ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվել են օրեր առաջ Ջրվեժ համայնքում գործող խանութ սրահի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքի մի շարք էական հանգամանքեր, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Վերջինս Երեւան քաղաքի 34-ամյա  բնակիչ է:

 

2023թ. մարտի 2-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնից ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 1-ին` ժամը 23:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Ջրվեժ համայնքի 49-ամյա մի բնակիչ: Վերջինս, գիտակցության չգալով, ավելի ուշ մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն. զննության են ենթարկվել Ջրվեժ համայնքում գործող խանութ սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, խանութի դիմաց կայանված GAZ մակնիշի ավտոմեքենայի աջ եւ ձախ կողային հատվածներում հայտնաբերվել են արնանման հետքեր:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք:

Քրեական վարույթի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ մարտի 1-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, 34-ամյա տղամարդը ինքնությունները չպարզված անձանց հետ միասին հիշյալ խանութ սրահի դիմաց վիճաբանության մեջ է մտել Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակչի, վերջինիս որդու եւ մի քանի այլ անձանց հետ տաղավարի հողատարածքի ձեւափոխման հարցի շուրջ։

Այդ ընթացքում վերոնշյալ անձինք սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել միմյանց, որի ժամանակ Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակիչը վայր է ընկել, իսկ 34-ամյա տղամարդը քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում ձեռք բերած եւ իր մոտ պահվող հրազենից կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոց է արձակել Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակչի գլխի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Իր հետ դեպքի վայր եկած անձանց հետ նա դիմել է փախուստի:

Հսկող դատախազի կողմից Երեւան քաղաքի 34-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից հանձնարարություն է տրվել ոստիկանությանը նշված անձին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ քրեական հետապնդման ենթարկվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական եւ ապացուցողական միջոցներ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ միջադեպին մասնակից  մյուս անձանց ինքնությունները պարզելու, վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ: Այդ նպատակով հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։

 

 

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Կատալոնիայի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է Ադրբեջանից դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում եւ Հայաստանի հետ սահմանին, վերադառնալ հրադադարով հաստատված ստատուս քվոյին:

 

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Խորհրդարանն իր  մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի սահմանները Ադրբեջանի կողմից  շարունակական խախտման կապակցությամբ, նրա ապակայունացնող գործողությունների  համար:

Կոչ է անում վերականգնել խաղաղ բանակցությունները Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար:

Պահանջում  է, որ Ադրբեջանի Հանրապետությունը դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու շփման սահմանին, ու   հատկապես պետք է զերծ մնա Հայաստանի Հանրապետության սահմանները խախտելուց եւ վերադառնա հրադադարով հաստատված ստատուս քվոյին, որը արտացոլված է  2020 թվականի եռակողմ հայտարարությամբ։ Միաժամանակ կոչ է  անում  կողմերին ձեռնարկել ամեն ինչ՝ նրանց տրամադրության տակ գտնվող դիվանագիտական գործիքներով վերականգնելու խաղաղությունը։

Խորհրդարանը  Եվրամիությունից պահանջում է իր լծակները օգտագործել՝ նախ՝ 2020 թվականի հրադադարի համաձայնագրին վերադառնալու, իսկ հետո՝ արդար եւ երկարատեւ խաղաղությանը հասնելու համար։

Նաեւ պահանջում է անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի բոլոր վաճառքները։

Կոչ է անում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, որոնք դեռ գտնվում են Ադրբեջանում գերության մեջ։

Կարեւորում է Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի պատերազմից հետո հրադադարի համաձայնագրի կատարումը, եւ որ այդ գերիները միեւնույն ժամանակ ստանան  արդար վերաբերմունք՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան»։

 

 

 

 

ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ

Երեւանում կայանալիք «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով վարչապետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։

Միջգերատեսչական հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Անդամներն են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի

նախարար Ժաննա Անդրեասյանը եւ այլք։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերին, իսկ հանձնաժողովը պետք է ամեն ամիս հաշվետվություն ներկայացնի։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԶՐԿՎԵԼ ԵՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 880 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 182 հիվանդ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ եւ սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը. հիվանդները տեղափոխվում են նստած վիճակում:

755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 8,300 մարդ կորցրել է աշխատանքը եւ եկամտի աղբյուրը։

Ավելի քան 38,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը` շուրջ 3,370 տոննա ապրանք՝ գերակշիռ մասը՝ սնունդ ու դեղորայք:

 




Լրահոս