ՍԽԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱԿԱՆՋԻՆ ՓՍՓՍԱՑԵԼ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների շուրջ զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ:

 

-Պարո՛ն Զուրաբյան, Արցախի շուրջ օղակը գնալով սեղմվում է, իրավիճակն այնտեղ օրեցօր սրվում է: Ադրբեջանը երեկ առաջխաղացման հերթական փորձն արեց Արցախում՝ փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին Աղավնո եւ Տեղ գյուղերի արանքում: Հակառակորդի նպատակը պարզ է, իսկ որո՞նք պետք է լինեն մեր հակաքայլերը, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք Ադրբեջանին զսպելու համար:

-Ես Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կբնորոշեի որպես մի քաղաքականություն, որը բացարձակ անպաշտպան է թողնում սեփական ժողովրդին առաջացած մարտահրավերների առջեւ: Առաջին հերթին այս ամենը սխալ քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների հետ է կապված: Ռուսաստանն ու Արեւմուտքը հետապնդում են հակասական նպատակներ, Արեւմուտքն իր շահերն ունի այս ռեգիոնում, իսկ Ռուսաստանը՝ իր: Հայաստանը կրկնում է Ադրբեջանի 90-ականների սխալը, ընտրել է շատ միակողմանի՝ Արեւմուտքի վրա հենվելու քաղաքականություն: Հասկանալի է, որ Ռուսաստանի վարած քաղաքականությունը, ռուս խաղաղապահների գործունեությունն Արցախում ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնց համար մենք կարող ենք պահանջներ ներկայացնել, դժգոհել, բայց Հայաստանում սա վերածվել է արդեն Ռուսաստանի մերժման քաղաքականության: Որպես օրինակ՝ ԵՄ դիտորդական առաքելության հրավիրման հարցը: Արեւմուտքն առաջարկեց, որ իր դիտորդական առաքելությունը տեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին, Հայաստանն այս առաջարկն ընդունեց. ես համարում եմ, որ սա ճիշտ քայլ է, բայց սա չի նշանակում, որ պետք էր մերժել ՀԱՊԿ առաքելությունը, որն առաջարկում էր եւ՛ ռազմական, եւ՛ դիտորդական առաքելություն: Ընդ որում՝ այդ մերժումը կատարվեց շատ տարօրինակ ձեւակերպումով: Հայաստանի իշխանություններն ասում են, թե ՀԱՊԿ-ը չի ասում՝ որ սահմանին պետք է կանգնեն, իսկ ԵՄ-ն ասո՞ւմ է. սա մի քիչ տարօրինակ հարցադրում է: Մենք եթե անգամ դժգոհ ենք եւ իրավունք էլ ունենք դժգոհելու ՀԱՊԿ-ի քաղաքականությունից, այս մերժումը այն ֆոնին, որ ընդունում ես ԵՄ դիտորդներին, նշանակում է միակողմանի վերաբերմունք:

-Պարո՛ն Զուրաբյան, Մոսկվան բավականին կոշտ արձագանքել է Հայաստանի կողմից Հռոմի փաստաթղթի վավերացման գործընթաց սկսելուն: Ի՞նչ հետեւանքներ սա կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա, Մոսկվան կոշտ քայլերի կգնա՞:

-Մեզ փորձում են բացատրել, որ Հռոմի ստատուտը Հայաստանը վավերացնում է, որպեսզի ինչ-որ կարեւոր գործիք ունենա՝ Ադրբեջանին միջազգային ատյաններում պատասխանատվության ենթարկելու համար: Ես չեմ պնդում՝ ՍԴ-ն միտումնավոր է ընտրել այս ժամանակահատվածը, բայց փաստ է, որ սա արվում է մի կոնտեքստում, երբ միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալության հրաման է տալիս: Այս կոնտեքստում նման բան անելն արդյոք չի՞ նշանակում, որ մեր իշխանությունները թերագնահատում են հնարավոր վտանգները եւ շարունակում են միակողմանի քաղաքականությունը: Այսինքն՝ ամեն ինչում կանգնել արեւմտյան ճամբարում եւ մերժել այն ամենը, ինչ գալիս է Ռուսաստանից կամ ՀԱՊԿ-ից, սխալ է: Պետք է հասկանալ՝ ինչ են մտածում, որ նման քայլերի են գնում մեր իշխանությունները: Փաշինյանի ականջին, հավանաբար, փսփսացել են, որ ՌԴ-ի հետ թշնամանալուց հետո արեւմտյան դեսանտը լցվելու է Հայաստան եւ զբաղվելու է հայ ժողովրդի շահերի պաշտպանությամբ: Չգիտեմ՝ Փաշինյանը կարող է նման բանի հավատալ, բայց ես անձամբ որեւէ հիմք չունեմ հավատալու:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ

Երեկ կառավարության նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

 

Այդ գործող օրենքներով սահմանվում է, որ համայնքների բյուջեների ֆոնդային մասը, ի թիվս այլ եկամուտների, ներառում է իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից եւ օտարումից ստացված միջոցները: 2006 թվականից ի վեր Կառավարությունը հավանություն է տվել շուրջ 35 նման ծրագրի: Խոշորացումից հետո համայնքների ՏԻՄ-երին փոխանցվելու են նոր լիազորություններ, որոնց իրականացման համար պետությունը պարտավոր է սահմանել ֆինանսական եկամուտների աղբյուրներ: Այդ ֆինանսական եկամուտների աղբյուր կարող է հանդիսանալ նաեւ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից պետական սեփականություն համարվող հողերի մասնավորեցումից եւ օտարումից ստացված միջոցներից համայնքներին 30 տոկոսի չափով փոխանցումները: Օրենքների ընդունմամբ համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով, այն է՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30 տոկոսի չափով մասհանումներով, ինչը թույլ կտա համայնքներին իրականացնել նոր ապակենտրոնացված լիազորություններ, ինչպես նաեւ ավելի մեծ ծավալով կյանքի կոչել բնակչության խմելու եւ ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաեւ այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Օրենքների կիրարկման ընթացքում պետական բյուջեում եկամուտները կնվազեն, նույնքանով համայնքների բյուջեների եկամուտները կավելանան:

 

 

 

 

 

ՆՈՐ ԱՐՇԱՎ՝ ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԴԵՄ

 

Արցախում նոր պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի դեմ, կարծես թե,  արշավ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շատերը հույս ունեն, թե  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին ճնշելով՝ կկարողանան ազատվել Գուրգեն Ներսիսյանից: Ինչպես հայտնի է, այս օրերին Արցախում է գտնվում Սամվել Բաբայանը, որը հանդիպումներ է ունենում համայնքների բնակիչների հետ ու, ըստ ականատեսների, նաեւ վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս պետական նախարարի հասցեին: Պետական նախարարի գործունեության մասին որոշակի դժգոհություններ է արտահայտել նաեւ Ռուբեն Վարդանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը  կապ հաստատեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ, որը կարճ  հեռախոսազանգի ընթացքում ընդամենը ասաց հետեւյալը. «Ծայրաստիճան ծանրաբեռնվածության պատճառով չեմ հասցնում հետեւել լրատվամիջոցների հրապարակումներին, սակայն իմ համար մի բան հստակ է. իմ գործունեության ընթացքում արտոնյալներ կամ նման զգացում ունեցողներ չեն լինելու, դրա հետ պետք է հաշտվեն բոլորը, իսկ դրան հասնելու համար մեծ աշխատանք պիտի կատարվի: Պետական նախարարի պաշտոնում աշխատելու մեկամսյա ժամկետում ես այնքան բացահայտումներ եմ արել եւ այնպիսի երեւույթներ տեսել, որ եթե ես սկսեմ այդ ամենի մասին բարձրաձայնել, շատերի մոտ անսահման հիասթափություն կառաջանա, բայց ես նախընտրել եմ ուղիղ նայել առկա խնդիրներին ու առաջ գնալ դրանք լուծելու ճանապարհով: Համոզված եմ՝ ինձ չեն ուզում դրդել ընտրել հակառակ մոտեցումը: Առաջիկայում բազմաթիվ ցավոտ որոշումներ ու գործողություններ են լինելու, որոնց մի մասը կանխատեսելի է, որոշները շատերի համար՝ ոչ: Կառավարության գործունեության կամ իմ անձի դեմ ուղղված քննադատությունները հետապնդում են այդ ամենին դիմակայելու նպատակ, սակայն ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ դրանք ապարդյուն են»։ Սամվել Բաբայանից ու Ռուբեն Վարդանյանից այս մասով մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Ն.Հ.




Լրահոս