ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, թե ինչ առաջարկներ է Հայաստանը ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումների ընթացքում։ Արարատ Միրզոյանը թեմային անդրադարձել է եգիպտական AlQahera News լրատվամիջոցին տված հարցազրույցում։

 

Հայաստանի արտաքին գործերի նախարարը նախ նշել է, որ 2020թ. պատերազմից հետո՝ վերջին երկու տարիների ընթացքում, Հայաստանի կառավարությունը, ունենալով տարածաշրջանում երկարատեւ եւ համապարփակ խաղաղության հասնելու քաղաքական կամք, բարեխղճորեն ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում: Նա հստակեցրել է, որ առկա են բանակցությունների առանձին ուղղություններ. առաջինը՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումն է, երկրորդը՝ սահմանազատումն ու սահմանային անվտանգությունը, եւ երրորդը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագիրը: «Հաղորդակցությունների հարցի հետ կապված՝ մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է բոլոր կոմունիկացիաների բացմանն այն պահին, երբ Ադրբեջանն ընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են: Սահմանազատման հետ կապված, ցավոք, 2022թ. համապատասխան հանձնաժողովների կազմավորումից ընդամենը ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլ նաեւ եւս մեկ ներխուժում իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ փորձելով արդարացնել իր ագրեսիան սահմանների՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով»,- ասել է նախարարը: Անդրադառնալով պայմանագրին՝ նախարարը նշել է, որ սկսած 2022թ. դեկտեմբերից՝ Ադրբեջանի հետ փոխանակվել են պայմանագրի նախագծի մի շարք առաջարկներ՝ փորձելով առաջ ընթանալ գործընթացում առանցքային հարցերի շուրջ արդար լուծումներ գտնելու համար: «Այսպես, հայկական կողմի առաջարկներից է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցումը, քանի որ, մեր կարծիքով, առանց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական սահմանների սահմանազատման վերաբերյալ հստակորեն համաձայնեցված չափորոշիչների, երկու երկրները չեն կարող հստակեցնել, թե որ տարածքային ամբողջականությունն են նրանք փոխադարձաբար ճանաչում, ինչն էլ, խաղաղության հաստատման փոխարեն, կհանգեցնի մեկ այլ բախման: Հաջորդը պետական սահմանից զինված ուժերի հեռացումն է եւ ապառազմականացված գոտու ստեղծումը սահմանագծի երկայնքով՝ որպես վստահության ձեւավորման միջոց եւ անվտանգության մեխանիզմ, ինչը կօգնի ապահովել ցանկացած հնարավոր էսկալացիայի կանխումը: Անշուշտ, որպես կարեւոր բաղադրիչ, պետք է առկա լինի միջազգային մեխանիզմ, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հարցերը: Ցավոք, ի պատասխան մեր ջանքերի՝ մենք ականատես ենք լինում ոչ միայն բանակցությունների ժամանակ Ադրբեջանի կողմից մերժողական եւ առավելապաշտական մոտեցմանը, այլ նաեւ ագրեսիվ գործողություններին: Վերջերս՝ մարտի 2-3-ին տեղի ունեցած հրադարարի խախտումներին հետեւեց մարտի 5-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից նախապես ծրագրավորված դիվերսիոն հարձակումը, որի հետեւանքով սպանվեցին Լեռնային Ղարաբաղի ոստիկանության երեք ծառայողներ: Այս գործողությունները հերթական անգամ ի ցույց են դնում կարգավորման գործընթացում Ադրբեջանի անկեղծության բացակայությունը, ինչպես նաեւ ուժի կիրառմանը շարունակական ապավինումը»,- նշել է նա: Նախարարը հավելել է, որ, նշված գործողություններին զուգահեռ, Ադրբեջանը պարբերաբար hետ է կանգնում պայմանավորվածություններից, շարունակում ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաեւ հրաժարվում լուծել հումանիտար խնդիրները, որոնցից է մինչ օրս իր իսկ կողմից հաստատված` 33 հայ ռազմագերիներին պատանդառության մեջ պահելը:

Միրզոյանն ընդգծել է, որ ավելի մեծ թվով հայերի ճակատագիր դեռ մնում է անհայտ, եւ հայկական կողմը տեղեկացրել է գործընկեր կազմակերպություններին այդ բռնի անհետացումների դեպքերի մասին: «2020թ. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական եւ մշակութային ժառանգությունը կանգնած է լիակատար ոչնչացման ահագնացող սպառնալիքի առջեւ: Այս ամենը մարտահրավեր է նետում տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերին»,- ասել է Միրզոյանը:

 

 

 

 

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամներ՝ երկու կուսակցություններից, հերթական անգամ հանդես են եկել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու եւ Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկելու կոչով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը:

 

Նախաձեռնությունը ղեկավարում է Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը:

Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետական արտաքին գործառնությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս Բալարտին եւ ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որոնք արդեն սկսել են 2024 ֆինանսական տարվա արտաքին օգնության մասին օրինագծի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տարբերակի մշակումը: «ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին իրենից ներկայացնում է «անցաթուղթ» ադրբեջանական ագրեսիայի համար, կանաչ լույս ադրբեջանական էսկալացիայի համար: Դա պետք է դադարեր նախագահ Բայդենի պաշտոնավարության հենց առաջին օրը. նա պաշտոնը ստանձնեց՝ որպես Ալիեւին զինելու եւ օգնելու սուր քննադատ:

Բայց եթե մեր նախագահը չանի այն, ինչը ճիշտ է, ապա Կոնգրեսը պետք է գործի»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը։

 

 

 

 

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ

Մարտի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկատվական հարցում էր ուղարկել ՀՀ անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին, սակայն 10 օր անց հարցումի պատասխան չի ստացել։ Պատասխան չստանալու  պատճառով մի քանի օր առաջ զանգահարեցի ՀՀ անտառային կոմիտե, որի լրատվության  պատասխանատու աղջիկը ինձ ասաց. «Դուք հանգի՛ստ եղեք, մենք սահմանված ժամկետում  Ձեր տեղեկատվական հարցմանը կպատասխանենք»։

Ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի՝ հարցում ստացած հիմնարկությունը պարտավոր է աշխատանքային 5 օրվա ընթացքում  պատասխանել հարցմանը. եթե հարցերին պատասխանելու համար լրացուցիչ  աշխատանքի անհրաժեշտություն կա, պարտավոր է այդ մասին տեղեկացնել հարցումն ուղարկողին եւ  հարցմանը պատասխանել մեկ ամսվա ընթացքում։ Անտառային կոմիտեն ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չի արել։

Տեղեկատվական հարցման մեջ հարցրել եմ, թե անտառամերձ  բնակավայրերի ընտանիքների համար անտառից անվճար, ինքնապատրաստմամբ թափուկ վառելափայտ պատրաստելու համար ինչու են ընտրվել տարվա միայն մարտ-ապրիլ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները. չէ՞ որ թափուկը սովորաբար հատկացվում է անտառի խորքերից, իսկ նշված ամիսներին անտառում թաց է լինում, ճանապարհները՝ անանցանելի։

Տեղեկատվական հարցումներից մեկն էլ հետեւյալն էր. անտառտնտեսությունների տնօրենների թափուր պաշտոնը զբաղեցելու նպատակով անցկացվող մրցույթներում անտառտնտեսությունների տնօրենների թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջների մեջ ինչո՞ւ ներառված չէ անտառագիտական կամ բնագիտական բարձրագույն կրթություն ունենալը։

Ի դեպ, անտառային կոմիտեի նախագահ, 1984թ. ծնված Վ. Կիրակոսյանը 2018-ի իշխանափոխությունից հետո է ստացել բարձրագույն կրթություն, 2018-2021 թվականներին սովորել է Հյուսիսային համալսարանում  «Կառավարում»   մասնագիտությամբ, մինչեւ  2022թ. հունվարի 14-ը՝ Անտառային կոմիտեի նախագահ նշանակվելը, նա անտառային կամ բնապահպանական  ոլորտում  չի աշխատել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ 

Տավուշ




Լրահոս