Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ, որոնց Ադրբեջանն անվանում է «ահաբեկիչներ» եւ չի շտապում հանձնել Հայաստանին։ BBC-ի ռուսական ծառայությունը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին՝ նշելով, որ նրանք սակարկության առարկա են դարձել փակուղի մտած բանակցություններում:
«Հայ գերիներն Ադրբեջանում ահաբեկիչնե՞ր, պատանդնե՞ր, թե՞ սակարկությունների առարկա». այսպես է վերնագրված պարբերականի ծավալուն հոդվածը: Այն հիշեցնում է, որ 2021 թ.-ի ամռանը Բաքվի դատարանը 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման՝ մեղադրելով «ահաբեկչության, զենքի ապօրինի պահման եւ կրման, սահմանի ապօրինի հատման, ինչպես նաեւ «զինված կազմավորումներ» ստեղծելու համար»:
BBC-ի ռուսական ծառայությունը շեշտում է, որ հայ զինվորականներին շրջապատել եւ ձերբակալել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: Պարբերականը նշում է, որ այդ ժամանակ պարզ չէր, թե ում վերահսկողության տակ է գտնվում Հին Թաղեր (Հինթաղլար) գյուղը, եւ մանրամասնորեն ներկայացնում է հայ զինվորների՝ գերի ընկնելու հանգամանքները:
Հոդվածի հեղինակը նաեւ զրուցել է Ադրբեջանում դատապարտված գերիներից մեկի՝ Մանուկ Մարտոյանի ընտանիքի անդամների հետ, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի եւ փաստաբան, ՄԻԵԴ-ում ռազմագերիների հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանի հետ:
Բաքուն պնդում է, թե Ադրբեջանում կալանավորված է 33 հայ ռազմագերի, սակայն, ըստ Արման Թաթոյանի, այս թիվն իրականությանը չի համապատասխանում: Սիրանույշ Սահակյանն իր հերթին նշել է, որ, 33 ռազմագերիներից զատ, Ադրբեջանում կարող է լինել եւս 80 գերի:
BBC-ն նշում է, որ ադրբեջանական իրավապաշտպանների խոսքով՝ զինվորականների դատավարություններն անց են կացվել իրավական նորմերի խախտումներով:
«Դատավարություններն ընթանում էին հապճեպ, առանց գործի մեջ խորամուխ լինելու. չէ՞ որ բոլորն էլ հասկանում էին, որ վաղն այդ մարդիկ դառնալու են փոխանակման եւ սակարկության առարկա հայկական կողմի հետ կամ ամերիկյան կամ նույնիսկ սիրիական, քանի որ այնտեղ կա Սիրիայի երկու քաղաքացի», – նշում է ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսը:
Փորձագետները նշում են, որ Ադրբեջանին գերիները հարկավոր են «տարբեր քաղաքական ժեստերի» համար, օրինակ՝ երբ տարածաշրջան եկավ ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչը, Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին հանձնեցին 15 գերու:
Հոդվածի հեղինակը նաեւ նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը բախվում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության խնդրին. հայերը վախենում են իրենց անվտանգության համար, քանի որ Ադրբեջանի իշխանություններն աջակցում են երկրում հայատյացությանը:
Ո՞Ր ՈԼՈՐՏՆ Է ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾԸ
«Գելափ» ինթերնեյշնլը նոր հարցում է իրականացրել: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում (մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ) եւ Երեւանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից:
Ինչպե՞ս է փոխվել կոռուպցիայի տարածվածությունը Հայաստանում 2018թ. հեղափոխությունից հետո. այս հարցին 12.7 տոկոսը պատասխանել է, թե այն միանշանակ աճել է, 19.6 տոկոսը պատասխանել է, թե ավելի շուտ աճել է, 43.4 տոկոսը պատասխանել է, թե ավելի շուտ նվազել է, 16.9 տոկոսը պատասխանել է, թե միանշանակ նվազել է, իսկ 7.4 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել:
Հարցվածները 5-միավորանոց սանդղակում քրեակատարողական հիմնարկների կոռումպացման աստիճանը 3 են գնահատել, մաքսային ծառայության եւ առողջապահության համակարգը՝ 2.9 տոկոս:
