ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից պլանավորված եւ համակարգված վարութային եւ ապացուցողական ծավալուն գործողությունների, Ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մի քանի անձանց ներգրավվածությամբ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել։
Մասնավորապես, 2023թ. մարտի 14-ին` ժամը 23:30-ին, Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխել Երեւան քաղաքի 39-ամյա բնակիչ։
Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են Մեթամֆետամին եւ Մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 6 փաթեթ, բժշկական կաթուցիչ:
Բացի այդ, քննիչների կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում ստացված տվյալների իրացման արդյունքում ժամեր անց՝ ժամը 02:30-ին, Երեւան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրից ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել եւ ոստիկանության բաժին են տեղափոխել 1984թ. ծնված երկու տղամարդու: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վերջիններս իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերել եւ իրենց վարձակալած հյուրանոցային համարում պահում են թմրամիջոց: Պարզվել է նաեւ, որ վերջիններս թմրամիջոցը ձեռք են բերել հիշյալ 39-ամյա տղամարդուց: Դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են։ Դեպքի վայր հանդիսացող հիշյալ հյուրանոցային համալիրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ թմրանյութեր պատրաստելու իրեր։ Մասնավորապես՝ հայտնաբերվել են տարբեր սրվակներում, փաթեթներում լցված 32.81 գրամ ընդհանուր քաշով Մեթամֆետամին, 31.12 գրամ ընդհանուր քաշով Մարիխուանա, 26.25 գրամ ընդհանուր քաշով Հերոին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ, չօգտագործված ներարկիչներ, կաթուցիչներ, էլեկտրոնային կշեռքներ, «Զիպ» փականով դատարկ փաթեթներ, այրված եւ սպիտակ գույնի զանգվածի հետքերով երկաթե շերեփ, թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված կիսով չափ լցված բժշկական սպիրտի տարրա, թորած ջրով ապակյա սրվակ եւ այլն։ Հայտնաբերվել են նաեւ բջջային հեռախոսներ եւ համակարգիչ: Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են դատաքիմիական եւ դատանյութագիտական փորձաքննություններ։ Հայտնաբերվածից մի քանի փաթեթների պարունակության վերաբերյալ նշանակված փորձաքննության նախնական եզրակացությունների համաձայն՝ դրանք եղել են Մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:
Քննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ, որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության միջոց, նշված անձինք օգտվել են «Տելեգրամ» հավելվածի՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի առցանց վաճառքի հայտնի հարթակներից, իսկ հյուրանոցային քոթեջը, որը վարձակալվել է նշված անձանցից մեկի կողմից, որոշակի ժամանակահատվածում առեեւույթ ծառայեցվել է որպես թմրամիջոցների պատրաստման, իրացման նպատակով փաթեթավորման տարածք, որտեղ հյուրանոցի աշխատակիցներին թույլ չի տրվել ներս մտնել։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 1984թ. ծնված երկու անձանց՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մեկի մասով դատարանը մերժել է խափանման միջոց կալանավորումն ընտրելու քննիչի միջնորդությունը: Քննչական մարմնի եւ Ոստիկանության ծառայողների կողմից համագործակցված միջոցառումները շարունակվում են թմիջոցառումների ապօրինի ձեռք բերման աղբյուրը, շրջանառության շղթայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով։
ՄԱԳՆԻՍԵ ԳՆԴԻԿՆԵՐ՝ ՈՐՈՎԱՅՆՈՒՄ
3 տարեկան երեխայի ծնողները դիմել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց՝ նշելով, որ երեխան խաղալիս է եղել մագնիսե գնդիկներով, իսկ որոշ ժամանակ անց նկատել են դրանց մեծ մասի բացակայությունը: Համալսարանական կլինիկայում կատարվել է վիրաբույժի զննում. որովայնը եղել է պալպատոր փափուկ, փսխում չի դիտվել, գանգատներ չի նշվել:
Կատարվել է որովայնի R գրաֆիա, որով հայտնաբերվել է թվով 17 ռենտգեն կոնտրաստ գնդիկներ: Շտապ կարգով կատարվել է լապարատոմիա, որովայնի խոռոչի ռեւիզիա, որի ժամանակ հայտնաբերվել է իրար կիպ հարող աղեգալարներ: Դրանք անջատելուց հետո հայտնաբերվել է պորֆորացված հատվածներ աղեգալարների տարբեր հատվածներում, այդ թվում՝ ստամոքսում, որի պատճառ էին դարձել թվով 17 մագնիսե գնդիկները, որոնք հեռացվել են, պերֆորացված հատվածների ամբողջականությունը՝ վերականգնվել:
Հետվիրահատական ընթացքը անցել է հարթ, երեխան դուրս է գրվել լավացումով:
Սիրելի՛ ծնողներ, այս եւ նման այլ օրինակները մեր պրակտիկայում շատ են:
Հորդորում ենք լինել առավել ուշադիր եւ երեխաներին զերծ պահել առողջության կամ կյանքի համար սպառնալիք հանդիսացող մանր դետալներ պարունակող խաղալիքներով, իրերով խաղալուց:
ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա՝ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մարտի 21-ին խուզարկություն են կատարել Երեւանի 43-ամյա բնակչի ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական տարածքում։ Խուզարկությանը, բացի ոստիկանության եւ Քննչական կոմիտեի ծառայողներից, մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողները։
Հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ, մասնավորապես՝ 23 գրամից ավելի Կոկաին, 627 գրամից ավելի Մեթամֆետամին, 1 կգ 435 գրամ Մարիխուանա, 237 գրամ Էքստազի, 8 գրամից ավելի Հերոին, Հաշիշի յուղ, Ափիոն, Մեթադոն եւ այլ թմրամիջոցներ։
Հայտնաբերվել են նաեւ տարբեր տեսակի մեծաքանակ հոգեմետ դեղահաբեր, այդ թվում՝ Սուբուտեքս, Պրեգաբալին, Դիազեպամ, Լորազեպամ։
Իրավապահները հայտնաբերել են նաեւ մարտական ատրճանակ, հրացան եւ օդաճնշիչ ատրճանակ, 51900 դոլար եւ 187700 եվրո, ոսկյա մատանիներ եւ շղթաներ, ոսկե մետաղադրամներ, ոսկու ձուլակտորներ եւ ադամանդե քար։ 43-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՀՀ Ազգային ժողովը շարունակում է քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ զեկույցի քննարկման համար մարտի 24-ին խորհրդարան կգան եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին կմասնակցեն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու իրավական հարցերով մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Զեկույցում արտաքին մարտահրավերներին ամենամեծ տեղն է հատկացված, եւ հենց առաջին նախադասությունում կարդում ենք. «2022 թվականի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը:
Աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի եւ միջազգային անվտանգության ոլորտում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածություններն ավելի են սրում Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության սպառնալիքները»,- գրված է զեկույցում: Մենք տեղեկացանք, որ տնտեսական հարցերի հանձնաժողովն էլ արտահերթ նիստ կգումարի մարտի 27-ին: Այնտեղ առողջապահության հարցերի փոխնախարար Լենա Նանուշյանը կներկայացնի մի նախագիծ, որը վերաբերում է արտադրական կանեփին:
Մասնավորապես, ամրգարվելու է, որ արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտները լիցենզավորման կարգով սահմանված տարածքներում պետք է ապահովեն տեսաձայնագրող սարքերի առկայությունը, ինչպես նաեւ տեսաձայնագրող սարքերի ձայնագրությունների պահպանումը առնվազն 6 ամիս ժամկետով վերահսկողության շրջանակներում վերահսկողություն իրականացնող պետական մարմինների պահանջով այն ներկայացնելու համար:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արման Ժամհարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 2017 թվականի օգոստոսի 25-ի թիվ 52-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք չի կատարել, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