ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԶԱՐՄԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, Շիրակի մարզի Անի եւ Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում մարտի 26-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

 

Սիսիան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7325 ձայն, Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստացել է 2553 ձայն, իսկ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ստացել է 1443 քվե։

Անի համայնքում ՔՊ-ն ստացել է 5180 քվե, 3134 քվե ստացել է «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 795, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 744 ձայն։

ArmLur.am-ը ընտրության արդյունքների վերաբերյալ զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս կգնահատեք ընտրության արդյունքները, սպասելի՞ էին դրանք:

-ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անսպասելի չէին: Այն վարքագիծը, որը դրսեւորում է մեր ժողովրդի մի հատվածը, ինչպես նաեւ այն բանից հետո, երբ 2021թ.-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում գործող վարչախումբը  վերընտրվեց, դրանից հետո դժվար է զարմանալ: 2021թ.-ին դեռ պատերազմի հետքերը թարմ էին, դժգոհության մեծ ֆոն կար, բայց, այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքում իշխող ուժը վերընտրվեց:

Կարծում եմ՝  այսօրվա ապատիային, որը տիրում է Հայաստանում պատերազմում պարտությունից հետո, եւ մեր հանրության  ոչ ռացիոնալ վարքագիծը, սրան եթե գումարենք  իշխանության ավելի լկտիանալը, ապա այս ամենը լրիվ ապահովում է այն արդյունքը, որն ունենք:

Սրան գումարվում է նաեւ ընդդիմության պասիվությունը, քաղաքական դաշտում նրանց բացակայությունը, որը մեծ բացթողում է. այս պարագայում մարդիկ լուրջ այլընտրանք չունեին: Սրանով է նաեւ պայմանավորված, որ նույն Սիսիանում ընդմենը 49% է մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Բացի սա, Հայաստանում ՏԻՄ  ընտրությունները երբեք քաղաքական չեն լինում իրենց բնույթով, քանի որ  փոքր համայնքներում ընտրությունների ժամանակ ավելի շատ տեղական կլանների միջեւ պայքար է լինում. ով ավելի մեծ ցեղ է ունենում, շրջապատ է ունենում, նա էլ հաղթում է: Քաղաքական այն ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, միշտ պետք է հաշվի առնեն սա, որ ՏԻՄ ընտրություններին իրականում քաղաքացիներն իրենց հարցեր լուծող մարդ են ընտրում, ոչ թե քաղաքական ուժի ներկայացուցիչ: Ցանկացած քաղաքական ուժ պետք է սա հաշվի առնի ու ընտրությունների դուրս գա այնպիսի կազմով, որը բավարարում է հայաստանյան ՏԻՄ ընտրությունների պահանջին: Օրինակ՝ քաղաքապետի թեկնածուն պետք է լինի տեղի ժողովրդի համար շատ հասկանալի, ընկալելի, հարց լուծող, գումար ունեցող մեկը, որպեսզի, անկախ քաղաքական պատկանելիությունից, նա ընտրվի:

Շատ բաներ հաշվի չեն առնում, ստանդարտներով են առաջ գնում, դրա համար էլ գործող իշխանությունը կարողանում է հաղթել:

-Պարո՛ն Հակոբյան, հատկապես տարօրինակ էր Սիսիանի ընտրության արդյունքները: Գիտենք, որ հենց այս իշխանության օրոք Սիսիանը դարձել է սահմանամերձ, թշնամին հաստատվել է Իշխանասարի եւ Սեւ լճի հատվածում. սրա մասին ի՞նչ կասեք:

-Այն, ինչ տեղի ունեցավ Սիսիանում, նույն տրամաբանւթյան շարունակությունն է. եթե հիշում եք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ Սյունիքում  ՔՊ-ն հաղթել էր. ինչո՞ւ ենք հիմա զարմանում, որ Սիսիանում հաղթել են: Հիմա ուղղակի  աշխատել է նաեւ իշխող ուժի մեծ հմտությունը՝ ընտրություններում վարչական ռեսուրս օգտագործելու, ինչ-որ տեղ ընտրակաշառք բաժանելու հարցում. ես սա ասում եմ՝ հիմնվելով  տարբեր հայտարարությունների վրա:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ, մրցութային խորհրդի որոշման հիման վրա, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: Չնայած նրա ազգանունը կարող է տարընթերցումների տեղիք տալ, սակայն մենք տեղեկացանք, որ նա որեւէ ազգակցական կապ չունի վարչապետի ընտանիքի հետ:

Համենայնդեպս, այդ մասին նրան հարց էին ուղղել նաեւ 2019 թվականի նոյեմբերին խորհրդարանում, երբ նա Բարձրագույն դատական խորհրդի կողմից  էր առաջադրվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածու: Այդ ժամանակ նա նշել էր. «Երբեւէ չեմ հանդիպել, անձամբ որեւէ առնչություն չեմ ունեցել, չեմ զրուցել, նրա հետ որեւէ խոսակցություն չեմ ունեցել ո՛չ անձամբ, ո՛չ միջնորդավորված, երբեւէ նույն սենյակում չենք գտնվել պարոն Փաշինյանի հետ։ Համենայնդեպս, ինձ հայտնի ազգակցական կապ չունեմ»:

 

 

 

ՆՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով  միջգերատեսչական աշխատանքային խումբ: Այսպիսով, ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխատանքային խմբի ղեկավարը լինելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալը:

Աշխատանքային խմբի կազմում են լինելու նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հողերի եւ ընդերքի քաղաքականության ոլորտը համակարգող նախարարի տեղակալը,  Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության ոլորտը համակարգող ղեկավարի տեղակալ եւ այլք:

Ընդ որում, միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը եռամսյա պարբերականությամբ պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնի տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ԽԱՌՆՎԵԼ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԻՆ

 

ԲԴԽ  նախկին  նախագահ Գագիկ  Ջհագիրյանի  թոշակի  գործին  խառնվել է ֆինանսների  նախարարությունը  եւ  դատարանի  որոշմամբ ներգրավվել որպես երրորդ անձ: Իսկ ի՞նչ  դատական  գործի  մասին  է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ  Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության, եւ խնդրել է դատարանին պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշումը:

Դրանով նա միեւնույն ժամանակ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի՝ 05.12.2022 թվականի գրությունը եւ 04.10.2022 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանին կենսաթոշակ չէին նշանակել:

Ասել է թե՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է ԲԴԽ նախկին նախագահին դատախազի կենսաթոշակ նշանակել, եւ հիմա նա դատարանով է փորձում վերականգնել թոշակի իր իրավունքը:

 

 

 

 

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը բացարձակապես անընդունելի է համարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերը՝ Հաագայի դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության որոշման ֆոնին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրին։

«Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը պաշտոնական Երեւանի միանալու ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական եւ իրավաբանորեն ոչինչ չարժեցող «օրդերների» ֆոնին»,- ասել է աղբյուրը:

Նա մանրամասնել է, որ Մոսկվան նախազգուշացրել է Երեւանին նման որոշման ծայրահեղ բացասական հետեւանքների մասին։

 




Լրահոս