ՀՀ-ում խոչընդոտում են ակտիվները գրանցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փեսայի ընկերության անունով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրողների իրավունքները խախտվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր միջազգային սկանդալ է հասունանում, որը կարող է ՀՀ վարկանիշի վրա խիստ բացասական ազդեցություն ունենալ: Ինչի՞ մասին է խոսքը: Հայաստանում, որպես օտարերկրյա ներդրող, գրանցված են «ԶՌԼ ԲԵՏԱԼԻԳՈՒՆԳՍ ԱԳ»-ի իրավունքները «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ի անվանական բաժնետոմսերով: Ընկերության իրավունքները ֆիքսված են նաեւ ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 01.02.2003թ.-ի միջազգային համաձայնագրով: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, ահազանգ է ստացել՝ առ այն, որ «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շարունակաբար խախտվում են «ԶՌԼ ԲԵՏԱԼԻԳՈՒՆԳՍ ԱԳ»-ի՝ որպես օտարերկրյա ներդրողի իրավունքները, որոնք փաստացի հանգեցնում են սեփականազրկման, ինչը միջազգային համաձայնագրի 5-րդ հոդվածով սահմանված սեփականության երաշխիքի իրավունք է: Պարզվում է՝ «ԶՌԼ ԲԵՏԱԼԻԳՈՒՆԳՍ ԱԳ» ընկերությունը, 2016 թ.-ից սկսած, փորձում է օգտվել իրեն սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի տնօրինման իրավունքից՝ օտարելով ու փոխանցելով բաժնետոմսերը՝ հօգուտ Ղազախստանում գրանցված «ԲՏԱ բանկ» բաժնետիրական ընկերության, սակայն տարաբնույթ անհիմն պատճառաբանություններով նշված գործարքը չի գրանցվում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, ավելին՝ նույնիսկ չի ակտիվացվում «ԶՌԼ ԲԵՏԱԼԻԳՈՒՆԳՍ ԱԳ» ընկերության արժեթղթերի հաշիվը: Նման պայմաններում օտարերկրյա ներդրող հանդիսացող «ԶՌԼ ԲԵՏԱԼԻԳՈՒՆԳՍ ԱԳ» ընկերության իրավունքները կոպտորեն խախտվում են, ինչի մասին բազմիցս տեղեկացվել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկը, սակայն մինչ օրս որեւէ գործընթաց չի իրականացվել, չի ստուգվել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի՝ կենտրոնացված պահառուի, կենտրոնացված ռեեստրավարի, արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորի գործառույթների պատշաճ իրականացումը, չի իրականացվել վարչական վարույթ կամ ստուգում: Դժգոհություն կա՝ առ այն, որ նախկին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի միջամտությամբ «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ի օգտին կայացվել են մի շարք անօրինական դատական ակտեր՝ խախտելով օտարերկրյա ներդրողի իրավական պաշտպանությունը եւ անվտանգությունը: Օտարերկրյա ներդրողի օրինական պահանջն է ապահովել արժեթղթերի հաշվի ակտիվացումը եւ միջազգային պայմանագրով երաշխավորված ընկերությանը պատկանող բաժնետոմսերի սեփականության իրավունքի պաշտպանությունը եւ տնօրինումը: Հիշեցնենք, որ «ԲՏԱ» բանկը Ղազախստանում պատկանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի փեսային: Շարունակելի…
