ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաագայի միջազգային դատարանը դեռեւս փետրվարի 22-ին իր վճռով պարտավորեցրել էր Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, սակայն Ադրբեջանն անտեսում է դատարանի վճիռը, հրաժարվում է կատարել այն, ավելին՝ նոր սադրանքների է դիմում Արցախում:

 

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ:

 

-Տիկի՛ն Սահակյան, եթե Ադրբեջանը շարունակի անտեսել դատարանի վճիռը, ի՞նչ գործիքակազմ ունի դատարանը, կարո՞ղ է արդյոք պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

 

-Դատարանն իր որոշումների մասին տեղյակ է պահում Անվտանգության խորհրդին, դատարանի որոշումների մասին տեղեկացվում են ՄԱԿ-ի մյուս հիմնական մարմինները, դրա շրջանակներում գործող այլ կառույցներ եւ տարածաշրջանային կառույցները:

 

Դատական ակտերը չկատարելու համար քննարկումներ են ծավալում տարբեր մարմիններում. հասցեատերն այս դեպքում Անվտանգության խորհուրդն է, որտեղ կարող են բանաձեւեր ընդունվել: Այդ բանաձեւերը կարող են առնչվել պատժամիջոցների կիրառմանը, կարող են իրենց մեջ քաղաքական կոչեր պարունակել կամ էլ տնտեսական պատժամիջոցների կիրառմանն առնչվել: Այսինքն՝ նման մեխանիզմներ եւ հնարավորություններ կան, իսկ դրանց գործարկման արդյունքում մեծամասամբ կայացվում են քաղաքական որոշումներ: Իրավական որոշումների կայացման փուլն ավարտվել է. մենք կարող ենք հաջողության հասնել, եթե քաղաքական ատյաններում դիվանագիտական աշխատանքի շնորհիվ կարողանանք հասնել քաղաքական որոշումների կայացմանը:

 

Եթե այդ որոշումները կայացվեն, ապա իրավիճակը կշտկվի: Իսկ թե որքանով է հնարավոր աշխարհաքաղաքական բախումների այս փուլում արագ կերպով հասնել հայանպաստ որոշումների կայացմանը, խնդիր է: Ես տեսնում եմ աջակցություն, բայց, միեւնույն ժամանակ, չեմ կարծում, որ միջազգային հանրությունը հակված է լինելու կոշտ գործիքներով խոսել Ադրբեջանի հետ. նախնական գնահատականները լինելու են կոչերի տեսքով: Եթե որոշ ժամանակ անց իրավիճակի շտկում չլինի, նոր կփորձեն կոշտացնել գործիքակազմը: Այս պահին ես միջազգային հանրության մոտ չեմ տեսնում մեծ պատրաստակամություն՝ պատժամիջոցներ կիրառելու:

 

Ինձ համար սա նաեւ բացատրելի է. որպես կանոն, միջազգային քաղաքական կառույցները զերծ են մնում պետության հանդեպ պատժամիջոցներ կիրառելուց, եթե սպառված չէ երկխոսության ձեւաչափը: Քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն ուղիղ կամ անուղղակի մեթոդներով երկխոսում են, եւ այս երկխոսությունը համարում են կենսունակ քաղաքական օրակարգի սուր հարցեր քննարկելու համար, միջազգային հանրությունը զերծ է մնալու պատժամիջոցների կիրառումից կամ էլ այնպիսի խիստ քաղաքական որոշումներ կայացնելուց, որի միակ հասցեատերը կլինի Ադրբեջանը:

 

Բանակցությունների եւ երկխոսության գոյությունը բացառում է պատժամիջոցների կիրառման նպատակահարմարությունը: Քանի դեռ ՀՀ-ն լեգիտիմացնում է Ադբեջանի հետ երկխոսությունը եւ այդ երկխոսության ճանապարհով հարցերի լուծման ուղի է տեսնում, քաղաքականապես ոչ նպատակահարմար է գնահատվելու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է վերաիմաստավորեն այս գործընթացը:

 

-Ստացվում է՝ Ադրբեջանի հետ երկխոսությո՞ւնն է խոչընդոտում, որպեսզի նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն:

 

-Կարծում եմ՝ այո: Սրա մասին անթաքույց խոսում են նաեւ միջազգային պաշտոնյաները: ԵՄ-ն տարբեր գործիքակազմերով է աշխատում երկրների հետ, իսկ պատժամիջոցներն այդ գործիքակազմերից մեկն են: ԵՄ-ն կարծում է, որ քաղաքական երկխոսության միջոցով կարող է հարցեր կարգավորել: Քանի որ, մեր եվրոպացի գործընկերների պատկերացմամբ, կա երկխոսություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, որը կենսունակ է, այս փուլում բացատրություն չունի ավելի կոշտ գործիքակազմի ընտրությունը, եւ քանի դեռ երկխոսությունը չի սպառվել, միջազգային հանրությունը չի գնահատում պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, ավելին՝ մեծ սպասումներ ունեն, որ երկխոսությունը կարող է դրական արդյունք տալ:

 

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ԱՆԿԱՏԱՐ ԵՆ ԹՈՂԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ադրբեջանը 12 օր անկատար է թողել Արդարադատության միջազգային դատարանի պահանջը. հրատապ դիմել եմ Հայաստանում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների (ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, ՌԴ, Մեծ Բրիտանիա) դեսպաններին. նրանք պետք է միջոցներ ձեռնարկեն։

