ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ, Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված, մարտի 23-ին Թբիլիսիում՝ Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանում, կբացվի «Թումանյանը եւ Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ ապրիլի 13-ը:

 

Ինչպես ArmLur.am-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, ցուցադրությունը ներկայացնում է թիֆլիսյան կյանքի թումանյանական ընկալումները՝ մարդկային հարաբերություններից մինչեւ գրական պոռթկումներ: «Մարտի 24-ին Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի կունենա հիշատակի համերգ. ելույթ կունենա «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության տրամադրություններով: Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Վրաստան կմեկնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառման կազմակերպիչներն են Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը, Հովհ. Թումանյանի թանգարանը (Երեւան), «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը, «Հայարտուն» մշակութային կենտրոնը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը (Երեւան):

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Իր ստեղծագործություններից շատերում նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ.), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ.), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ.)։

Թումանյանի պոեմներից, բալլադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում: 1912-1921 թթ. Հայ գրողների կովկասյան միության նախագահն էր։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։ Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին՝ 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

 

 

 

 

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ «ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ» ԳԻՐՔԸ

Կայացավ հայրենադարձ Մարիաննա Շահպարոնյանի «Դեպի Հայաստան» գրքի շնորհանդեսը: Բանաստեղծությունների ժողովածուն արտացոլում է հեղինակի մեծ սերն ու կարոտը հայրենիքի հանդեպ: «Հայրենիքին նվիրված ժողովածու գրելու նպատակը հայաստանաբնակ եւ աշխարհասփյուռ հայությանը ազգային արժեքների շուրջ միավորելն է: Ես ինձ վրա վերցրել եմ բարձր առաքելություն՝ մշակույթի միջոցով միավորելու հայ ազգը իմ հնարավորության սահմաններում»,- ասաց գրքի հեղինակը: Շահպարոնյանը ավելի քան 20 տարի ապրել է Ռուսաստանում: 2010 թվականին տեղափոխվել է Հայաստան: Հիշում է՝ առաջին բանաստեղծությունը գրել է դեռեւս 5 տարեկանում, երբ ընտանիքով Սեւանա լիճ են այցելել: Պատմում է՝ ոգեշնչվել է հենց լճի գեղեցկությունից: «Հայրենիքի հանդեպ ունեցած կարոտն ու սերը ինձ հանգիստ չի թողել: Մայրս պատմում է՝ երբ 5 տարեկան էի, Հայաստան հերթական այցելության ժամանակ Սեւանին նայելիս ասել եմ՝ շուտ թուղթ ու գրիչ վերցրու ու գրիր ասածս: Մայրիկիս հանգավորված բանաստեղծություն եմ թելադրել, ու ինքն ապշած է մնացել»,- պատմեց գրքի հեղինակը: Շահպարոնյանը 13-14 տարեկանում հրատարակել է իր առաջին ժողովածուն, որը եղել է ռուսերեն եւ ունեցել է քիչ տպագրական քանակ: Այս մեկը նրա առաջին հայատառ եւ շատ տպագրաքանակով գիրքն է:

«Տատիկս կիրակնօրյա դպրոցի հայերենի ուսուցիչս էր եւ ասում էր, որ միշտ երազում է, որ հայատառ էլ ստեղծագործեմ: Հայերենով գրելն ինձ միշտ անհնարին է թվացել, բայց այսօր հպարտությամբ զանգել եւ տեղեկացրել եմ նրան, որ իմ հայալեզու գրքի շնորհանդեսն է»-, ասաց հեղինակը:

Բանաստեղծությունները թարգմանվել են 6 լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն. թարգմանել է հենց հեղինակը։ Հունարեն, իտալերեն, նիդերլանդերեն թարգմանվել են թարգմանիչների աջակցությամբ: Հեղինակը խոստացավ նաեւ նոր գիրք, որը Հայաստան վերադառնալու մասին է լինելու: Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը:




Լրահոս