ՊԱՅՔԱՐ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկարատեւ փնտրտուքներից հետո ԱԺ խմբակցությունները վերջապես ՄԻՊ թեկնածուներ են գտել: Իշխող ՔՊ խմբակցությունը ՄԻՊ թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, իսկ  ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն էլ ՄԻՊ թափուր պաշտոնում առաջադրել են  ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը: Փաստացի այս պահին ՄԻՊ  թեկնածուները երկուսն են: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց եւ առնվազն մեկ թեկնածու առաջադրվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի, այս դեպքում՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա հերթական նիստում կամ կարող է քննարկվել հանձնաժողովի արտահերթ նիստում: Ազգային ժողովին ՄԻՊ թեկնածու է առաջադրվում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից, այսինքն՝ գլխադասային հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն առաջադրված թեկնածուներից մեկին եւ նրան առաջադրեն ԱԺ-ին: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները 7-ն են, մեծամասնություն են կազմում ՔՊ խմբակցության պատգամավորները՝4/3 հարաբերակցությամբ: Հարցի քննարկման ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը եւ հայտնում որոշման մասին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել թեկնածուներ: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից հետաքրքվեց՝ ինչպես են տրամադրված Էդգար Ղազարյանի հարցում, հնարավոր է արդյոք, որ, ամեն դեպքում, այս անգամ  զիջումների գնան եւ ընտրեն ընդդիմության թեկնածուին։ «Առանց մեկնաբանության»,- կարճ արձագանքեց պատգամավորը։

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների համար իսկական պատուհաս է դարձել Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ ՍԴ որոշումը: Ինչպես հայտնի է, ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։ Խնդիրը հետեւյալն է. Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում, իսկ Հաագայի դատարանի կողմից մարտի 17-ին ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր իջեցվել: Ստացվում է՝ Հռոմի ստատուտին միանալով՝ ՀՀ-ն պարտավորվում է կատարել նաեւ Հաագայի դատարանի այս որոշումը: ՍԴ-ում փաստաթղթի սահմանադրականությունը որոշելուց հետո Հռոմի կանոնադրությունը կամ ստատուտը դեռ պետք է վավերացվի ԱԺ-ում: Ասել է թե՝ գնդակը խորհրդարանականների դաշտում է: Բանն այն է, որ ՔՊ-ականները հիմա վախեցած են ՍԴ այս որոշումից, տարբերակներ են մտածում՝ ինչպես մանեւրեն սրանից, հատկապես որ Մոսկվան բավականին կոշտ է արձագանքել սրան եւ զգուշացրել «երկկողմ հարաբերությունների համար սրա  չափազանց բացասական հետեւանքների մասին»: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանից (ով նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ է) հետաքրքրվեց՝ ՔՊ-ն ինչ դիրքորոշում ունի՝ սրա հետ կապված, արդյոք կբերեն այն ԱԺ։ «Դեռ նոր է ՍԴ-ի որոշումը, քննարկում չի եղել այդ մասով, բայց կարծում եմ՝ առաջիկայում կքննարկենք դա»,-ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ եթե Հռոմի ստատուտը վավերացվի, ու ՌԴ նախագահը  գա ՀՀ, մեր քաղաքական ղեկավարությունը ինչ գործողություն կանի արդյոք, պատասխանել էր. «Թող հլը վավերացնի. Կիկոսի մահին չեմ անդրադառնա, իրագործումը չեմ պատկերացնում: Դա շատ ավելի քաղաքական, միգուցե պատմական գնահատական է»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ  Տոնոյանի  եւ ՊՆ  նախկին  պաշտոնյաների  քրեական  գործով դատարան է կանչվելու ՀՀ պաշտպանության  նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը: Նշենք, որ նա 2016 թվականին, Սերժ Սարգսյանի  հրամանով,  ազատվել էր  ՀՀ պաշտպանության նախարարի  տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը, չգիտես՝ ինչու, սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման գնումները շուկայականից բարձր գներով է իրականացրել: Նշենք, որ երեկ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի  եւ ՊՆ նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը: Դատարան էին հրավիրվել վկաներ, որոնցից մեկը  «Հայաստան»  խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էր։ Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

 

 

 

 

Արցախում հնարավոր ներքաղաքական գործընթացները կանգ կառնեն: Բանն այն է, որ մարտի 23-ին Արցախի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը: Այն վերաբերում էր ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում խորհրդարանի կողմից երկրի նախագահի ընտրության եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ հարցերին: Այժմ՝ խորհրդարանի կողմից այն ընդունելուց հետո, նախագիծն արդեն ուղարկվել է Արցախի գերագույն դատարան: Հենց այս կառույցը պետք է որոշի, թե  որքանով է այս փոփոխությունը համապատասխանում Արցախի Սահմանադրությանը։ Օրենքը սահմանում է, որ Արցախի գերագույն դատարանը կարող է այս հարցը քննել եւ որոշում կայացնել 10 օրից մինչեւ վեց ամիս ժամկետում: Սա նշանակում է, որ առաջիկայում, մինչեւ դատարանը որոշում կկայացնի, Արցախի նախագահի փոփոխություն չի լինի: Հնարավոր է, որ Արցախի գերագույն դատարանը հարցը նաեւ արագ քննի, ու որոշում կայացվի, սակայն, ամեն դեպքում, մինչ այդ որոշումը ներքաղաքական իրադարձություններ Արցախում տեղի ունենալ չեն կարող:

 

 

 




Լրահոս