«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կոռուպցիոն վերջին սկանդալային բացահայտումներից հետո ՔՊ-ականները երես են թեքել իրենց թիմակցից՝ Արսեն Թորոսյանից, ում պաշտոնավարման օրոք էլ կորոնավիրուսի դեմ պայքարի քողի ներքո գումարներ են մսխվել պետբյուջեից:
Բանն այն է, որ իր նախկին տեղակալի՝ Գեւորգ Սիմոնյանի եւ նույն գործով մյուս աղմկոտ ձերբակալություններից հետո Արսեն Թորոսյանը տարբեր պատրվակներով հանդիպումներ է փնտրել թիմակիցների հետ, զրուցել է նրանց հետ, որպեսզի նախ թիմակիցների տրամադրությունները ստուգի, հասկանա՝ ինչպես են տրամադրված իր նկատմամբ, բացի դա, փորձել է նրանց սիրտը շահել, տարբեր արդարացումներ բերել, որպեսզի մեղադրանքների սլաքներն իր ուղղությամբ չգան:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, թիմակիցներին սիրաշահելու Թորոսյանի այս փորձերն ապարդյուն են անցել, ավելին՝ տեղեկացանք, որ ՔՊ-ականները շատ բացասական են տրամադրված Թորոսյանի նկատմամբ, միեւնույն ժամանակ զգուշավոր են նրա հետ, քանի որ չեն կարողանում հասկանալ՝ ի վերջո, Փաշինյանը մինչեւ ուր է պատրաստ գնալ, արդյոք թույլ կտա, որ բանը հասնի այն կետին, որ Թորոսյանին պատգամավորական մանդատից, անձեռնմխելիությոնից զրկեն եւ կալանավորեն:
Տեղեկացանք, որ աղմկոտ ձերբակալություններին հաջորդող մի քանի օրերին Թորոսյանը շատ անտրամադիր է եղել, վախվորած, բայց, ըստ մեր աղբյուրների, վերջին մի քանի օրերին Թորոսյանի տրամադրությունն ակնհայտ բարձր է: Թիմակիցները չեն կարողանում հասկանալ՝ որն է Թորոսյանի այդչափ բարձր տրամադրության պատճառը: ՔՊ-ում կարծում են, որ Թորոսյանին, ի վերջո, հաջողվել է ինչ-որ շրջանակների համոզել, որ ինքը որեւէ մասնակցություն չի ունեցել այդ չարաշահումների մեջ, վստահեցրել, որ կարող են իրեն էլ հարցաքննել եւ տեսնել, որ ինքը «մաքուր է»։
ՔՊ-ում ոչինչ չեն բացառում, քանի որ Փաշինյանն իր թիմակիցների հետ բաց չի խոսում, մտերիմներ թիմում չունի, ուստի նրանից հասկանալի չէ՝ ինչ որոշում ունի նա՝ Թորոսյանի հետ կապված:
ՔՊ-ականներն էլ, կարելի է ասել, լուռ հետեւողների դերում են, չեզոք հարաբերություններ են պահպանում Թորոսյանի հետ, մինչեւ տեսնեն՝ Նիկոլ Փաշինյանն ինչ որոշում կկայացնի։
Մի բան հստակ է. ՔՊ-ականների մեծ մասի սրտով է Արսեն Թորոսյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ թե՛ նախարար, թե՛ վարչապետի աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ Թորոսյանը չոր ու կոպիտ է եղել իր թիմակիցներից շատերի հետ, անգամ չի էլ ցանկացել հանդիպել նրանց՝ արգելափակելով նրանց հանդիպումները Փաշինյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի որդու պաշտպանները դատարանի դահլիճում եւ նախաքննական մարմնում, ԱԱԾ-ում բանավոր կերպով հայտարարել են, որ կասկածներ ունեն, որ Իրավապահները Գրիգորի Խաչատուրովի հետեւից են ընկել նրա՝ 2021 թվականի հայտարարության պատճառով, որի ժամանակ ՊՆ գեներալը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ասել է թե՝ նախաքննական մարմնում եւ դատարանի դռնփակ նիստում այդ հարցը բարձրացվել է: Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը մարտի 16-ին կալանավորվեց եւ այժմ գտնվում է Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում: Ըստ Գլխավոր դատախազության՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։ Գրիգորի Խաչատուրովը չի ընդունում մեղադրանքը: Արդյունքում՝ փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժեց նրան կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, որից հետո Գլխավոր դատախազությունը հակակառուպցիոն դատարանի որոշման դեմ բողոք է տարել ՀՀ վերաքննիչ դատարան, ինչը դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է: Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները պնդում են, որ դա կարված ուղղորդված քրեական գործ է, որի վաղեմության ժամկետը 10 ամսից լրանում է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրված ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին ՔՊ-ականները որեւէ քաղաքական հարց չեն տվել, թե, օրինակ, ինչու նա պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Փոխարենը ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը, իսկ արդեն հարցուպատասխանի ռեժիմի ժամանակ տվել են որոշ հարցեր՝ պատերազմի հետ կապված, թե ում մեղքն էր, որ պարտվեցինք այս կամ այն տարածքում եւ այլն: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Օնիկ Գասպարյանին հարց է տրվել Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին. «Մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետեւ մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում»: Այսինքն՝ խոսքը դրսի դրդամբ ներքին խարդավանքների մասին է: ՔՊ-ականները ցանկալի պատասխան չեն լսել: Հավելենք, որ հաջորդը ԱԺ հանձնաժողով կգա ԳՇ նախկին պետ, մեղադրյալի աթոռին հայտնված Արտակ Դավթյանը:
Վերջին տարիներին Հայաստանում նկատվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի նվազում։ Համաձայն ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2022-ին անչափահասների կողմից արձանագրվել է հանցագործությունների կատարման 105 դեպք, նախորդ տարի՝ 147 դեպք, իսկ այս տարվա 2 ամիսներին՝ 10 դեպք։ Ոստիկանությունից հայտնում են, որ անչափահասների հանցագործությունը կանխարգելելու համար կատարում են հատուկ եւ կանխարգելիչ միջոցառումներ։