ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով՝ սահմանվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները:

 

Գնահատման չափանիշների ներդրումն իրականացվելու է հետեւյալ ժամանակացույցով՝

1) 2023-2024 ուստարի՝ Տավուշի մարզի դպրոցների բոլոր դասարաններում,

2) 2023-2024 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 2,5,7,10-րդ դասարաններում,

3) 2024-2025 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 3,6,8,11-րդ դասարաններում,

4) 2025-2026 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 1,4,9,12-րդ դասարաններում:

Գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշիչներով եւ ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների, հմտությունների, դիրքորոշումների ու արժեքների ձեւավորման աստիճանի: Գնահատման գործընթացի հիմքում ընկած են հավաստիության, հուսալիության, օբյեկտիվության, մատչելիության, արդարության եւ թափանցիկության սկզբունքները: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացվում է նույն սկզբունքներով՝ ապահովելով սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված խելամիտ հարմարեցումները, մատչելի ձեւաչափերը, անհատական օժանդակ սարքավորումներն ու միջոցները:

Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման երեք տեսակ՝

1) հայտորոշիչ գնահատում,

2) ձեւավորող գնահատում,

3) ամփոփիչ գնահատում (միավորային եւ բնութագրող):

Հայտորոշիչ գնահատում

Հայտորոշիչ գնահատման նպատակն է բացահայտել սովորողի նախնական գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքն ու արժեքներն ուսումնական գործընթացի որեւէ փուլի՝ ուսումնական տարվա, կիսամյակի, առարկայի, դասընթացի, նոր թեմայի ուսումնասիրման մեկնարկից առաջ: Հայտորոշիչ գնահատման ձեւն ընտրում է ուսուցիչը:

Ձեւավորող գնահատում

Ձեւավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն է բացահայտել յուրաքանչյուր սովորողի կամ ամբողջ դասարանի ձեռքբերումները, դժվարությունները, բացթողումները ուսուցման եւ ուսումնառության գործընթացի բարելավման համար: Ձեւավորող գնահատումն իրականացվում է 1-12-րդ դասարաններում. միավոր չի նշանակվում:

Ամփոփիչ գնահատում

Ամփոփիչ գնահատման նպատակն ուսումնական առարկաների չափորոշիչներով եւ ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան սովորողի ուսումնական ձեռքբերումների գնահատումն է՝ դասի, թեմայի, կիսամյակի, ուսումնական տարվա ավարտին, ինչպես նաեւ կրթական աստիճանի ավարտին ամփոփիչ ատեստավորման միջոցով:

Ամփոփիչ գնահատումն իրականացվում է միավորային կամ բնութագրող գնահատման միջոցով: Ամփոփիչ գնահատման արդյունքների հիման վրա՝ ձեւավորվում է կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատման արդյունքների հիման վրա՝ տարեկան ամփոփիչ գնահատականը:

Հաստատության 1-4-րդ դասարաններում եւ 5-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողի կիսամյակային ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է ուսումնական առաջադիմության բնութագիր: Հաստատության 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից մինչեւ 12-րդ դասարանը ներառյալ ամփոփիչ գնահատումն իրականացվում է միավորային գնահատման միջոցով:

Միավորային գնահատում

Միավորային գնահատումը կիրառվում է 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսած: Միավորային գնահատման դեպքում կիրառվում է սովորողների գնահատման 10-միավորային սանդղակ, որտեղ որեւէ նիշ անբավարար գնահատական չէ։ Միավորային գնահատման ցանկացած ձեւի կիրառմանը պետք է նախորդեն հայտորոշիչ եւ ձեւավորող գնահատումներ:

 

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՆՈՒՄՆԵՐԸ

Արմավիրի մարզպետարանը Ա/Ձ ՔՐԻՍՏԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ-ից մեկ անձի գնման սկզբունքով 438 հազար դրամի կենցաղային ապրանքներ է ձեռք բերել:

ArmLur.am-ը տեղեկացավ, թե Արմավիրի մարզեպատանն այդ գումարով ինչ է ձեռք բերել: Այսպես, ձեռք են բերվել 6 հատ 1000 դրամանոց գոգաթիակ՝ աղբը հավաքելու համար, 50 հատ 600 դրամանոց կահույքի փայլեցման միջոց, 24 հատ մաքրող մածուկներ, 20 հատ լվացքի փոշի:

Այդքանով, սակայն, կենցաղային ապրանքների ձեռք բերման ցանկը չի սպառվում: Արմավիրի մարզպետարանը ձեռք է բերել նաեւ 3 հատ հատակ մաքրելու ձող, 30 հատ զուգարանների մաքրման նյութեր, 72 հատ ախտահանող հեղուկ, 60 հատ օճառ, հեղուկ եւ այլն:

