ՊԵՏՔ Է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿՌՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում ստեղծված ճգնաժամը գնալով խորանում է: Ադրբեջանն արդեն 3 ամսից ավելի է՝ բնապահպանական կեղծ պատճառաբանություններով փակել է Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

 

Ադրբեջանը հրաժարվում է բանակցությունների դուրս գալ ո՛չ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի հետ, ավելին՝ հրաժարվում է կատարել անգամ Հաագայի միջազգային դատարանի վճիռը, որով պարտավորվել էր բացել Արցախի կյանքի ճանապարհը:

Լաչինի միջանցքի շրջափակումից հետո այստեղ մնացած արցախցիները ժամանակավոր բնակություն են հաստատել  Հայաստանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Գորիսում:

Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի  վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել  է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ:

Վերջինս էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Լաչինի խնդրի լուծումը խաղաղ տարբերակով չի տեսնում: Առուշանյանի խոսքով՝ պետք է մինչեւ վերջ կռվենք՝ հանուն Հայաստանի ու Արցախի:

Գորիսի քաղաքապետը հավելեց նաեւ, որ պարբերաբար այցելում է ճանապարհի փակման արդյունքում Գորիսում մնացած արցախցիների հետ, որոնց միակ ցանկությունը իրենց տուն՝ Արցախ վերադառնալն է:

-Պարո՛ն Առուշանյան, արդեն 3 ամսից ավելի է՝  Լաչինի միջանցքը փակ է, Ադրբեջանը հրաժարվում է բացել Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, հարյուրավոր արցախցիներ մնացել են այստեղ՝ իրենց ընտանիքներից հեռու: Ի՞նչ ելքեր եք տեսնում այս իրավիճակից, ըստ Ձեզ՝ թշնամին ե՞րբ կբացի ճանապարհը:

-Չեմ կարող հստակ ասել, թե երբ կլուծվի Լաչինի շրջափակման խնդիրը, բայց կարող եմ հաստատ ասել, որ բոլորս պատրաստակամ ենք, մեր կյանքի գնով պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը: Հիմա որ թշնամին գա մեզ սպանելու, հո ձեռքներս չե՞նք պարզելու, ասենք՝ դե սպանի. պարզ է, որ պետք է մինչեւ վերջ կռվենք: Ճնապարհը փակել են, մեր ժողովրդին շրջափակել են, սա փաստ է, ես խնդրի լուծումը խաղաղ ճանապարհով չեմ տեսնում:

-Պարո՛ն Առուշանյան, հանիպու՞մ եք ճանապարհի շրջափակման հետեւանքով Գորիսում մնացած արցախցիներին, ի՞նչ են պատմում նրանք:

-Իհարկե, պարբերաբար հանդիպում եմ ճանապարհի փակման արդյունքում այստեղ մնացած արցախցիների հետ. նրանք բոլորը մարտական են, բոլորն էլ ցանկանում են հետ գնալ իրենց տները եւ այնտեղ շարունակեն ապրել: Բոլորի ցանկությունը սա  է:

-Վերջին օրերին թշնամին պարբերաբար սադրանքների է դիմում  ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ.  ի՞նչ իրավիճակ է այս օրերին Սյունիքում.

-Սյունիքում կրակոցներ չկան, հարաբերականորեն հանգիստ վիճակ է: Մենք մարտական ենք տրամադրված, բոլորս մեր տեղում ենք, ցանկացած խնդրի դեպքում պատրաստ ենք ոտքի կանգնել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Խորհրդարանում հյուրընկալել եմ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերի պատվիրակությանը։ Դեսպանին շնորհակալություն եմ հայտնել Միացյալ Թագավորության խորհրդարանի ներկայացուցիչների կողմից ադրբեջանական գործողությունները հասցեական քննադատելու, Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտման, ցեղասպանության շարունակականության մասին հիշատակելու համար։

 

Միաժամանակ ահազանգել եմ, որ նկատելի են ադրբեջանական զինուժի եւ ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի եւ Արցախի սահմաններին, պատերազմի լրջագույն վտանգ եւ սպառնալիք կա։ Բացի այդ, Ադրբեջանը, կասկածի տակ դնելով ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի հեղինակությունը, չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը եւ շարունակում է Բերձորի միջանցքը փակ պահել, որի հետեւանքով Արցախում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ օրհասական։

«Իսկապես խաղաղության գինը շատ լավ եմ պատկերացնում։ Այն տարածքները, որտեղ անցկացրել եմ իմ մանկությունը, հիմա օկուպացված են թշնամու կողմից, Արցախի 120000 շրջափակված մեր հայրենակիցները գտնվում են հումանիտար աղետի ծանր պայմաններում։ Ինչքան մենք խոսում ենք խաղաղությունից, այնքան ստանում ենք ագրեսիա Ադրբեջանի կողմից»։

Ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ հասկանում է իրավիճակի բարդությունը եւ հումանիտար խնդիրների լրջությունը, եւ հայտնել, որ Միացյալ Թագավորությունը սատարում է հակամարտության կայուն եւ խաղաղ կարգավորման միջազգային ջանքերին, շեշտել է կառուցողական երկխոսության, վստահության մեխանիզմների կարեւորությունը։ Դեսպանը հավելել է, որ Միացյալ Թագավորությունն Ադրբեջանի հետ զրույցներում նշել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Նա նաեւ հույս է հայտնել, որ երկխոսության արդյունքում իրավիճակում իրական փոփոխություն կլինի։ Պարոն Գալագերը կարեւորել է հանձնաժողովի գործունեությունը Միացյալ Թագավորության համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում, այդ թվում՝ կանանց իրավունքներին առնչվող հարցերի տեսանկյունից։

Քննարկել ենք նաեւ Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցեր»։

 

 

 

ԱՀԱԶԱՆԳ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՑ

«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ էր ստացել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տիրող անառողջ մթնոլորտի մասին: Մասնավորապես, մեզ ահազանգած քաղաքացիները նշել էին, թե  ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը բոլոր հանդիպումներին ներկայանում է օգնականի հետ՝ որպես վկայի: Այդ նույն տեղեկությունների համաձայն՝ նրա օգնականը, որն իգական սեռի ներկայացուցիչ է, աշխատանքի է գալիս ու գնում այն ժամին, երբ իրեն է հարմար, աշխատում է շատ անփույթ, դիմումները մակագրում է սխալ: Ավելին՝ նույն տեղեկությունների համաձայն՝ վերջերս նա արձակուրդ էր գնացել երկրից դուրս՝ առանց արձակուրդ ձեւակերպելու, քանի որ չի լրացել աշխատանքի ընդունվելու 6 ամիսը:  Նշվում էր, թե տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը տեղյակ է այդ ամենի մասին, ցանկացել է աշխատանքից հեռացնել Սուրեն Մինասյանի օգնականին, սակայն վերջինս ընդդիմացել է:  Եվ, ահա, այս տեղեկությունների առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել տեսչական մարմին: Ի պատասխան՝ տեսչական մարմնի ղեկավարն իր տեղակալի կողմից օգնականին հանդիպումների տանելու հարցին խուսափողական պատասխան է տվել՝ նշելով. «Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի իրավունքներն ու պարտականությունները հստակորեն սահմանված են Տեսչական մարմնի Կանոնադրությամբ»։ Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնական Հ. Արզումանյանին տրամադրվել է 5 օր չվճարվող արձակուրդ՝ սկսած 2023 թ.փետրվարի 13-17-ը ներառյալ՝ հաշվի առնելով վերջինիս 2023թ. հունվարի 24-ի դիմումը։ Նա նաեւ հավելել է, թե իր կողմից իր տեղակալի օգնականին աշխատանքից ազատելու հարց չի քննարկել:

 

 

 

 

ՊԵՏՔ Է ԹԵԹԵՎԱՑՆԵԼ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն երեկ՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ շրջափակման պայմաններում սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց վճարները սոցիալապես անապահով բնակչության համար ծանր բեռ են, եւ Կառավարությունը, հատկապես՝ ստեղծված իրավիճակում, համարժեք քայլեր կատարելու պատասխանատվություն պիտի ստանձնի: «Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակման հետեւանքով մեր քաղաքացիները կորցրել են աշխատանքն ու հայտվել սոցիալական ծանր վիճակում: Անհրաժեշտ է մշակել աջակցության այնպիսի համակարգ, որը թույլ կտա որոշակի աջակցություն ցուցաբերել աշխատանքը կորցրած կամ բավարար եկամուտ չունեցող ընտանիքներին: Պետք է մշակել այնպիսի մեխանիզմ, որը կապահովի աջակցության արդարությունն ու թափանցիկությունը, հավասարությունը, կունենա խիստ նպատակային բնույթ եւ իրապես կուղղվի նրանց, ովքեր ունեն դրա կարիքը»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը: Պետնախարարը շեշտել է նաեւ, որ վերջին շրջանում շատ դիմումներ է ստացել քաղաքացիներից այդ թեմայով, ինչը վկայում է խնդրի առկայության մասին: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ անհրաժեշտ է մտածել աջակցության մասին, բայց դրանից պետք է օգտվեն միայն իրականում դրա կարիքը ունեցողները:

 




Լրահոս