Այն, որ Նիկոլ Փաշինյանը սովոր է խաբելու եւ մանիպուլացնելու, գաղտնիք չէ ոչ մեկի համար: «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հրապարակել է, թե որ դեպքերում են նրա հայտարարությունները հակասել միմյանց: Այդպես է եղել նաեւ արցախյան 44-օրյա պատերազմի թեմայով: Նա 2020 թվականին պարբերաբար մանիպուլացրել է նաեւ Արցախում գտնվող զինվորների թիվը: Նոյեմբերի 9-ի գիշերը՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, թաքնված ելույթ ունենալիս նա ասում էր, որ եթե հողերը չհանձներ, մեր 25 հազար զինվորները կկոտորվեին։ Հետո Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց՝ եթե հողերը չհանձներ, 20 հազար զինվոր կզոհվեր, եւ ինքն այդքանի կյանք փրկել է: Նոյեմբերի 16-ին խոսեց 30 հազար թվի մասին՝ դրանից ժամեր հետո խորհրդարանում ասելով, որ թիվը 35 հազար է եղել: Թերեւս պատճառն այն է, որ այս թեմայով նա այլեւս չի կարողանում համոզել, արդարանալ եւ ամեն անգամ ստիպված է է՛լ ավելի մեծ թիվ հորինել։
«Ես աշխատելու եմ այստեղ, մնալու եմ ձեր կողքին: Շնորհակալություն, պարո՛ն նախագահ, ամեն ինչի համար, չնայած իսկապես մենք ունենք տարաձայնություններ տարբեր մոտեցումներում, բայց ընդհանուր գաղափարը, որ մենք ունենք, կարմիր գծեր, որ ոչ մեկին չի կարելի անցնել դրանք». սրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերն են, որոնք նա ասել է Արցախի կառավարության նիստի ժամանակ: Այդ օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց Վարդանյանին պաշտոնից ազատելու իր որոշման մասին: Եվ, ահա, Վարդանյանի՝ Արցախում մնալու մասին հայտարարությունը շատերի կողմից դիտվեց բացառիկ հերոսություն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում մնալու Վարդանյանի պատճառները բոլորովին այլ են. դեռ նախորդ տարվանից էր պարզ, որ Արցախում պաշտոն ստանալուց հետո Ռուբեն Վարդանյանը Հայաստան չի գալու: Բանն այն է՝ ըստ Արցախում տարածված լուրերի՝ Ռուբեն Վարդանյանը Արցախի պետնախարար դառնալու ժամանակ միջնորդավորված ձեւով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի՝ Ռուբեն Վարդանյանը չպետք է հաստատվի Հայաստանում, մասնակցի քաղաքական գործընթացներին եւ չպետք է հավակնի որեւէ պաշտոնի: Ահա այս պատճառով էլ անգամ պաշտոնից ազատվելուց հետո նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կշարունակի բնակվել Արցախում:
ՔՊ խմբակցության պատգամավորները հաջորդ շաբաթ կհավաքվեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի երեկոյան նախատեսվում է ՔՊ խմբակցության փակ նիստը ԱԺ-ում: Տեղեկացանք, որ նիստի օրակարգում լինելու է ՄԻՊ թեկնածուի հարցը: Ինչպես արդեն գրել ենք, ՔՊ-ականների համար իսկական «պատիժ» է դարձել այդ հարցը. մի կողմից՝ ուզում են այս պաշտոնում իսկապես պրոֆեսիոնալ թեկնածու առաջադրել, մյուս կողմից էլ՝ բոլոր այն մասնագետներին, ում առաջարկում են իրենք, հրաժարվում են առաջադրվել, ուստի ՔՊ-ականները մտադիր են այդ օրվա նիստում վերջնական համաձայնության գալ ՄԻՊ-ի մասով: Հնարավոր է՝ արդեն հենց իրենց խմբակցության պատգամավորներից որեւէ մեկին առաջադրեն: Բացի այս հարցից, քննարկվելու են երեքշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված հարցերը: Նկատենք, որ ԱԺ այս նստաշրջանի օրակարգում դեռ ընդգրկված է ընդամենը 7 հարց, ուստի նստաշրջանը կարճ կտեւի՝ հաշվի առնելով նաեւ, որ ՔՊ-ականները գրեթե բոլոր նախագծերը իրենցով ընդունում են, առանց բովանդակային լուրջ քննարկման: