Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է օտարերկրյա գործակալների մասին օրինագծերը:
Նշենք, որ փետրվարին Վրաստանի խորհրդարանում գրանցել են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի երկու տարբերակ՝ վրացական տարբերակը և ամերիկյան տարբերակը: Օրինագիծը հարուցել Է ինչպես ընդդիմության, այնպես էլ արևմտյան քաղաքական գործիչների խիստ քննադատությունը՝ օրենսդրության մեջ օտարերկրյա գործակալ հասկացության ներառման պատճառով։ Դրսում ևս բողոքի ակցիաներ են:
Ինչպես նշեցինք, փաստաթուղթն ունի երկու տարբերակ՝ վրացական և ամերիկյան: Օրենքի նախագծի համաձայն՝ Վրաստանի արդարադատության նախարարությանն ուղղված գրավոր դիմումը, որը պարունակում է կոնկրետ ցուցումներ, որ տվյալ անձը օտարերկրյա ազդեցության գործակալ է, կարող է լինել մոնիտորինգ սկսելու պատճառ՝ օտարերկրյա գործակալին հայտնաբերելու նպատակով։
Փաստաթղթի համաձայն՝ օտարերկրյա գործակալ կարող են լինել նաև զանգվածային լրատվամիջոցները: Ըստ այդմ, արտասահմանյան ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական անձինք և լրատվամիջոցներ, որոնց եկամտի ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ֆինանսավորումն է ապահովում: Օտարերկրյա գործակալները պարտավոր են հայտարարագրել իրենց ֆինանսավորման աղբյուրը, պահանջը խախտելու դեպքում օրենքով սահմանված է մինչև 9500 դոլարի չափով տուգանք։ Նշենք, որ նախագծի հեղինակը «Ժողովրդի իշխանություն» շարժումն է, որը հայտնի է իր հակաարևմտյան հռետորաբանությամբ և հենց նրանք են նախաձեռնել խորհրդարանում արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագիծը:
Այս պահին խորհրդարանի դիմաց նաև բողոքի ակցիա է ընթանում: «Նպատակն է ամոթի միջանցքով տանել այն պատգամավորներին, ովքեր պաշտպանում են ռուսական օրենքը իրավական հանձնաժողովի նիստում: Նրանք պետք է իմանան, որ Վրաստանում չեն կարողանա ընդունել ռուսական օրենքը։ Մենք պետք է նրանց ցույց տանք, որ նրանք չեն կարող հանգիստ խղճով շրջել Վրաստանում։ Հանրահավաքում ելույթներ չեն լինելու. Խնդրում եմ, ով գալիս է հանրահավաքին, ձեր սուլոցները ձեզ հետ տարեք, որպեսզի մեր ձայնը լսելի լինի այն պատգամավորներին, ովքեր պաշտպանում են ռուսական օրենքը»,- ասված է հանրահավաքի կազմակերպիչների հայտարարության մեջ։
Հավելենք, որ այս օրենքի ընդունումը քննադատության է ենթարկվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արևմտյան գործընկերների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ԵԽ-ի կողմից, նրանք կոչ են անում չընդունել այն։
Ավելին, ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ օրինագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու համար:
Նաիրա Հովհաննիսյան
Վրաստան