ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԵԼ Է ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ՎՆԱՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է Վրաստանից ներմուծումները` որպես ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ ձեւակերպելու բազմաթիվ դեպքեր:

 

Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022թթ.-ի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները փաստացի ձեռք են բերվել եւ ներմուծվել Վրաստանից:

Ամիսներ շարունակ ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ եւ արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջ կողմից մշակվել եւ իրագործվել է հանցավոր սխեմա: Արդյունքում ընկերությունները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:

Մասնավորապես, տրանսպորտային միջոցը դատարկ վիճակում հատել է հայ-վրացական սահմանը, հետո՝ վրաց-ռուսական սահմանը, այնուհետեւ վերադարձել է ու նորից դատարկ վիճակում հատել  ռուս-վրացական սահմանը:  ՌԴ-ում  կազմվել է ՌԴ ռեզիդենտից ապրանքների ձեռք բերման կեղծ հաշիվ-ապրանքագիր եւ տարանցիկ հայտարարագիր: Տրանսպորտային միջոցն այդ հայտարարագրով հատել է ՌԴ «Վերին Լարսի» սահմանային անցակետը, սակայն Վրաստանի «Կազբեգի» սահմանային անցակետում չի ներկայացրել ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրը եւ տարանցիկ հայտարարագիրը ու փաստացի Վրաստան է մուտք  գործել դատարկ վիճակում: Այնուհետեւ Վրաստանում  ֆիզիկական անձանց ու տրանսպորտային միջոցների վարորդների անուններով ձեռք են բերվել ապրանքներ, որոնք բեռնվել են տրանսպորտային միջոց: Նշված ապրանքներով բեռնված տրանսպորտային միջոցը հատել է Վրաստանի «Սադախլո» սահմանային անցակետը` ձեւակերպվելով արտահանում Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն, սակայն հասնելով Հայաստանի «Բագրատաշենի» սահմանային անցակետ`  Հայաստանի մաքսային մարմնին ներկայացվել է ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրն ու տարանցիկ հայտարարագիրը: Նախօրոք իմանալով Վրաստանում ձեռք բերվող ապրանքների տեսականին եւ քանակները` ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագրում եւ տարանցիկ հայտարարագրում նշվել են ձեռք բերվող ապրանքների իրական տեսականին եւ քանակները, իսկ ապրանքների գները նշվել են մի քանի անգամ ցածր գնով:

Նկարագրված եղանակով շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների կողմից 2020-2022թթ.-ի ընթացքում 72 դեպքով փաստացի Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել «Կինդեր ձվիկ» կոնֆետներ, մաստակներ, տնտեսական եւ այլ ապրանքներ, որոնք փաստաթղթերով ձեւակերպվել են որպես ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ներմուծումներ:

Միաժամանակ օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջը պատկանող ընկերություններից մեկը նկարագրված սխեմայով պատրաստվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ապրանքներ: Բեռը ներմուծող տրանսպորտային միջոցը Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո մուտք է գործել «Բագրատաշենի» սահմանային անցակետ: Վարորդի մոտից հայտնաբերվել են ներմուծված ապրանքների արտահանման փաստաթղթերը եւ նամակ, որով ՌԴ ապրանք մատակարարողը  հայտնել է, որ, իբրեւ, սխալմամբ է ապրանքն ուղարկել Հայաստանի Հանրապետություն, եւ պահանջել բեռը  հետ վերադարձնել: Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխվել է ներմուծված բեռի արտահանումը Ռուսաստան: Փաստացի հետազոտմամբ պարզվել է նաեւ, որ ներմուծված ապրանքների  մակնշումները թուրքերեն լեզվով են:

Կազմված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Առերեւույթ հանցագործության դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվել է Երեւան քաղաքում գտնվող մաքսային տերմինալ:

 

 

 

ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ 450 ՔՄ  ԱՆՏԱՌ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղարագոզյանը 2021 թվականի ընթացքում հիշյալ անտառտնտեսությունից մթերված փայտանյութը տարբեր գնորդների վաճառելու համար նրանցից պահանջել եւ ստացել է տարբեր չափերի կաշառք:

 

