան ո՛չ ինքն ունի թեկնածու, ո՛չ էլ ցանկանում է ընդդիմության թեկնածուի շուրջ համաձայնության գալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները խմբակցության նիստերից մեկի ժամանակ տեսակետ են գեներացրել, որ թեկնածու չգտնելու դեպքում մտադիր են ՄԻՊ թեկնածու առաջադրել հենց իրենց խմբակցության պատգամավորներից մեկին. հակված են՝ կին թեկնածու լինի: Թեեւ ՔՊ-ականները իրենք էլ դեմ են այս պաշտոնում առաջադրվելու գաղափարին (քանի որ ՄԻՊ-ը պետք է լինի անկուսակցական), սակայն ասում են, որ եթե Նիկոլ Փաշինյանն ասաց, չեն կարող հակադրվել:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր կգա Հայաստան: Մեր տեղեկություններով՝ նա հանդիպում կունենա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Նշենք, որ վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր եկել մեկ ամիս առաջ՝ հունվարի 23-ին: Նա այդ ժամանակ գրառում էր կատարել եւ ասել. «Մեկօրյա հանդիպումներով՝ վերադարձ Երեւան։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, եւ պետք է շտապ լուծումներ գտնել»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ Հայաստանի այցի նպատակներից են նաեւ (բացի Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելուց) ԵՄ  առաքելության հետ կապված հարցերը: Ինչպես հայտնի է,  փետրվարի 21-ին ԵՄ-ն պաշտոնապես հայտարարել է Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկի մասին։  Եմ առաքելության կենտրոնակայանը Եղեգնաձորում է: ԵՄ դիտորդական առաքելությունը կազմված է 100 դիտորդից:

 

 




Լրահոս