«Գելափ» ինթերնեյշնլ ասոցիացիան նոր հարցում է իրականացրել: Հարցվողներից նաեւ հետաքրքրվել են՝ փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշման համաձայն՝ Ռուբեն Վարդանյանն
ազատվեց Արցախի պետական նախարարի պաշտոնից, ինչպես են վերաբերվում այս որոշմանը:
Այսպիսով, 16.1 տոկոսը լիովին դրական է վերաբերվում այդ որոշմանը, 19.5 տոկոսն ավելի շուտ դրական է վերաբերվում այդ որոշմանը, 19.5 տոկոսն ավելի շուտ բացասական է վերաբերվում այդ որոշմանը: Ընդհանրապես բացասական է վերաբերվում հարցվածների 22.6 տոկոսը, իսկ 22.3 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:
Հարցվածներին տրվել է այսպիսի հարց. հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող: Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դեպքի պատճառի վարկածը, ըստ որի՝ սպան 5-լիտրանոց բենզինի տարայով փորձել է վառել վառարանը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել հրդեհը:
Որքանո՞վ եք վստահում ՆիկոլՓաշինյանի կողմից առաջ քաշած պաշտոնական վարկածին. հարցվածների 6.5 տոկոսը պատասխանել է, թե լիովին վստահում է Փաշինյանի վարկածին, 12.3 տոկոսը նշել է, թե ավելի շուտ վստահում է, 18.8 տոկոսը հայտարարել է, թե ավելի շուտ չի վստահում, 51.7 տոկոսը նշել է, թե ընդհանրապես չի վստահում, իսկ 10.6 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել հարցին: Խոսքը 2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին է, երբ 15 զինվոր զոհվեց, 3-ը ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց:
Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դեպքի պատճառի վարկածը: Հատկանշական է, որ զոհված զինծառայողների ծնողները եւս չեն հավատում պաշտոնական վարկածին. նրանք սեփական հետաքննություն են սկսել:
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ
Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթն անցկացնելու նպատակով, ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 01.03.2023թ. թիվ 191-Ա հրամանով, ձեւավորվել է հանձնաժողով, եւ հաստատվել դրա անհատական կազմը: Հանձնաժողովի նախագահն է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Հանձնաժողովում ընդգրկված են ԿԳՄՍՆ հանրակրթության, իրավաբանական եւ անձնակազմի կառավարման վարչությունների աշխատակիցներ, ինչպես նաեւ Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի ու Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչներ: ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման հավելվածով հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման, գործունեության եւ տնօրենի նշանակման» կարգի 24-րդ կետի պահանջի համաձայն՝ ներկայացվում է մասնագիտական հանձնաժողովի հետ (ըստ անհրաժեշտության) կապ հաստատելու համար նախատեսված հեռախոսահամարը (+374-10-599-661) եւ հավակնորդի զարգացման ծրագիրը ներկայացնելու համար նախատեսված էլեկտրոնային փոստի հասցեն ([email protected]):
ԿՐԿԻՆ ԹԻՐԱԽՈՒՄ
Թուրքիայում շարունակում են հետապնդումները ընդդիմադիր քեմալական Ժողորդահանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Ջենան Քաֆթանջըօղլուի նկատմամբ:
Այս անգամ նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հնչեցրած խոսքերի համար, որոնք որակվել են որպես վիրավորանք։ Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել նրա նկատմամբ՝ Թուրքիայի նախագահի դատական հայցի հիման վրա: Քաֆթանջըօղլուի նկատմամբ կան բազմաթիվ դատական վարույթներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների համար: Իշխանամետ լրատվամիջոցներում նրան հաճախ անվանում են «թուրք ազգի դավաճան»:
ՓՈՇԻՆ ՇԱՏ Է
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 2-ին, 4-ին, 6-ին եւ 7-ին, Շենգավիթում՝ մարտի 6-ին եւ 7-ին, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում մարտի 6-8-ը, Նոր Նորքում՝ մարտի 2-ին եւ 8-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։