Արդարադատության միջազգային դատարանը 2023թ. փետրվարի 22-ին հրապարակեց միջանկյալ որոշում՝ պարտավորեցնելով Ադրբեջանին մինչեւ «Հայաստանը՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

 

ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի որոշումից 12 օր անց Ադրբեջանը շարունակում է չկատարել դատարանի պահանջը։ Ավելին՝ Ադրբեջանը նոր ագրեսիա է իրականացրել արդեն 85 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում. երեկ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել եւ կրակ է բացել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, որի հետեւանքով զոհվել է Արցախի ոստիկանության 3 ծառայող։

 

Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 59-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի որոշումը պարտադիր է միայն գործին մասնակցող կողմերի համար եւ միայն տվյալ գործով: Կանոնադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ հաշվի առնելով Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացման մասով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերահսկողական հնարավորությունները՝ դիմել եմ Հայաստանում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետությունների դեսպաններին, խնդրել եմ հրապարակային կերպով արձագանքել, ցուցաբերել հետեւողականություն եւ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետություններին ներկայացնել մեր մտահոգությունները՝ նպատակ հետապնդելով հասնել դատարանի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու որոշման կատարմանը։

 

Միաժամանակ խնդրել եմ գնահատական՝ երեկ Ադրբեջանի կողմից իրականացված հերթական ահաբեկչության վերաբերյալ, որի հետեւանքով հայկական կողմից ունենք զոհեր։

 

Հ.Գ. Մինչ այսօր միայն Ֆրանսիայի Հանրապետությունն է անդրադարձել Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման կատարման անհրաժեշտությանը՝ հանդես գալով հատուկ կոչով»:

 

 

 

 

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ՝ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻ՞Ն

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած  պատվիրակությունը մարտի 2-3-ը աշխատանքային այցով  մեկնել էր Գերմանիա: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել են իր տիկինը՝ Աննա Հակոբյանը, եւ դուստրը: Բացի Աննա Հակոբյանից, Գերմանիա պատվիրակության կազմում մեկնել է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը: Թե ինչու են աշխատանքային այցով արտերկիր մեկնող վարչապետի հետ պետբյուջեի հաշվին գործուղման գնում նաեւ իր ընտանիքի անդամները, մինչ օրս որեւէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել։ Վարչապետի տիկինը թերեւս մեկ անգամ տվել է «սպառիչ ու համոզիչ» պատասխան այս հարցին. նա սիրում է իր ամուսնուն եւ ցանկանում  է ամենուր ուղեկցել նրան. միեւնույնն է, ինքնաթիռը դատարկ թռչում է…

 

Գերմանիա այցի դեպքում մեկ այլ հարց էլ է ծագում՝ ինչո՞ւ են  վարչապետին ուղեկցում պատգամավորները: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով վարչապետի մինչ այս կատարած արտերկրյա այցերը, նկատեց, որ սովորաբար  Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կամ էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Թե ինչու են Գերմանիա կատարած վերջին այցի ընթացքում վարչապետին ուղեկցում պատգամավորները, անհասկանալի է. եթե Սարգիս Խանդանյանի դեպքում, որպես «արդարացում», կարելի է ընդունել, որ վերջինս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, ապա մյուս պատգամավորի՝ Լիլիթ Կիրակոսյանի դեպքում մեկնումը կարելի է համարել զուտ էքսկուրսիա՝ պետբյուջեի հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց նաեւ, որ ՔՊ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը առանձնապես ակտիվ էլ չի եղել այս աշխատանքային այցի ժամանակ, գրեթե որեւէ հանդիպման չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Լիլիթ Կիրակոսյանի հետ՝ հետաքրքրվելու՝ ինչու էր վարչապետի հետ մեկնել Գերմանիա, ի վերջո, ինչ քննարկումների է մասնակցել, սակայն պատգամավորը, մեր հարցերին ի պատասխան, ընդամենը ասաց, թե այցի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակված է մամուլում, ինքն ավելացնելու բան չունի:

 

 

 

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՍՈՎ

 

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկությունների  համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ոստիկանության, Պարեկային  ծառայության պետ  չի  կարողանում  գտնել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ փնտրում են համակարգից  մեկին, որն ի  վիճակի կլինի  ծառայությունը վերահսկելու եւ  կանոնակարգելու, իրական բարեփոխումներով առաջ տանելու։ Նշենք, որ  փետրվարի  16-ին   ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Նրան ազատեցին, երբ մի խումբ պարեկներ տեւական ժամանակ չէին կարողանում Հանրապետության հրապարակի մայթերին անկանոն եւ վտանգավոր պտույտներ անող «Համերին» կանգնեցնել. երբ հաջողվեց, վարորդն արդեն փախուստի էր դիմել։ Երիտասարդը ձերբակալվեց որոշ ժամանակ անց ու կալանավորվեց։ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում մշտապես անդրադարձել է կադրային խնդիրներին. չկան փոխնախարարներ, պաշտոնները ամիսներով, տարիներով թափուր են: Այժմ Հայաստանում չկա նաեւ Մարդու իրավունքների պաշտպան, եւ արդեն մեկ ամիս է, ինչ ՔՊ-ն չի կարողանում թեկնածու գտնել։ Նաեւ սա է պատճառը  որ հաճախ մի պաշտոնյային հանում եւ մեկ այլ տեղ պաշտոնի են նորից նշանակում։

 

 

 




Լրահոս