Այսօր լրացավ 2008 թվականի արյունալի մարտի 1-ի սպանությունների 15-րդ տարելիցը: Երեւանի կենտրոնում գնդակահարված քաղաքացիների սպանությունները առ այսօր բացահայտված չեն, թեեւ Նիկոլ Փաշինյանը վաղուց խոստացել էր բացահայտել «ուչաստկովիի մակարդակի գործը»: 2018 սեպտեմբերի 11-ին, երբ հայտնի գաղտնալսման օրը ՀՔԾ-ի՝ այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ԱԱԾ տնօրենի հետ հրավիրել էր մամուլի ասուլիս, ամենայն լրջությամբ հայտարարեց. «Հստակ ապացույցներ ունենք, որ հատուկ ջոկատայինների կողմից է սպանվել, երբ արդեն մտցրել էր Քոչարյանը արտակարգ դրություն, բայց որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար… Մեր վերսիան է՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վնասվածք է հասցվել, որ Քոչարյանի խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվեն: Այս փաստը հիմնավորված է նախաքննության տվյալներով»: Առ այսօր այդ հիմնավորման մասին ոչինչ չգիտի հանրությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանը ՍԴ դատավճռով ամբողջությամբ մաքրագործվել է մարտի 1-ին առնչվող բոլոր մեղադրանքներով. ՍԴ-ն համարեց, որ առաջադրված հոդվածը եղել է ապօրինի: Սա միակ ապտակը չէր, որ հասցվեց Սասուն Խաչատրյանին: Նա իր պաշտոնավարման ընթացքում միշտ, հատկապես՝ «Մարտի 1»-ի գործով արել է տարբեր հայտարարություններ, որոնք, հետագայում պարզվել են, սուտ էին կամ չհիմնավորված: Որպես օրինակ՝ այդ ասուլիսից մեկ այլ դրվագ հիշենք. «ՀՀ ՊՆ պահեստից համազգեստներ են բաժանվել օլիգարխների թիկազորներին. ում, ինչի համար՝ այս պահին չեմ ասի: Քննության ավարտին կտեղեկանաք»- հայտարարեց Սասուն Խաչատրյանը: Այս օրվանից անցել է 5 տարի, սակայն Սասուն Խաչատրյանը չի հայտարարել, թե ովքեր էին այդ օլիգարխները, որոնք իրենց թիկնազորին հագցրել էին համազգեստ եւ բաց թողել ժողովրդի մեջ: Ավելին՝ այդ օլիգարխներից որոշների հետ ուժային կառույցների շատ ղեկավարներ տարբեր պետական միջոցառումների են մասնակցել: Վերջում հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ո՛չ Սասուն Խաչատրյանը, ո՛չ նախկին դատախազ Արթուր Դավթյանը, ո՛չ էլ գործող դատախազ Աննա Վարդպետյանը «Մարտի 1»-ի գործով որեւէ սպանություն չեն բացահայտել մինչ օրս: Որեւէ մարդասպան չհայտնվեց ճաղերի հետեւում: Թեեւ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները փորձում են մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձան տեղադրել, բայց պետք է ընդգծել, որ Փաշինյանը իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման, այլ ոչ թե այդ առիթով արձան տեղադրելու խոստումով:
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթեւեկում է օպերատիվ համարանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է Քոչարյանին խորհրդարան աշխատանքի գալիս ինչ-որ կասկածելի խառը համարանիշի համարանիշներով ԱԺ ծառայողական ավտոմեքենայով: Դրանք ամենեւին ԱԺ բալանսում գտնվող համարանիշներ չեն. պարզվեց՝ այլ ուժայիններին են պատկանում: Պարզվում է՝ այն օպերատիվ պետհամարանիշ է, որը ենթադրում է անխափան երթեւեկություն, այսինքն՝ վարորդը կարող է ավտոմեքենան արագ վարել, հոծ գիծ հատել, երկրորդ շարքով կանգնել եւ այլն, բայց չտուգանվել, քանի որ տեսախցիկներն օպերատիվ պետհամարանիշների խախտումները չեն գրանցում, այլ դրանք հիմնավորում են իբրեւ ծառայողական անհրաժեշտություն: Ստացվում է՝ Անդրանիկ Քոչարյանն իրեն արտոնյալի կարգավիճակ է վերապահել, հատուկ պետհամարանիշով մեքենայով է շրջում, որպեսզի պատասխանատվության չենթարկվի: Ի դեպ, պատգամավորին օպերատիվ համարանիշ ունենալու իրավունք տրված չէ. այն ունենալու իրավունք ունեն միայն օպերատիվ աշխատողները՝ ոստիկաններ, քննիչներ, ԱԱԾ աշխատակիցներ եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ով է տրամադրել օպերատիվ պետհամարանիշները իրեն, սակայն պատգամավորը հերքեց «անհերքելին»՝ ասելով, թե չունի օպերատիվ համարանիշ: Հիշեցնենք, որ նախկինում, երբ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, կամ այլ օդիոզ դեմքեր ՊՆ համարանիշներով էին շրջում, Նիկոլ Փաշինյանն ու հեղափոխական թիմը կոկորդ էին պատռում, թե արտոնյալներ չպիտի լինեն: Հիմա հարց՝ ո՞վ, ինչո՞ւ եւ ո՞ւմ միջնորդությամբ է Անդրանիկ Քոչարյանին «չնկարվող» համարներ տրամադրել: «Ժողովուրդ» օրաթերթը սա պարզելու համար գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանություն, որտեղից դեռ չեն պատասխանել մեր հարցմանը: Ոստիկանության պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք, միայն հավելենք, որ որեւէ օրենքով նախատեսված չէ, որ պատգամավորը կարող է օպերատիվ համարանիշներ ունենալ. դա օրինախախտում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորներից էլի կան մի քանիսը, որոնք երթեւեկում են օպերատիվ համարանիշներով. նրանց կանդրադառնանք առաջիկայում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պահանջել է «Մարտի 1»-ի գործը Հակակոռուպցիոն կոմիտեից վերցնել եւ դնել իր սեղանին, որպեսզի այսուհետ հենց ինքը զբաղվի այս գործով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ այս առիթով Գլխավոր դատախազությունից, որտեղից, ի պատասխան մեր հարցադրմանը, գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Մոտ տասն օր առաջ գլխավոր դատախազը գործը զեկուցելու հանձնարարական է տվել»: Նկատենք՝ մարտի մեկի ողբերգական իրադարձությունների 15-րդ տարին է լրանում այսօր: 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի տված՝ «Մարտի 1»-ը բացահայտելու խոստումը չի կատարվել, չնայած նա տարբեր առիթներով շարունակում է ասել, թե այն բացահայտված է համարում: 2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարել էր. «Դուք բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները: Մենք կարող ենք ասել, որ «Մարտի 1»-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»: Այս հայտարարությունից՝ գրեթե 5, եւ մարտի 1-ի դեպքերից 15 տարի անց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարտի 1-ի օրը զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հայտնեց. «Մինչեւ հիմա «Մարտի 1»-ը բացահայտված չէ, բայց քանի որ ունենք նոր դատախազ, հույս ունեմ, որ կբացահայտվի»: Ստացվում է, որ զոհերի հարազատները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին արդեն չեն վստահում եւ հույսը դրել են նոր դատախազի վրա:
«Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող օբյեկտները դարձել են պետական գերատեսչությունների սիրելի վայրերը: Բանն այն է, որ ներկայացուցչական ծախսեր, այսինքն՝ պատվիրակության համար ճաշը կամ ընթրիքը պետական գերատեսչություններից շատերը կազմակերպում են հենց այս ընկերության կողմից շահագործվող օբյեկտներում: Օրինակ՝ Պետական եկամուտների կոմիտեն այս ընկերության հետ պայմանագիր է կնքել 123 հազար դրամի չափով, որի շրջանակում պաշտոնական ճաշ է կազմակերպել 10 անձի համար: Մեկ անգամ էլ Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպել է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննության ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի գլխավորած պատվիրակության համար հյուրասիրություն՝ 125 հազար դրամի չափով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այնտեղ կազմակերպվել է ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում աշխատաժողովի համար Հայաստան ժամանած անձանց պաշտոնական ճաշը: Այս պայմանագիրը կնքվել է փետրվարի 16-ին: Ազգային ժողովն էլ փետրվարի 9-ին 15 միլիոն դրամի մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքած եղել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Այդ գումարով նրանք մի քանի ռեստորաններում են հաշիվ փակած եղել, եւ այդ բոլոր ռեստորաններն էլ պատկանել են նույն ՍՊԸ-ին: