«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաջորդ հրահանգն է իջեցվել, որը կրկին ուղղված է լրատվամիջոցների դեմ: Այս անգամ վարչապետի կողմից հրահանգ է առկա պարզել, թե Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ գործող լրատվամիջոցների ղեկավարները ինչ ունեցվածք ունեն, ինչ եկամուտ: Այս հրահանգը իջեցված է եղել իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք ուսումնասիրություն իրականացնեն եւ այդ մասին զեկուցեն հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սա կարող ենք դիտարկել որպես լրատվամիջոցների դեմ ուղղված հերթական քայլը՝ տարբեր օրենսդրական նախաձեռնություններից հետո: Եվ այս վերջին հրահանգի մասով արդեն իսկ առաջին արդյունքներ, այսպես ասած, առկա են: Խոսքը վերաբերում է «Հետք»-ի փոխխմբագրին: Մասնավորապես, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե «Հետք»-ի փոխխմբագիրը նույնպես տուն է ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում: Ամեն դեպքում, փաստ է, որ այսօր իշխանություններն իրենց թիվ մեկ թշնամին համարում են լրատվամիջոցներին եւ լրագրողներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Անի համայնքում կիրակի օրը սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը թեժ է: Շիրակի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իշխանությունն այս օրերին իր ողջ վարչական ռեսուրսներն ուղղել է իր թեկնածուի՝ համայնքապետի գործող ԺՊ Արման Սարիբեկյանի օգտին ձայներ հավաքելու համար: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզի դատախազության, քննչականի ու քաղաքապետարանի աշխատակիցներն այս օրերին զբաղված են ՔՊ-ական թեկնածուի օգտին ձայներ բերելով. «Այստեղի բոլոր պետական պաշտոնյաներին հստակ ցուցում է տրված՝ ամեն մեկն իր կողմից ձայն ապահովի իշխանության թեկնածուի օգտին: Միակ տարբերակը, որ հստակ գիտեմ՝ հակառակն է եղել, մարզի ոստիկանապետն է, որը ժողով է արել ու հրահանգել է՝ ոչ մի կերպ չխառնվել, մյուսները՝ դատախազության ու քննչականի ներկայացուցիչները, աշխատում են իշխանության օգտին, քաղաքապետարանից նույնպես ներգրավվել են մարդիկ: Այստեղ ավելի շատ խնդիրը ոչ թե իրենց թեկնածուին անցկացնելն է, այլ գոնե ընտրություններին մասնակցություն ապահովելը, քանի որ քաղաքացիների համար մեկ են ՏԻՄ ընտրությունները. հիմա ավելի կարեւոր հարցեր կան, պետության կորստի առաջ ենք կանգնած»,-ասաց Շիրակից մեր զրուցակիցը: Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներն էլ իրենց հերթին անգամ ԱԺ նիստերի օրերին շրջում են Անիում ու իրենց թեկնածուի քարոզարշավն անում:
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը պատրաստվում է հարցաքննության հրավիրել Արեւելյան մաքսատուն-վարչության ղեկավար Հայկ Միրզոյանին: Այս տարվա հունվարի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, ՊԵԿ պաշտոնատար անձինք որոշ տնտեսվարողների կողմից իրականացվող չարաշահումների դեմ քայլեր չեն ձեռնարկել եւ 2022 թվականի նոյեմբերից մինչեւ 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ: Նախաքննության ընթացքում հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ի դեպ, այս կոռուպցիոն սխեմայի բացահայտումն էլ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետագա պաշտոնավարման հարցն է առաջ բերել, սակայն դատելով իրավիճակից՝ նրան ժամանակ է տրվել, որպեսզի շտկի իրավիճակը, եւ առայժմ նրա հեռացման հարցը փակվել է, քանի որ նաեւ զեկուցվել է, որ Բադասյանն անձամբ առնչություն չի ունեցել կոռուպցիոն այդ սխեմայի հետ: Չի բացառվում, որ նրան էլ առաջիկայում հարցաքննության հրավիրեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Արցախում է եւ, հնարավոր է, նշանակվի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ: Պարզվում է, որ Արթուր Դավթյանը Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ, ու դրանք ամենեւին էլ միայն հայրենասիրությամբ չեն պայմանավորված: Արցախում համառ լուրեր են պտտվում, որ նախկին գլխավոր դատախազն իրականում ուզում է վերջին օգուտները քաղել բզկտված Արցախից։ Բանն այն է, որ նրա դատախազական աշխատանքային ստաժը չի բավարարում դատախազի բարձր թոշակ ստանալու համար, եւ մի քանի տարի Արցախում պաշոնավարելուց հետո հանգիստ կկարողանա այդ ստաժը գումարել իր ունեցածին եւ վայելել բարձր թոշակը։ Նշենք, որ Դավթյանը դատախազության համակարգում է 2006-2007թթ-ից /պաշտոնական կենսագրություն/։ Ստացվում է, որ նա ունի ընդամենը 16 տարվա դատախազի աշխատանքային ստաժ։ «Դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաեւ ստաժը հաշվարկելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշումը սահմանում է. «… 4. Դատախազին օրենքի 18-րդ հոդվածով սահմանված երկարամյա ծառայության կենսաթոշակ է նշանակվում, եթե նա՝ 1) դատախազի պաշտոնից օրենքով սահմանված կարգով ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ»: Ակնհայտ է, որ Արթուր Դավթյանի 16-ամյա ստաժն անբավարար է բարձր թոշակի համար։ Զուգադիպությու՞ն է. հնարավոր է. ժամանակը ցույց կտա։ Ամենագարշելին, սակայն, այն է, որ պետության, հայրենիքի բարոյականության, հայրենասիրության, բարձր արժեքների մասին ճռճռան խոսքեր ասողներն ապացուցում են, որ առաջնորդվում են բացառապես անձնական շահով, իսկ արյունաքամ լինող Արցախից անգամ հիմա օգուտ պոկողների բարոյական նկարագիրը հանրությունը կտա։