Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց: Այս մասին նա հայտարարեց արտահերթ գործակարգավարական նիստում:
«Հիմա, երբ որ ավագանու ընտրությունները մոտ են, ու կառավարության ու քաղաքապետարանի համագործակցությունը լավ է, ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին. շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ», -ասել է Սարգսյանը։
38-ամյա Հրաչյա Սարգսյանը պաշտոնավարում է ավելի քան մեկ տարի։ Նա քաղաքապետ դարձավ Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո։ Մարությանին իշխող թիմը անվստահություն հայտնեց, քանի որ պատերազմին հաջորդած խորհրդարանական ընտրություններում նա չաջակցեց Նիկոլ Փաշինյանին։
Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին փոխարինելու է քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Քաղաքապետի պարտականությունները դրվում են քաղաքապետի առաջին տեղակալի վրա, մինչեւ ավագանին իր կազմից կընտրի նոր քաղաքապետ։
Իսկ ինչպե՞ս է ընտրվում նոր քաղաքապետը. Երեւան քաղաքում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ է տեղի ունենում քաղաքապետի հրաժարականի դեպքում:
«Հոդված 46. Քաղաքապետի արտահերթ ընտրությունները
- Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:
- Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:
- Արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով»:
Իսկ հոդված 44-ի 4-6-րդ մասերն ասում են.
«4. Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
- Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաեւ հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:
Երկրորդ փուլում քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:
- Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից»:
Հավելենք, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը։ «Հայտնում եմ, որ քիչ առաջ արտահերթ գործակարգավական խորհրդակացության ընթացքում Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց հրաժարական ներկայացնելու մասին: Միաժամանակ, տեղեկացնում եմ նաեւ, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը»,- գրել է նա։
Ն.Հ.
ՍՊԱՅԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ
ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը պատրաստվում է կալանքի տանել Ազատ գյուղի ողբերգական հրդեհի դեպքով սպային՝ Եղիշե Հակոբյանին, որը բենզինը լցրել էր եւ վառարանը վառել, ինչի հետեւանքով կացարանում հրդեհ էր բռնկվել: Նշենք, որ սպան այս պահին գտնվում է «Մուրացան» զինվորական հոսպիտալում:
Հիշեցնենք, որ կացարանի հրդեհից մահացել էին 15 զինծառայողներ:
ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏ
Արցախի խորհրդարանում երեկ՝ մարտի 17-ին, Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Ռազմական դրության պայմաններում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները եւ գործողությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում» թեմայով դռնփակ քննարկում է կազմակերպվել, որին ներկա էր նաեւ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկմանը հրավիրված էին ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ՆԳՆ ԱԻՊԾ տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ- շտաբի պետ, գնդապետ Սամվել Գրիգորյանը, ԱՀ նախագահի խորհրդական Գրիգորի Սահակյանը, ԱՀ Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը:
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դավիթ Գրիգորյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Գրիգորյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատելով քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ:
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԶԵԿՈՒՑԵԼ ԵՆ
Հաշվետու տարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության ենթագերատեսչական միավորումներում եւ ձեռնարկություններում արտադրվել եւ ուժային կառույցներին է հանձնվել պաշտպանական նշանակության 160 անուն արտադրանք։ Դա արտացոլվել է Ադրբեջանի կառավարության 2022թ. գործունեության հաշվետվությունում։
Փաստաթղթում նշվել է, որ 2022թ. կատարվել են 47 թեմաների վերաբերյալ փորձնակոնստրուկտորական աշխատանքներ, նախարարության ենթակա ձեռնարկությունները լիովին ավարտել են պաշտպանական նշանակության 5 անուն արտադրանքի ստեղծման աշխատանքները։
ԲԱՆԱԿՑՈՂԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
«Բանակցություններին այլընտրանք չկա. հաջորդ ճանապարհը պատերազմն է»,- երեկ՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Բայց բանակցողը պետք է փոխվի, որովհետեւ արդեն 2 տարի է անցել պատերազմից, եւ բանակցողը մինչեւ հիմա չի հասկացել, որ ինչքան մենք զիջում ենք, այնքան Ադրբեջանի ախորժակը բացվում է: Դուք կհիշեք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, իր որոշմամբ, մեր զորքերը Սյունիքից հետ են քաշվել պատերազմից հետո, որպեսզի հնարավոր ռիսկերը կանխի եւ կարողանա կանխարգելել հետագա պատերազմը: Մենք դրանից հետո ստացանք նորից պատերազմ, ստացանք Սյունիքում ագրեսիա, հողեր վերցրեցին: Մենք ունեցանք զիջումներ տարբեր հատվածներում, նաեւ բանակցային դիրքերի զիջումներ, նաեւ Արցախի հարցում նշաձողի իջեցման պատրաստակամություն, նաեւ Պրահայում ադրբեջանամետ դիրքորոշման արտահայտում: Այս բոլոր զիջումները Նիկոլ Փաշինյանն է իրականացրել: Պետք էր ի սկզբանե հասկանալ՝ մեր թշնամին ով է, մի քիչ ուսումնասիրել, նոր գնալ բանակցությունների զրոյական կետից: Պետք է բանակցողը փոխվի, որ կարողանա Հայաստանի ազգային շահն առաջ տանել»,-ասաց նա:
ՀԱՅՏՆԻ Է ՆՇԱՆԱԿՄԱՆ ՕՐԸ
Սիսիան եւ Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել։ Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 16-ն էր։ Այսպիսով, Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը եւ Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները, ինչպես նաեւ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուների գույքի ու եկամուտների մասին հայտարարագրերը հրապարակված են ԿԸՀ պաշտոնական կայքում՝ Elections.am: Նախընտրական քարոզարշավն ավարտվում է մարտի 24-ին։ Ընտրությունները նշանակված են մարտի 26-ին։