Մասնավորապես, պարզվել է, որ Կ. Ղարագոզյանը Ա. Բադալյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ իր ղեկավարած մասնաճյուղի անտառային ֆոնդի տարածքից 5,7մ 3 վառելափայտը նրան վաճառելու համար 2021 թ. նոյեմբերի 10-ին իր աշխատասենյակում նրանից անձամբ ստացել է 47.000 ՀՀ դրամ կաշառք, սակայն վերջինիս տրամադրել է 4մ 3 փայտանյութի մատակարարման վերաբերյալ հարկային հաշիվ: Բացի այդ, Գ. Պարանյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ նույն անտառային ֆոնդի տարածքից նրան 25մ 3 վառելափայտ վաճառելու համար Կ. Ղարագոզյանը 2021 թ. նոյեմբերի 22-ին նրանից ստացել է 117.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ մեկ այլ անձի՝ Ա. Բուդաղյանին, 33 մ 3 վառելափայտ վաճառելու համար դեկտեմբերի 21-ին վերջինից պահանջել է 165.000 ՀՀ դրամ կաշառք: Նախաքննությամբ հիմնավորվել է նաեւ, որ համապատասխան ՍՊԸ-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ նշված ընկերության աշխատանքային խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության «Թումանյանի անտառպետության» պահաբաժնում անցկացված գազի խողովակաշարը 2021 թվականի դեկտեմբերի ընթացքում ապամոնտաժելու հետեւանքով շուրջ 450 մ 2 մակերեսով անտառային տարածքի ոչնչացման փաստը չարձանագրելու եւ օրենքով սահմանված կարգով իրավական ընթացակարգեր չնախաձեռնելու համար ՍՊԸ ներկայացուցիչ Ռ. Սաքանյանից 2021թ. դեկտեմբերի 22-ին ստացել է 240.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք պահանջելու եւ ստանալու համար «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղարագոզյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) եւ 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Գ. Պարանյանին, Ա. Բադալյանին, Ա. Բուդաղյանին եւ Ռ. Սաքանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

 

 

ԱՋ ՁԵՌՔԸ ՉԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՁԱԽԸ

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել Տավուշի մարզպետարան, թե ներկայումս Տավուշի մարզում որքան են կազմում ոռոգելի հողատարածքները։ 2023թ. փետրվարի 9-ին տեղեկատվական հարցումանը մարզպետարանից պատասխանել են, որ մարզի ոռոգելի հողատարածքները, ըստ մարզի համայնքների կողմից ներկայացված հաշվետվության, կազմում է  6 հազար 428 հեկտար։ Ամեն տարի, Հայաստանի պետական բյուջեի, միջազգային դոնոր  եւ բարեգործական կազմակերպությունների ֆինանսավորմամբ, մարզի ոռոգման համակարգում վերակառուցման, վերանորոգման, ընդլայնման ծրագրեր են իրականացվում, սակայն ո՞ւր է այդ աշխատանքների արդյունքը։  Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի  բնակիչ, Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գառնիկ Դանիելյանը  Տավուշի մարզի ոռոգվող հողատարածքների վերաբերյալ պատգամավորական  հարցում է  կատարել ՀՀ  էկոնոմիկայի նախարարություն, որտեղից հայտնել են, որ Տավուշի մարզում գյուղատնտեսական նշանակության վարելահողերը կազմում են 25 485,3 հեկտար, որից ոռոգելի է 3759,9 հեկտարը, բազմամյա տնկարկները կազմում են 1981,8 հեկտար, որից ոոոգվող՝ 1646?4 հեկտար։ Էկոնոմիկայի նախարարության պատասխանից ստացվում է, որ  Տավուշի մարզում ոոոգելի հողատարածքների ընդհանուր թիվը կազմում  է 5406, 3 հեկտար, մինչդեռ  ՀՀ կառավարության տարածքային ստորաբաժանում հանդիսացող Տավուշի մարզպետարանը լրագրողիս հայտնել է, որ մարզում ոռոգելի հողատարածքների ընդհանուր թիվը կազմում է  6 հազար 428 հեկտար։ Այդ թվերի մեջ  էական տարբերություն կա. ստացվում է, որ  կառավարության աջ  ձեռքը չգիտի, թե ինչ է անում  ձախը։  2017 թվականին նախատեսվում էր Տավուշի մարզում կառուցել Հախումի եւ Կողբի ջրամբարները, դրանցում ընդհանուր առմամբ կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, սակայն սահմանագոտում այդ ջրամբարների կառուցման ծրագրերը մնացին թղթի վրա։  Նիկոլ Փաշինյանի իշխանության գրեթե հինգ  տարիների ընթացքում Տավուշի մարզում ոչ մի ջրամբար չի կառուցվել։ Տավուշի մարզի Աղստեւ, Ոսկեպար, Հախում, Քարահան եւ այլ գետերի քաղցրահամ ջրերը  շարունակում են հոսել Ադրբեջան, այնտեղ կուտակվում են ոռոգման ջրամբարներում, ոռոգում Ադրբեջանի դաշտերն ու այգիները։ Դեբեդ գետի ջրերը Հայաստանից հոսում են Վրաստան, այնտեղից էլ՝ Ադրբեջան։  Վերջին տարիներին՝ ամռան ամիսներին, Ադրբեջանում երաշտ է,  Տավուշի սահմանագոտում ոռոգման ջրամբարների կառուցումից հետո Ադրբեջանը ոռոգման ջրի առումով  որոշակի կախվածություն կունենար Հայաստանից։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս