Ինչպես արդեն հայտնել ենք, դեռևս փետրվարից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց է սկսել, ըստ որի՝ ֆորսմաժորային իրավիճակներում հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության իրավունքը վերապահվում է խորհրդարանին:
Նախագիծը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո ուղարկվել է Գերագույն դատարան, դատարանի համաձայնությունը ստանալուց հետո այն կրկին կվերադառնա ԱԺ՝ արդեն վերջնական քննարկման:
Սահմանադարական բարեփոխումների այս նախագծի հետ կապված, տարբեր տեսակտներ են հնչում. արցախցիների մի մասը դրական է գնահատում ԱԺ նախագահի այս նախաձեռնությունը, իսկ մի մասն էլ այն կարծիքին է, որ շրջփակման և անվտանգային լրջագույն խնդիրների պայմաններում Սահմանդրական բարեփոխումների ժամանակը չէ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս Արցախի նախագահը Սահամանադրական փոփոխությունների առաջարկով էր հանդես եկել, համաձայն որի՝ ԱՀ Սահմանադրությունը եւ ԱՀ սահմանների իրավազորությանը վերաբերվող 175-րդ հոդվածը կարող են փոփոխվել միայն հանրաքվեով՝ անփոփոխ թողնելով Սահմանադրություն ընդունելու, փոփոխություններ առաջարկելու իրավունք ունեցողների շրջանակը: Սակայն նախագահը հետ էր կանչելիր իսկ առաջարկած նախագիծը:
ArmLur.am-ը այս առիթով զրուցել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ:
-Պարո՛ն Ստեփանյան, ի՞նչ կարծիք ունեք ԱՀ նախագահի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների նոր նախագծի մասին, որևէ կերպ այն առնչվու՞մ է մարդու իրավունքների հետ:
-Շրջափակմամբ և ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՄԻՊ գրասենյակը կարծիք դեռ չի հայտնել: Նախագիծը Գերագույն դատարանում է, մինչև դատարանի որոշումը չլինի, մենք որևէ ձևով դիրքորոշում չենք արտահայտելու: Իհարկե, որոշ մարդկանց մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ, որ մենք որևէ ձևով արդարադատության նկատմամբ միջամտություն ենք իրականացնում, դրա համար նախորդ անգամ էլ ՄԻՊ-ը սպասեց, մինչև պրոցեսը Գերագույն դատարանում ավարտվեց, ուղարկվեց ԱԺ, և մինչև ԱԺ-ի կողմից վերջնական ընդունվելն արդեն ՄԻՊ դիրքորոշումը հրապարակվեց: Այսինքն՝այս առումով մենք շատ զգուշավոր ենք աշխատում, որպեսզի որևէ դեպքում չդիտարկվի որպես միջամտություն կամ ուղղորդում:
-Նախորդ նախագծի դեպքում դուք բացասական եզրակացություն էիք ներկայացրել, ինչո՞վ է այս նախագիծը տարբերվում նախորդից:
-Նախնական կարող եմ ասել, որ այս նախագիծը նախորդից տարբերվում է նրանով, որ նախորդի դեպքում Սահմանադրության անգամ այն հոդվածները, որոնք հանրաքվեի միջոցով փոփոխության պետք է ենթարկվեին, դա էլ ԱԺ-ն կկարողանար փոփոխել: Այն ժամանակ մեր արտահայտած դիրքորոշումը կայանում էր նրանում, որ դրանում էինք տեսնում վտանգը, որ ժողովրդից փաստորեն վերցվում էր երկրի մայր օրենքը փոխելու այդ կարևոր լծակը և հնարավորությունը, իսկ առաջարկված այս տարբերակում նման բան չկա, այս տարբերակը ինքնին ենթարդում է, որ միայն ռազմական դրության պայմաններում ժամանակվոր նախագահ ընտրելու հնարավորություն է ընձեռնվում ԱԺ-ին:
Մենք այս նախագծի մասով էլ մեր դիրքորոշումը կարտահայտենք, բայց, իհարկե, այս անգամ չի լինելու այնպես, ինչպես նախորդի դեպքում, որովհետև այստեղ կոնրետ ժողովրդի իշխանության կամ ժողովրդավարության տեսանկյոնից որևէ հետնահանջ չկա: Մենք պետք է հասկանանք, թե որքանո՞վ է մարդու իրավունքներին առնչվում այս նախագիծը, սա հասկանալուց հետո մեր դիրքորոշումը կհայտնենք:
Նախորդ նախագիծը հստակ էր, որ կոնկրետ առնչվում է մարդու իրավունքներին, օրինակ, նախորդ առաջարկով Սահմանադրության երկրորդ գլուխը, որն ամբողջությամբ առնչվում է մարդու իրավունքներին, ուղղակի հնարավոր էր փոփոխել ԱԺ պատգամավորների կողմից՝ առանց հանրաքվեի, և սա մեզ համար մտահոգիչ էր, որ իրավունքեի բաժինը պետք է վերապահել ժողովրդին, այսինքն՝ ժողովուրդը պետք է որոշի իր իրավունքները, ոչ թե ԱԺ-ն:
Այս առաջարկի դեպքում մենք պետք է գնահատենք, որքա՞նով է այն մարդու իրավունքների համար հետևանքներ առաջացնում, եթե գնահատականը լինի, որ մարդու իրավունքերի վրա կարող է վատթարացնող կամ այլ ազդեցություն ունենալ, դրանից հետո նոր միայն կարծիք կհրապարակենք:
Քրիստինա Մուշեղյան