ՄԻ՛ ՓՈՐՁԵՔ ԳՐԱՔՆՆԵԼ ՄԵԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը երկարաշունչ մեջբերումներով մի գրություն է երեկ հասցեագրել «Ժողովուրդ» թերթի խմբագրություն եւ «նախազգուշացում հայտարարել» Քնար Մանուկյանին: Բանն այն է, որ Մանուկյանը մի հրապարակում էր արել, թե ինչպես են ԱԺ շենքի պահպանությունն իրականացնող աշխատակիցները հավաքվել ԱԺ դահլիճի դռան մոտ, երբ լսել են պատգամավորների գոռգոռոցները, որպեսզի դահլիճ մտնեն, երբ նախագահողը հրահանգի:

Աշխատակազմի ղեկավարը գրել է, թե այս հրապարակումով ՔՆար Մանուկյանը խախտել է ՀՀ ԱԺ 2017 թ. դեկտեմբերի 27-ի, ԱԺ խորհրդի 2019 թվականի, ԱԺ նախագահի որոշումները: Ի պատասխան ԱԺ աշխատակազմի նորաթուխ ղեկավարին՝ ընդգծում ենք, որ երեկ «Ժողովուրդ» թերթի խմբագրություն հասցեագրված գրությամբ Դավիթ Առաքելյանը խախտել է ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի 23-րդ կետը, այն է՝ «23. Ազգային ժողովը եւ Աշխատակազմը՝ 1) որեւէ ձեւով կամ եղանակով չեն կարող գրաքննություն իրականացնել լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ. 2) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում են ոչ խտրական պայմաններ. 3) չեն կարող խոչընդոտել լրագրողի օրինական գործունեությանը»:

ՀՀ աշխատակազմի ղեկավարն իր գործունեությամբ փորձել է գրաքննել «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցչին, քանի որ, նախ, Քնար Մանուկյանին զանգահարել են լրատվական ծառայությունից եւ պահանջել ջնջել հրապարակված նյութը եւ ստանալով մերժում՝ ուղարկել են նախազգուշական մի գրություն: Դավիթ Առաքելյանը որեւէ իրավունքով չի կարող ԱԺ-ում հավատարմագրված լրագրողին արգելել լուսաբանելու ԱԺ-ում տեղի ունեցող զարգացումները, գրաքննել լրագրողին, ցուցաբերել խտրական մոտեցում: Կհիշեք՝ ԱԺ աշխատակազմը կամ լրատվական ծառայությունը անվտանգության աշխատակիցների մասնագիտական գործունեության արգելվող լուսաբանման մասով նախկինում ակտիվությամբ աչքի չի ընկել: Երբ ԱԺ դահլիճում անվտանգության աշխատակիցները կին պատգամավորի նկատմամբ բռնություն էին գործադրում, քաշքշում էին տղամարդ պատգամավորներին, ու բոլոր տեսանյութերը կան, որեւէ լրատվամիջոց կամ լրագրող նկատողություն չի ստացել ԱԺ աշխատակազմի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը հորդորում է ԱԺ աշխատակազմին օրինազանցությամբ եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ աչքի չընկնել եւ չփորձել գրաքննել «Ժողովուրդ» օրաթերթին: Չի հաջողվել, չի հաջողվի եւ չի հաջողվելու: Մենք իրադարձությունները լուսաբանում ենք օբյեկտիվորեն:

Հ.Գ. Հիշեցնենք, որ Freedom House միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունն իր զեկույցում քննադատել էր այն, որ Ազգային ժողովում լրագրողի տեղաշարժը սահմանափակվում է, եւ դա համարվել է հետընթաց։

 

 

 