Կրկին մեկ անձից գնման ընթացակարգով մարզպետարանը ԷԼՖՐԻԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ-ից 2 ծաղկեպսակ է գնել՝ յուրաքանչյուրը 20 հազար դրամ արժողությամբ:

 

 

 

 

ԱՄԵՆԱՑԱԾՐ ԻՆԴԵՔՍԸ՝ 2001 Թ.-ԻՑ Ի ՎԵՐ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարկված «Տնտեսական ազատության ինդեքս-2023» զեկույցը։ 1995թ.-ից ի վեր՝ յուրաքանչյուր տարի հրապարակվող այս զեկույցներում գնահատվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում տնտեսական ազատության աստիճանը, ինչպես նաեւ հնարավորություն է ընձեռվում իրականացնելու միջժամանակային եւ միջերկրային համեմատություններ։

Այսպես, 2023թ.-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը շարունակում է նվազել։ Հայաստանը 65.1 միավոր տնտեսական ազատության ինդեքսով (ՏԱԻ) (որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով) համաշխարհային վարկանիշային աղյուսակում 50-րդն է, իսկ Եվրոպայի տարածաշրջանում զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը։ Հայաստանի 2023թ. ՏԱԻ-ն 2001թ.-ից ի վեր ամենացածրն է։

Ինչպես եւ անցյալ տարի, Հայաստանը գտնվում է տնտեսապես «չափավոր ազատ» երկրների խմբում։ Ի դեպ, 2020 եւ 2021թթ.-ին Հայաստանը ներառված էր տնտեսապես «հիմնականում ազատ» երկրների խմբում:

Զեկույցում նշվում է, որ «Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները` շարունակելով մնալ լուրջ հիմնախնդիր»։

ՏԱԻ-ով Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների թվում 2023թ.-ին առաջատարն է։

Հայաստանը հարեւան չորս երկրներից շարունակում է զիջել միայն Վրաստանին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ  ԱՐԴԱՐԱՑՎԵՑԻՆ

Իջեւան քաղաքի բնակչուհի, 1964թ. ծնված Վանուհի Ասիլբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի  համար, որ նա, աշխատելով «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում  որպես մանկաբարձ-գինեկոլոգ եւ հանդիսանալով բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող անձ, պարտավոր լինելով ապահովելու ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանաությունը սահմանված չափանիշներին, 2017թ. հուլիսի 14-ին Իջեւան քաղաքի բնակչուհի Էլինա Սաղոյանի ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ՝ դրանց նկատմամբ դրսեւորելով անփույթ վերաբերմունք։

Վ. Ասիլբեկյանին մեղադրանք է  առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով եւ 325 հոդվածի 2-րդ մասով։ Իջեւան քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Էդվարդ Ֆրանգուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Իջեւան բժշկական կենտրոն»  ՓԲԸ-ի մանկաբարձական բաժանմունքի վարիչ, 2017թ. հուլիսի 14-ին կամ 15-ին նախնական համաձայնության գալով բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վանուհի Ասիլբեկյանի հետ, նրա կողմից կատարված հանցավոր արարքը թաքցնելու նպատակով պատասխանատվությունից ազատող, պաշտոնական այլ փաստաթուղթ հանդիսացող՝ Էլինա Սաղոյանի անվամբ լրացված թիվ 1554 ծննդաբերության պատմության մեջ ակնհայտ կեղծ գրառումներ են  կատարել։

Է. Ֆրանգուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի   325  հոդվածի 2-րդ մասով։ 2017թ. հուլիսի 15-ն  Իջեւանի բժշկական կենտրոնում էլինա Սաղոյանի նորածին երեխան մահացել է։ Վ. Ասիլբեկյանի եւ Է. Ֆրանգուլյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։ Դատաքննության ընթացքում Վ. Ասիլբեկյանը եւ Է. Ֆրանգուլյանն իրենց մեղավոր չեն ճանաչել։ 2020թ. հոկտեմբերի 13-ն Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Վ. Ասիլբեկյանին եւ Է. Ֆրանգուլյանին իրենց առաջադրված մեղադրանքներում ճանաչել անմեղ եւ արդարացնել։ Տավուշի մարզի դատախազության դատախազ Է. Հարությունյանը այդ դատավճռի դեմ վերաքննիչ  բողոք է ներկացարել: Քրեական գործերով վերաքննիչ դատարանը 2021թ. հունիսի 17-ին որոշել է վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանել  եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր  քննության։ 2023թ. փետվարի 7-ին Բերդ քաղաքում  դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Վ. Ասիլբեկյանին եւ Է. Ֆրանգուլյանին արդարացնել՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով։ Դատախազությունը սահմանված ժամկետում՝ մեկ ամսում, այդ վճռի  դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացրել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս