ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստում երեկ քննարկվեց օտարերկրյա գործակալների մասին օրինագծերը: Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստում օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի քննարկման ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ: Ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը հեռացվեցին նիստից:

Նշենք, որ փետրվարին Վրաստանի խորհրդարանում գրանցել են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի երկու տարբերակ՝ վրացական տարբերակը եւ ամերիկյան տարբերակը: Օրինագիծը հարուցել Է ինչպես ընդդիմության, այնպես էլ արեւմտյան քաղաքական գործիչների խիստ քննադատությունը օրենսդրության մեջ օտարերկրյա գործակալ հասկացության ներառման պատճառով։

Դրսում եւս բողոքի ակցիաներ են:

Ինչպես նշեցինք, փաստաթուղթն ունի երկու տարբերակ՝ վրացական եւ ամերիկյան: Օրենքի նախագծի համաձայն՝ Վրաստանի արդարադատության նախարարությանն ուղղված գրավոր դիմումը, որը պարունակում է կոնկրետ ցուցումներ, որ տվյալ անձը օտարերկրյա ազդեցության գործակալ է, կարող է լինել մոնիտորինգ սկսելու պատճառ օտարերկրյա գործակալին հայտնաբերելու նպատակով։

Փաստաթղթի համաձայն՝ օտարերկրյա գործակալ կարող են լինել նաեւ զանգվածային լրատվամիջոցները: Ըստ այդմ՝ արտասահմանյան ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական անձինք եւ լրատվամիջոցներ, որոնց եկամտի ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ֆինանսավորումն է ապահովում:

Օտարերկրյա գործակալները պարտավոր են հայտարարագրել իրենց ֆինանսավորման աղբյուրը. պահանջը խախտելու դեպքում օրենքով սահմանված է մինչեւ 9500 դոլարի չափով տուգանք։ Նշենք, որ նախագծի հեղինակը «Ժողովրդի իշխանություն» շարժումն է, որը հայտնի է իր հակաարեւմտյան հռետորաբանությամբ, եւ հենց նրանք են նախաձեռնել խորհրդարանում արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագիծը:

Այս պահին խորհրդարանի դիմաց նաեւ բողոքի ակցիա է ընթանում: «Նպատակն է ամոթի միջանցքով տանել այն պատգամավորներին, որոնք պաշտպանում են ռուսական օրենքը իրավական հանձնաժողովի նիստում: Նրանք պետք է իմանան, որ Վրաստանում չեն կարողանա ընդունել ռուսական օրենքը։ Մենք պետք է նրանց ցույց տանք, որ նրանք չեն կարող հանգիստ խղճով շրջել Վրաստանում։ Հանրահավաքում ելույթներ չեն լինելու. խնդրում եմ, ով գալիս է հանրահավաքին, ձեր սուլոցները ձեզ հետ տարե՛ք, որպեսզի մեր ձայնը լսելի լինի այն պատգամավորներին, որոնք պաշտպանում են ռուսական օրենքը»,- ասված է հանրահավաքի կազմակերպիչների հայտարարության մեջ։ Հավելենք, որ այս օրենքի ընդունումը քննադատության է ենթարկվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արեւմտյան գործընկերների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի կողմից. նրանք կոչ են անում չընդունել այն։

 

ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայությունը հայտարարել է, որ «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագիծը հակասում է 12 կետից բաղկացած առաջարկություններին, որոնք Վրաստանը պետք է կատարի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրամիությունը նաեւ հայտարարել է, որ նման օրենքների ընդունումն անհամատեղելի է ԵՄ նորմերին եւ արժեքներին։

 

«Մենք գիտենք այս օրինագծի մասին, մենք դրա վերաբերյալ մեր տեսակետը հայտնել ենք թե՛ հրապարակավ եւ թե՛ մասնավոր կարգով: Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանն էլ է ներգրավված այդ հարցում»,- ասել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

 

Նրա փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը պետք է լսի ժողովրդի ձայնը, «իմանա մարդկանց մտահոգությունների մասին»:

 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, թե արգելանք կդնի «Օտարերկրացի գործակալների» փաթեթի վրա: Հարկ է նշել, որ Վրաստանի խորհրդարանը քվեների մեծամասնությամբ կարող է շրջանցել նախագահի վետոն:

 

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ օրինագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով եզրակացություն ստանալու համար:

 

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԿՄԵԿՆԻ ՍԵՈՒԼ

 

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը մարտի 6-9-ը կգործուղվի Կորեայի Հանրապետություն՝ Սեուլ:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ փոխնախարարը Սեուլում մասնակցելու է «Թվային փոխակերպումները հանրային ծառայությունում» թեմայով աշխատաժողովին: Գեւորգ Մանթաշյանի՝ Կորեա գործուղման ծախսերը կատարվելու են՝ հրավիրող կողմի հաշվին:

 

 

 

 

 

 

 

 

ԱԶԱՏՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 6-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝ պաշտոնից ազատվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները։

 

Որոշումներում ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով եւ «Տեսչական

 

մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Շատվորյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով եւ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Հայրապետյանին ազատել զբաղեցրած պաշտոնից։

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով եւ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»։

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ

 

Մարտի 6-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

 

 

 

Ի՞ՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է

 

Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում երեկ թիրախավորել եւ կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետեւանքով զոհվել է արցախցի երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։ Հակառակորդը եւս ունի զոհեր եւ վիրավորներ:

 

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը մանրամասներ է հայտնում միջադեպից: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ Ադրբեջանի սադրանքի հետեւանքով զոհված ոստիկանները անձնագրային բաժնից էին, հասարակ եւ պարկեշտ մարդիկ էին. ինչ վերաբերում է վիրավորված ոստիկանին, Բաբայանն ասաց, որ վերջինս բժիշկների հսկողության տակ է:

 

Արցախի նախագահի խորհրդականը պատմեց նաեւ, որ այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները սադրանքի են դիմել, շատ մոտ է մայրաքաղաք Ստեփանակերտին. «Ստեփանակերտն արդեն դարձել է սահմանամերձ: Ակնհայտ է նաեւ, որ սադրանքները լինելու են շարունակական»,- ասում է Դավիթ Բաբայանը:

 

 

 

ՏԱՐԵԼ ԵՆ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ

 

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկություների համաձայն` երկու օր առաջ ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել եւ առերես հարցաքննվել «օրենքով գող» Արսեն Երեւանսկին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան հարցաքննել են քրեական ենթամշակույթի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում:

 

 

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովին ազատ արձակվելուց հետո ԱԱԾ կրկին հրավիրել է հարցաքննության: Նշենք, որ, ըստ դատախազության, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։ Գրիգորի Խաչատուրովը չի ընդունում մեղադրանքը: Փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժեց նրան կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, որից հետո Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ բողոք է տարել ՀՀ վերաքննիչ դատարան: Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները եւս ՀՀ վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել՝ հիմնավոր կասկածի հիմքով: Գրիգորի Խաչատուրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է, ում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք էր առաջադրված «Մարտի 1»-ի գործով։ 2019-ի սեպտեմբերին կրտսեր Խաչատուրովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

 

 

 

 

 

 

 




Լրահոս