Այսօր Արցախի խորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Արայիկ Հարությունյանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ, օրինակ, նախագահը անսպասելի հրաժարական է տալիս, մահանում է կամ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այլեւս ի վիճակի չէ պաշտնավարել,  նախագահ ընտրելու լիազորություն կտրվի խորհրդարանին: Սա, ընդգծենք,  չի վերաբերում նախագահի հերթական ընտրություններին. այս դեպքում  նախագահին Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրելու է ժողովուրդը: Արցախի ԱԺ պետաիրավական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց նախագծին: Այսպիսով, Սահմանադրական բարեփոխումների նախագիծն այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի, քվեարկություն, սակայն, այսօր չի լինի: Քննարկման ժամանակ պատգամավորները իրենց առաջարկները կներկայացնեն՝ նախագծի հետ կապված, որից հետո այն կգնա Գերագույն դատարան: Դատարանը 10-օրից մինչեւ 6-ամսյա ժամկետում իր եզրակացությունը կներկայացնի՝ նախագծի հետ կապված, որից հետո նորից այն կվերադառնա խորհրդարան եւ  արդեն քվեարկության կդրվի: Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի  2/3-ով (22 պատգամավոր):

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի դատարանը մի քանի անգամ ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին ներկայանալու իր գործով դատական նիստերին, սակայն իշխանական պատգամավորը չի ներկայացել եւ պատճառաբանել է, թե ծանուցում չի ստացել: Դատական համակարգը որոշել է Գաբրիելյանին ծանուցում ուղարկել ՀՀ Ազգային ժողովի միջոցով, որպեսզի նա ներկայանա դատարան: Իսկ ի՞նչ գործով պետք է Սիսակ Գաբրիելյանը ներկայանա Երեւան քաղաքի դատարան: Բանն այն է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, մասնակցելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչեւ 11:30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում` ՀՀ Ազգային ժողովի մոտ, Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման նպատակով անցկացվող հավաքին, խոչընդոտել է աշխատանքի վայր ժամանող ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի երթեւեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ: «Պատգամավորը փորձել է խուսափել կոնֆլիկտից եւ առաջարկել է բացել ճանապարհը, սակայն հավաքի մասնակիցներից չպարզված անձը Գաբրիելյանին վիճաբանության մեջ ներքաշելու նպատակով հարվածել է նրա ավտոմեքենային: Վիճաբանություն է սկսվել պատգամավորի ու հավաքի մասնակիցների միջեւ, որի ընթացքում Աշոտ Սիմոնյանը հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել Գաբրիելյանին, քաշքշել եւ եւ այլն»: Այս գործը դատարանում է, եւ այն քննում է ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանի եղբորորդին՝ Ժորա Չիչոյանը, որի ծանուցումները եւս պատգամավոր Գաբրիելյանը անտեսում է: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Սիսակ Գաբրիելյանի հետ՝ հասկանալու համար, թե նա, ի վերջո, ներկայանալու է արդյոք դատարան, կատարելու է դատարանի որոշումը, թե էլի «ծանուցում չի ստացել»: «Չգիտեմ՝ ինչ գործի մասին եք ասում: Ծանուցում ստացել եմ, բայց այս անգամ էլ չեմ գնա, քանի որ երկրում չեմ լինելու. Միացյալ Նահանգներ եմ մեկնում»:

 

 

ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ դատարան չի ներկայացել: Դատավորը բացել է նիստը եւ փակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Խաչատրյանի առողջական վիճակը վատ է. դա է պատճառը, որ դատարան չի ներկայացել: Ինչպես հայտնի է, հունվարի 18-ին Գագիկ Խաչատրյանին դատարանը թույլատրել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով։ Նա 2023 թվականի հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 10-ը բացակայել էր երկրից, եւ չնայած մեղադրող դատախազը դեմ էր՝ մտավախություն հայտնելով, որ Խաչատրյանը Հայաստան չի վերադառնա, այնուամենայնիվ, Խաչատրյանը գնաց եւ հետ եկավ: Ինչպես հայտնի է, Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու եւ փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։ Գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրում է նաեւ ապօրինի ճանապարհով հարստանալու համար։ Գագիկ Խաչատրյանից եւ նրան փոխկապակցված 20-ից ավելի անձանցից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երեւան քաղաքում: Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, մասնակցություն իրավաբանական անձ հանդիսացող 33 կազմակերպությունում, նաեւ ավելի քան 40 միլիարդ դրամ:




Լրահոս