ՀՀ կառավարությունը ներկայացնում է ««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Փաթեթով փոփոխություններ են առաջարկվում պարգեւատրման, նաեւ կարգապահական պատասխանատվություն ենթարկելու կանոններում: Մասնավորապես, վարչական իրավախախտում թույլ տված զինծառայողը կարգապահական պատասխանատվության է ենթարկվում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
Մեկ այլ փոփոխությամբ՝ կարգապահական պատասխանատվության ենթակա չէ այն զինծառայողը, որը թեեւ արարք է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում: Սույն օրենքի շրջանակներում ծայրահեղ անհրաժեշտության վիճակը մեկնաբանվում եւ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածում սահմանված իմաստով եւ կարգով: Նաեւ կարգապահական պատասխանատվության ենթակա չէ այն զինծառայողը, որը թեեւ արարք է կատարել, սակայն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում:
Մեկ այլ փոփոխությամբ ընդգծվում է, որ զինծառայողին նույն կարգապահական իրավախախտման համար մեկից ավելի կարգապահական տույժ չի կարող տրվել: Մեկնաբանվել է նաեւ, թե ինչու է ահրաժեշտություն առաջացել ընդունել նոր նախագիծը եւ փոփոխություններ կատարել:
Մասնավորապես, ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի (այսուհետ` կանոնագիրք) կիրառման շրջանակներում ակնհայտ է դարձել, որ կանոնագրքի հատուկ մասում կարգապահական իրավախախտումների համար սահմանված կարգապահական տույժերի ցանկում կանոնագրքի 23-րդ հոդվածում նախատեսված տույժերի տեսակների ոչ ամբողջական ընդգրկումը խնդիրներ է առաջացրել կարգապահական իրավախախտումների դիմաց պատշաճ ներգործություն ապահովելու գործընթացում: Կանոնագրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սպաների կողմից կատարված կարգապահական իրավախախտումների պարագայում պարտադիր նշանակվում է ծառայողական քննություն: Այս դրույթը բավականին ծանրաբեռնում էր տարբեր տեսակի ոչ էական բնույթի տարբեր իրավախախտումների համար սպայական կազմի զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը, ինչպես նաեւ առավել պարզեցված կարգով կարգապահական իրավախախտման դեպքը քննելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի բացակայությունը կրկին անհամաչափ ծանրաբեռնում էր զորային օղակի գործունեությունը:
Դրա փոխարեն, որպես ծառայողական քննության նշանակման պարտադիր դեպքեր, նպատակահարմար է սահմանել զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, մարտական հերթապահության կրման կամ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խախտման, մարմնական վնասվածք կամ նյութական վնաս պատճառելու դեպքերը` որպես զինվորական ծառայության հարաբերությունների վրա առավել բացասական ազդեցություն ունեցող իրավախախտումներ:
Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակեցնել զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված զինծառայողների նկատմամբ խրախուսանքներ եւ կարգապահական տույժեր կիրառելու շրջանակը, կարգապահական տույժերի տեսակների ցանկում աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն նախատեսել զինծառայողի ամսական պաշտոնային դրույքաչափից պահում մինչեւ 30 տոկոս չափով եւ մինչեւ երեք ամիս ժամկետով, հստակեցնել կարգապահական տույժերի ընտրության կարգը եւ կարգապահական տույժերի բողոքարկման ընթացակարգը, կանոնագրքում իրականացնել մի շարք այլ բնույթի հստակեցումներ եւ կարգավորումներ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿՏՐԱՄԱԴՐԵՆ ՎԻԶԱՆԵՐ ԲՈԼՈՐ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ
Չինաստանը հայտարարել է, որ COVID-19-ի համավարակից հետո առաջին անգամ սահմանները կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Մարտի 15-ից Չինաստանը կվերականգնի բոլոր տեսակի վիզաների տրամադրումը:
Ըստ հաղորդագրության՝ զբոսաշրջության ոլորտի խթանումը պետք է օգնի վերակենդանացնել 17 տրիլիոն դոլարի տնտեսությունը, որն անցյալ տարի ցուցաբերել էր վերջին գրեթե կես դարում աճի ամենադանդաղ տեմպերից մեկը:
Ըստ Չինաստանի արտգործնախարարության հայտարարության՝ երկրի այն հատվածները, որտեղ այցելելու համար համավարակից առաջ վիզա չէր պահանջվում, դարձյալ կանցնեն մուտքի անայցագիր ռեժիմի: Սա կներառի Չինաստանի հարավում գտնվող զբոսաշրջային Հայնան կղզին եւ Շանհայի նավահանգստով անցնող զբոսաշրջային նավերը:
Կվերականգնվի նաեւ անայցագիր մուտքը հարավային Գուանդուն նահանգ Հոնկոնգից եւ Մակաոյից օտարերկրացիների կազմակերպված խմբերի համար:
Չինաստանի արտգործնախարարությունում նաեւ նշել են, որ մինչեւ 2020 թ.-ի մարտի 28-ը վիզա ստացած այն օտարերկրացիները, որոնց վիզաների գործողության ժամկետը չի անցել, նույնպես կարող են մուտք գործել Չինաստան:
Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020թ. մարտի 28-ից ժամանակավորապես արգելել էին օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր: 2022թ. դեկտեմբերի սկզբին Չինաստանը մեղմացրել էր կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումները, որից հետո երկրում վիրուսի լայն տարածում էր սկսվել: 2023թ. հունվարից մեղմացվել էին նաեւ կարանտինային սահմանափակումները երկիր մուտք գործողների համար:
Չինաստանի իշխանություններն այդ ժամանակ նաեւ հայտարարել էին, որ փուլ առ փուլ կվերականգնեն Չինաստանից ուղեւորությունները դեպի այլ երկրներ:
ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Մինչ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսում է տնտեսական մեծ աճից, Հայաստանում ստեղծվող մեծ թվով աշխատատեղերից, Տավուշի մարզի բնակիչները, հատկապես՝ մարզի սահմանամերձ գյուղերի տղամարդիկ, աշխատանք չունենալով, արտագնա աշխատանքի են մեկնում Ուկրաինայի հետ փաստացի պատերազմի մեջ գտնվող Ռուսաստան։ Նախկինում սահմանամերձ գյուղերի երիտասարդները հիմնականում պայմանագրային զինծառայող էին դառնում՝ մնալով հայրենի գյուղում։ Սակայն ներկայումս պայմանագրային զինծառայողի կարգավիճակը Ադրբեջանին սահմանակից բնակավայրերի տղամարդկանց չի հրապուրում, որովհետեւ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձր չեն, բանակում կարգապահությունը բարձր չէ, 2020թ-ին Արցախում տեղի ունեցած պատերազմում պարտությունից հետո զինծառայողների կարգավիճակը հասարակության մեջ մեծ հարգանք չի առաջացնում։ Տավուշից արտագնա աշխատանքի մեկնողները Ռուսաստանում կատարում են բնակելի շենքերի տարածքների, արտադրական եւ այլ կառույցների ներսի նորոգման, հարդարման աշխատանքներ, տարբեր կոնստրուկցիաների հավաքում, իսկ ամռան ամիսներին՝ ճանապարհների նորոգում, ասֆալտապատում։ Արտագնա աշխատանքի մեկնածներից շատերը Ռուսաստանի քաղաքներում տաքսի են քշում։ Տավուշցի տղամարդկանց Ռուսաստանի Դաշնություն հրավիրող գործատուները հիմնականում հայեր են, նրանք հաճախ երկվոր բանվորներին ապահովում են կացարանով, սննդով, ծխախոտով։ Արտագնա աշխատանքի մեկնողների ամսական աշխատավարձը սովորաբար լինում է 350- 400 հազար դրամ եւ ավելի բարձր։
ԻՆՔՆԱՎՆԱՍՈՒՄ Է ԱՐԵԼ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործերի մեջ քիչ չեն զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքեր։ Ընդ որում՝ զինվորական պարտականությունները կատարել հրաժարվածների մեջ կան ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողներ։ Երբեմն զինծառայողները կատարում են ինքնավնասումներ։ Կարեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի ժամկետային զինծառայող, 2022թ. հուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն պատկանող եղունգկտրիչի միջոցով կրծքավանդակի եւ նախաբազկի շրջանում կատարել է անդամախեղում՝ իրեն պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, որը հանգեցրել է զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն։ Կ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 528 հոդվածի 1-ին մասով։ Դատարանում սույն մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։ Սույն քրեական գործով Տավուշի մազի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում նիստեր են կայանում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