ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ուսումնական հաստատության կառավարման նոր մոդելով ուսումնադաստիարակչական եւ վարչական գործընթացների կառավարումը վերապահված է տարբեր ղեկավարների. ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչական, տնտեսական եւ ֆինանսական գծով՝ վարչատնտեսական մասի համակարգողը: Վերջինս ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում է միայն ուսումնական գործընթացի պլանավորում եւ անհրաժեշտ պայմանների ապահովում։
Երկու ղեկավարների լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են օրենքով, եւ աշխատանքներն իրականացվում են համագործակցային մեխանիզմով:
Հաշվի առնելով համակարգողի գործառույթների եւ պատասխանատվության շրջանակը՝ կարեւորվում է նաեւ վերջինիս նշանակումը մրցութային կարգով՝ հստակ պահանջների առկայության պարագայում:
Նշանակման ընթացակարգ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կամ մարզպետարանի կամ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը, ըստ ենթակայության, տվյալ հաստատության համակարգողի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից սկսած՝ առավելագույնը 30, բայց ոչ պակաս, քան 25 աշխատանքային օր առաջ հայտարարում է համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար մրցույթ:
Լիազորված մարմինը համակարգողի թափուր պաշտոն առաջանալու օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպում եւ իրականացնում է համակարգողի պաշտոնի թափուր տեղի նշանակում:
Լիազորված մարմինը հաստատության համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու մասին հայտարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման www.azdarar.am, ԿԳՄՍ նախարարության, իսկ մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում՝ վերջիններիս կայքերում:
Թափուր տեղը համալրելու համար հայտերն ընդունում է տվյալ լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը: Մասնակցության հայտերի բացակայության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է նոր հայտարարություն:
Համապատասխան ստորաբաժանումը հայտերն ընդունելու ժամկետն ավարտվելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդի փաստաթղթերը ներկայացնում է լիազորված մարմնի ղեկավարին:
Վերջինս հավակնորդների փաստաթղթերը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է դրանք, որոնց հիման վրա՝ հավակնորդներից մեկի հետ (եթե դրանց թիվը մեկից ավելի է) կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձի 65 տարին լրանալը:
Մասնակիցներից որեւէ մեկի՝ սահմանված չափանիշներին չհամապատասխանելու դեպքում թափուր տեղի համալրման համար 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է նոր հայտարարություն:
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՎԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանը 2023 թվականի հունվարին արտահանել է 572 մլն 778.3 հազար դոլարի ապրանք, որը 2.3 անգամ աճել է նախորդ տարվա հունվարի նկատմամբ. այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Հայաստանը հունվարին ամենաշատ արտահանումն իրականացել է դեպի Ռուսաստան՝ 354 մլն 925.1 հազար դոլարի, ինչը նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճել է 5.2 անգամ: Արտահանման ծավալներով երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է. հունվարին արտահանվել է 46 մլն 563 հազար դոլարի ապրանք. նախորդ տարվա հունվարի նկատմամբ այն աճել է 14.1 անգամ: Այնուհետեւ ամենաշատ արտահանումն իրականացվել է Չինաստան՝ 40 մլն 458.4 հազար դոլարի՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 12 տոկոսով:
Հայաստանից մեծ ծավալով արտահանում է իրականացվել նաեւ դեպի Նիդերլանդներ՝ 30 մլն 175 հազար դոլարի, 2022-ի հունվարի նկատմամբ ցուցնիշն աճել է 29.5 տոկոսով: 25.5 տոկոսով աճել է նաեւ Իրաք արտահանումը՝ կազմելով 19 մլն 563.5 հազար դոլար:
Հարեւան Վրաստան արտահանումը 2023 թվականի հունվարին նվազել է 11.5 տոկոսով՝ կազմելով 6 մլն 591.9 հազար դոլար:
Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը հունվարին կազմել է 371 մլն 305.9 հազար դոլար՝ 2022-ի հունվարի նկատմամբ աճելով 5.2 անգամ, իսկ ԵՄ երկրներ հունվարին արտահանվել է 54 մլն 081.4 հազար դոլարի արտադրանք՝ նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազելով 4.3 տոկոսով:
Հայաստանից արտահանման ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունեն վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցները՝ 190 մլն 805 հազար դոլարի. այն նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճել է 97.1 անգամ: Թեեւ արտահանման ծավալներում երկրորդ ամենամեծ մասնաբաժինն ունի հանքահումքային արտադրանքը՝ 72 մլն 646.8 հազար դոլարի, սակայն ցուցանիշը, նախորդ տարվա հունվարի համեմատ, նվազել է 15.7 տոկոսով: Արտահանման ծավալներով երրորդը թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերն են, թանկարժեք մետաղները եւ դրանցից պատրաստված իրերը. հունվարին արտահանվել է 64 մլն 867.4 հազար դոլարի, աճը 2022-ի հունվարի նկատմամբ 99.3 տոկոս է:
ՓՈՐՁՈՒՄ Է ՍԵՐՎԻՏՈՒՏ ԿԻՐԱՌԵԼ
2019թ. փետրվարի 11-ին «Իջեւանի գինու կոնյակի գործարան» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի, Արսեն Սամվելի Մնացականյանի, Սիրամարգ Սարգսի Մնացականյանի, Արշակ Արսենի Մնացականյանի, Աննա Արսենի Մնացականյանի, Սերոժ Լեւոնի Խոջանյանի, Արթուր Սերոժի Խոջանյանի, «Սլովակիա» ՍՊԸ, ՀՀ Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի, երրորդ անձ՝ « Տավուշ հոլդինգ» ՍՊԸ՝ խնդրելով հողամասը ծանրաբեռնել սերվիտուտով, որն իր մեջ ներառում է M14 հանրապետական նշանակության ճանապարհից մինչեւ Տավուշի մարզի Ակնաղբյուրի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի 1PC հորատանցք անհրաժեշտ տարածքով անցնելը եւ հորատանցքով զբաղեցրած 100 քմ տարածքի օգտագործում՝ խողովակաշար անցկացնելու, անհրաժեշտ սարքավորումներ տեղադրելու (այդ թվում՝ հորատանցքի բերանի շուրջ ֆունդամենտի հուսալի հիդրոիզոլյացիա, հորատացանքի գլխամասի կահավորում համապատասխան սարքավորումներով (փականներ, չափիչ սարքեր, կապարակնքված ջրաչափեր, գազանջատիչ, ջրհավաք), հորատանցքի կառուցապաատում սանիտարական պահպանության առաջին (խիստ ռեժիմի) գոտիով, այլ անհրաժեշտ սարաքավորումների տեղադրում) համար։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. փետրվարի 14-ի որոշմամբ՝ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Նույն դատարանի 2022թ. փետրվարի 2-ի վճռով՝ հայցը մերժվել է։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ՝ բողոքն ընդունվել է վարույթ, որոշվել է բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով։ 2022թ. հունիսի 14-ին Վերաքննիչ դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը մերժել, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. փետրվարի 2-ի վճիռը թողել անփոփոխ։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը վճռաբեկ բողոք է ներկայացրել։ 2022թ դեկտեմբերի 9-ին Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի, բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի 2022թ. հունիսի 14-ի որոշումը ու գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։ Սույն քաղաքացիական հայցով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյան քաղաքի նստավայրում, դատավոր Նարինե Անանյանի նախագահությամբ, 2023թ. փետրվարի 23-ից կայացել են նախնական դատական նիստեր. հերթական դատական նիստը նշանակված է մարտի 23-ին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