Ազգային ժողովը չի դիմի Սահմանադրական դատարան ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով. Սաֆարյանին վերաբերող «Հայաստան» խմբակցության որոշման նախագիծը բավարար ձայներ չհավաքեց. իշխանությունները չմասնակցեցին քվեարկությանը:
Անցած տարի իշխանական խմբակցության ձայներով Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Սաֆարյանը, ըստ ընդդիմության եւ մի խումբ փաստաբանների, զբաղվել է բարձր դատարանի դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությամբ՝ ձեռնարկատիրությամբ։ Այս հարցն ի հայտ եկավ, երբ փետրվարի սկզբին որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե Սաֆարյանը դատավորի լիազորությունները ստանձնելուց հետո փաստաբանական դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան։
Փաստաբանները տարբեր ապացույցներ են ներկայացրել, եւ, նրանց համոզմամբ, դրանք ապացուցում են, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) նորընտիր դատավոր Սեդա Սաֆարյանը պետք է պաշտոնանկ արվի։ Ըստ այդ տվյալների՝ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալուց հետո՝ ավելի քան մեկ ամիս, Սաֆարյանը պետռեգիստրում ունեցել է անհատ ձեռներեցի կարգավիճակ, ինչն անհամատեղելի է դատավորի գործունեության հետ։
«Սա հենց այն քաղվածքն է՝ ստացված պետական ռեգիստրից, որն ունի ընդհանուր բազային տեղեկատվություն որպես անհատ ձեռնարկատեր Սեդա Սաֆարյան Սերյոժայի տվյալների մասին, որով նա իրականացրել է իր փաստաբանական հատուցելի գործունեությունը օրենքի համապատասխան լինելու համար: Օրինակ՝ հարկ վճարելու, հաշվառվելու, պետական մարմինների հետ հարաբերվելու համար արդեն որպես ոչ թե փաստաբան, այլ որպես ձեռնարկատեր, որպես շահույթ հետապնդող անձ», – ներկայացրել էր փաստաբան Սոս Հակոբյանը:
Սահմանադրականի նորընտիր դատավորը քննադատության թիրախում հայտնվեց շաբաթներ առաջ, երբ համացանցում հայտնվեց դեկտեմբերի 28-ով թվագրված վերաքննիչ մի բողոք՝ հենց նրա՝ Սեդա Սաֆարյանի ստորագրությամբ։ Այդ ժամանակ Սաֆարյանն արդեն ստանձնել էր Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ինչից հետո, ըստ օրենքի, իրավունք չուներ զբաղվելու փաստաբանությամբ։
Ինքը՝ Սաֆարյանը, չի հերքում, որ այդ դիմումն իսկական է, ստորագրությունն էլ՝ իրենը։ Պատճառաբանում է, թե այդ օրը ընդամենը խմբագրել եւ նորից է ներկայացրել միջնորդությունը, որը գրել էր փաստաբան եղած ժամանակ:
«Դեկտեմբերի 5-ին բերված բողոքը հետ է վերադարձվել՝ պատճառաբանությամբ, որ պակասում է ինչ-որ փաստաթուղթ. դա դրվել է, հետ է ուղարկվել. դա նոր բողոք չի եղել, դեկտեմբերի 5-ի բողոք է», – նշեց Սաֆարյանը:
Ընդդիմախոսները հակադարձում են՝ անկախ պատճառաբանություններից՝ բարձրագույն ատյանի դատավորը պարտավոր է խստագույնս հետեւել օրենքի տառին։ Նրանց համոզմամբ՝ կան բոլոր հիմքերը, որ Ազգային ժողովը դիմի բարձր դատարան՝ պահանջելով դադարեցնել դատավորի գործունեությունը։ Արսեն Բաբայանը պնդում է՝ եթե դատավորը զբաղվեր քաղաքացու շահերը դատարանում ներկայացնելով միայն՝ առանց ձեռնարկատիրության, ապա հարցը կարող էր փակվել միայն նկատողությամբ։ Սա, սակայն, այդ դեպքը չէ: «Սահմանադրական դատարանի մասին օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգապահական կանոնի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում՝ անհատույց հիմունքներով», – ասաց Բաբայանը:
Սահմանադրական դատարանը, սակայն, արդեն մեկ ամիս է՝ այս փաստերին որեւէ կերպ չի արձագանքել։ Բարձրագույն ատյանից չեն մանրամասնում՝ պատրաստվում են արդյոք քննել նորընտիր դատավորի հասցեին հնչող մեղադրանքները կամ նրա դեմ կարգապահական վարույթ նախաձեռնել։ Առայժմ լուռ է նաեւ խորհրդարանը։ Փաստաբանները, սակայն, պատրաստվում են հաջորդ շաբաթ այս փաստերն ուղարկել Ազգային ժողով, որն էլ ընտրել է Սաֆարյանին ՍԴ-ի դատավոր։ Հիմա եթե հավաքվի 65 կողմ ձայն, խորհրդարանը կարող է դիմել Սահմանադրական դատարան նույն դատավորի պաշտոնանկության հարցը քննարկելու համար։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ
Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցի քվեարկությունը:
Նախագծի քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր, նրանցից 30-ն էլ մասնակցել եւ կողմ են քվեարկել նախագծին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից քվեարկությանը չեն մասնակցել պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արմեն Ռուստամյանը, Իրինա Գասպարյանն ու Արմեն Գեւորգյանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից քվեարկությանը չի մասնակցել Թագուհի Թովմասյանը:
10 ՕՐՈՎ ԿՄԵԿՆԵՆ ԱՄՆ
Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ ՔՊ խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Վիլեն Գաբրիելյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը եւ Զեմֆիրա Միրզոեվան մարտի 27-ից ապրիլի 7-ը կգործուղվեն Լինքոլն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ):
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության ԱԺ պատվիրակությունն ԱՄՆ-ում կմասնակցի «Օրենսդիր մարմնի դերը ԱՄՆ-ում» խորագրով «Բաց աշխարհ» ծրագրին: Պատգամավորների գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կկատարվի Հայաստանի Հանրապետության պետբյուջեի հաշվին, իսկ ճանապարհածախսի եւ գիշերավարձի վճարումը կկատարի հրավիրող կողմը:
ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը եւ Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԽ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետին զեկուցվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից 2022 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են ընթացիկ եւ առաջիկա միջոցառումները:
ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ՝ ՍԱՀՄԱՆԻՆ
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ. սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի: Այս մասին դեռ մեկ շաբաթ առաջ ահազանգեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Պատգամավորը նաեւ գրություններ էր ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին։
«Ինքս ամեն օր կապի մեջ եմ սահմանամերձ գյուղի բնակիչների, զինվորականների հետ, որոնք ահազանգում են այն, ինչ տեսնում են, եւ այն շարժը, որ տեսել էին, ինձ ահազանգեցին։ Ինքս անհրաժեշտ համարեցի այդ ահազանգի մասին դիմել իմ միջազգային գործընկերներին, որպեսզի հնարավորինս հնարավորություն ունենանք կանխարգելելու հնարավոր էսկալացիան։ Հասկանում ենք՝ եթե թշնամին զինտեխնիկա է կուտակում, դա չի արվում սիրողական մակարդակի համար, այլ որեւէ գործողության համար է արվում։
Ահազանգերը ստացել եմ Գեղարքունիքից, Տավուշից եւ Արցախից։ Երբ ասում եմ՝ Գեղարքունիք, նկատի ունեմ այդ ամբողջ սահմանը՝ Գեղարքունիքից մինչեւ Վայոց ձոր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր Թագուհի Թովմասյանը։
Երեկ արդեն ադրբեջանական տելեգրամյան ալիքներն են տեսանյութեր հրապարակել դեպի Հայաստանի եւ Արցախի սահման զինտեխնիկայի տեղաշարժով։ Ըստ տարածվող տեսանյութերի՝ մեծ քանակությամբ հաուբիցներ եւ ծանր հրետանի են տեղափոխվում սահման։
ԱԶԳԱԿԱՆԸ՝ ՊԱՇՏՈՆԻՆ
Գյումրու ավագանին մարտի 15-ի նիստի ժամանակ 21 կողմ, 4 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ փոխքաղաքապետ ընտրեց Վահագն Մկրտչյանին: Վերջինս քաղաքական անցյալ չունի, մասնագիտությամբ ատամնաբույժ է: Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է։
ArmLur.am-ը Գյումրու նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանից, որն այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է, հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում Մկրտչյանի նշանակմանը, արդյոք միայն վարչապետի տիկնոջ ազգական լինելն է նպաստել, որ հենց նա ընտրվի փոխքաղաքապետ. «Հայաստանը փոքր երկիր է. որ այսպես գնա, բոլորս էլ մեկս մեկիս բարեկամ ենք դուրս գալու: Այդ հանգամանքը որեւէ նշանակություն չի ունեցել»,-այսպես արձագանքեց պատգամավորը: