Մի խումբ գրողներ, արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ընթերցասերներ եւ պարզապես հետաքրքրասերներ Եղիշե Չարենցի ծննդյան օրը՝ մարտի 13-ին, ծաղիկներ խոնարհեցին մեծ գրողի հուշարձանի մոտ:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարեւորեց հատկապես աշակերտների մասնակցությունը՝ շեշտելով, որ հենց նրանք են ապագան, եւ կարդալով, զարգանալով՝ նրանք ընթերցանության հանդեպ սերը կփոխանցեն հաջորդ սերունդներին:
«2022-ին Պոեզիայի համաշխարհային օրվան կազմակերպված միջոցառումները նվիրել էինք Չարենցին: Ներկա էին ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, որոնք իրենց լեզուներով մատուցեցին Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Հետո եւ՛ հուշարձանի մոտ, եւ՛ հեղինակի տուն-թանգարանում տարբեր միջոցառումներ անցկացրինք եւ տարվա ընթացքում հրատարակեցինք Չարենցին նվիրված «Ես եմ հիմա…» ժողովածուն»,- ասաց Միլիտոնյանն ու հավելեց, որ 2022-ին Չարենցին նվիրված միջոցառումներ են կազմակերպել ոչ միայն Երեւանում, այլեւ գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը, որոնց մասնակցել են բազմաթիվ դպրոցականներ:
Ըստ Միլիտոնյանի՝ Չարենցը եւ՛ պոեզիայով, եւ՛ արձակով աննման է: «Նրա «Երկիր Նաիրի» վեպը եւ այլ գործեր, նրա թագմանությունները, հոդվածներն աննման են: Նա հսկայական գործ է արել, որը պետք է գիտակցեն թե՛ պատանիները, թե՛ ավագ սերնդի ներկայացուցիչները: Գրողը չպետք է փոքր շրջանակի, այլ լայն հասարակության համար լինի, սակայն պարտադիր չէ, որ ընկալեն նրա բոլոր ստեղծագործությունները: «Ես իմ անուշ Հայաստանի»-ն բոլորն են սիրում, բայց Չարենցն ունի բանաստեղծություններ ու պոեմներ, որ պարտադիր չէ՝ բոլորն ընկալեն: Դրա համար բարձր պոետական ճաշակ է հարկավոր: Նրա հրապարակախոսությունը, ազգային մոտեցումներն արդիական են մինչ օրս»,-եզրափակեց միության նախագահը:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը տեղեկացրեց, որ մարտի 13-ի երեկոյան երկու ցուցադրություն կբացեն: «Ցուցադրություններից մեկը կրում է «Նվեր հոբելյանին. Չարենց-125» խորագիրը, իսկ մյուսը՝ «Այստեղ աշխատում է Չարենցը» հոլոգրաֆիկ ցուցադրությունը: Մարինե Մանասյանի կատարմամբ կհնչեն հեղինակի խոսքերով երգեր: Բավականին հետաքրքիր ու մտերմիկ միջավայր կլինի»,-նշեց նա:Մանուկյանը հիշեցրեց, որ 2022-ին մեծ գրողի 125-ամյակի առթիվ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, «Անտարես» հրատարակչության եւ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջեւ ստորագրվել է հուշագիր համատեղ ջանքերով գրողի ստեղծագործությունների նոր ակադեմիական հրատարակությունը («Երկերի ժողովածու» 13 հատորով) լույս ընծայելու նպատակով:
«Առաջին հատորի աշխատանքներն արդեն ավարտված են: Հույս ունեմ՝ առաջիկայում կլինի գրքի շնորհանդեսը»,-շեշտեց նա: Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցի խոսքով՝ Չարենցն իր պապիկն է, իր արյունն է, բայց նա նաեւ հայ ժողովրդի հանճարեղ զավակն է: «Նախորդ տարի բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվեցին, եւ ժողովուրդը նրա կողքին կանգնեց, ինչպես Չարենցն էր ժամանակին ժողովրդի կողքին: Չնայած Չարենցն իր կյանքի վերջին տարիներին միայնակ էր, նրան ոչ ոք չէր այցելում, բայց այսօր նրա կողքին է ամբողջ հայ ժողովուրդը: Այդպես էլ պետք է լինի դարերով»,-ընդգծեց Գոհար Չարենցն ու մեջբերեց մեծ գրողի խոսքերը. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական դեպի դարերը նորից՝ դեպի վառվող ապագան»:
Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի գրողների միությունն ու Չարենցի տուն-թանգարանը:
ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ՖԻԼՄԵՐՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԵՆ
Ֆրանսիական Nouvel Hay Magazine պարբերականն իր «Երեք վերականգնված ֆիլմ Փարիզում՝ մարտի 10-ին եւ 11-ին» հոդվածում անդրադարձել է ֆրանսիական Սինեմատեկի «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելիք Համո Բեկնազարյանի երեք ֆիլմերին եւ հրապարակել է ցուցադրությունների ծրագիրը:
Պարբերականի անդրադարձը մեջբերել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Հոդվածում ասվում է. «Համո Բեկնազարյանի վերականգնված երեք ֆիլմերը, որոնք կցուցադրվեն «Աշխարհի ողջ հիշողությունը» կինոփառատոնի շրջանակում, անփոխարինելի ժառանգություն են»:
Հոդվածում ընդգծվում է, որ Համո Բեկնազարյանը 1920-1950 թվականների սովետական կինոյի ականավոր կինոգործիչ էր, հայ կինոյի հիմնադիր, խորհրդային կինոյի պատմության մեջ օրինակը չունեցող 30 լիամետրաժ եւ վավերագրական ֆիլմերի հեղինակ: Ըստ պարբերականի՝ Բեկնազարյանը կինոյի՝ որպես մշակութային էմանսիպացիայի գործիքի ջերմեռանդ պաշտպանն էր ու կողմնակիցը:
Ֆրանսիական Սինեմատեկի հովանու ներքո անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնի շրջանակում մարտի 10-11-ին կցուցադրվեն Համո Բեկնազարյանի «Տունը՝ հրաբխի վրա» կինոնկարը՝ նկարահանված 1928 թվականին, «Երկիր Նաիրի» ֆիլմը, որը նկարահանվել է 1930 թվականին, եւ «Դուստրը», որը ռեժիսորը ստեղծել է 1942-ին:
ՏՊԱՎՈՐԻՉ ԴՐՎԱԳՆԵՐԸ
«Օսկար 2023» մրցանակաբաշխությանը հաջորդել է Vanity Fair-ի երեկույթը, որին ներկա են եղել ամենաքննարկվող ու սկանդալային աստղերից մի քանիսը։ Երեկույթի ընթացքում նրանք, իհարկե, իրենց ընտրած զգեստներով ու գլամուրային պահվածքով գրավել են համաշխարհային մեդիայի ուշադրությունը։
Բնականաբար, ոչ ոքի աչքից չի վրիպել մոդել Էմիլի Ռատակովսկու գերթափանցիկ զգեստը, որը գրեթե ցուցադրում էր գեղեցկուհու կուրծքը։
Պապարացիների աչքից չեն վրիպել նաեւ լավագույն ընկերուհիներ Քենդալ Ջեններն ու Ջիջի Հադիդը, որոնք տեսախցիկների առջեւ ցուցադրել են իրենց ջերմ համբույրը։
Շքեղ ու տպավորիչ հագուստով աչքի է ընկել նաեւ Քենդալի կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները, որը գլամուրային կեցվածք է ընդունել տեսախցիկների առջեւ։ Ի տարբերություն նրանց՝ Ջասթին Բիբերը, կարծես, ավելի պասիվ է եղել։ Երգիչը նախընտրել է հարմար տեղավորվել բազմոցին ու քիչ հայտնվել տեսախցիկների դիմաց։
ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» 1:0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։ Այս հաշվի շնորհիվ իսպանացի Չավիի գլխավորած թիմը սահմանել է Լա Լիգայի ռեկորդ. 25 խաղում բաց է թողել ընդամենը 8 գոլ։
Նախորդ ռեկորդը 25 տուրից հետո բաց թողած 10 գոլն էր. 1991-ին սահմանել էր «Աթլետիկոն», 1994-ին կրկնել էր «Դեպորտիվոն»։
«Բարսելոնան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից» առաջ է 9 միավորով։
ԴՈՒՐՍ Է ՄՆԱՑԵԼ
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել «Ինդիան Ուելս»-ից:
«Ինդիան Ուելս»-ի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց իսպանացի թենիսիստ Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի հետ: 2 ժամ 17 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը պարտվեց 3-6, 6-1, 4-6 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ եւ 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակչից: