ԹՇՆԱՄԻՆ ԱՌԱՋ Է ԵԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդը վերջին օրերին առաջխաղացման փորձեր է արել ոչ միայն Արցախում, այլ նաեւ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում: Ըստ տեղեկությունների՝ հակառակորդն առաջ է եկել Տեղ գյուղի հատվածում եւ այնտեղ ամրաշինական աշխատանքներ է անում:

 

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը եւ Գեղամ Մանուկյանը վերջերս են վերադարձել Սյունիքից. պատգամավորները եղել են նաեւ Տեղ գյուղում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Գեղամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել՝ ինչ իրավիճակ էր Տեղ գյուղում:

-Պարո՛ն Մանուկյան, Դուք վերջերս եք վերադարձել Տեղ գյուղից, ի՞նչ կպատմեք ականատեսի աչքերով, ի՞նչ էր կատարվում այնտեղ:

-Թշնամին բավականին առաջ է եկել Տեղ գյուղում. պաշտոնական այն տվյալները, թե որոշ հատվածներում 150-300մ են առաջ եկել, ուղղակի կես ճշմարտություն է. անզեն աչքով էլ տեսանելի է, որ թշնամին ոչ միայն առաջ է եկել, այլ նաեւ գերիշխող դիրքեր է զբաղեցրել, ինտենսիվ ինժեներական աշխատանքներ է տանում: ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, թե արմատական համաձայնություններ կան կողմերի միջեւ, բայց մինչեւ երեկ գիշեր արմատական համաձայնության կամ առաջընթացի ամենախայտառակ փաստն այն էր, որ ոստիկանական մեր հենակետը Տեղ գյուղից ավելի ներքեւ, որտեղ տնակներ կան, ամբողջը հանվել են. դա էլ են զիջել: Մի քանի անհանգստացնող փաստ կա. երբ ասում են՝ համաձայնություն կա, ի՞նչ համաձայնություն է դա՝ գրավո՞ր, թե՞ ինչպես շատ հաճախ է եղել, բանավոր համաձայնություններով թշնամին ավելի առաջխաղացում է ունեցել: Երկրորդ՝ հստակ էր, որ ապրիլի 1-ից Կոռնիձորի ճանապարհը պետք է պատրաստ լինի. ի՞նչ անվտանգային քայլեր են իրականացվել, որպեսզի թշնամական առաջխաղացումը թույլ չտային: Ի վերջո, շվեյցարացի ոստիկաններ չէին այնտեղ կանգնած, այլ Հայաստանի սուվերեն տարածքը վերջին երեք տարին քայլ-քայլ օկուպացնող թշնամին. ստացվում է՝ անվտանգային երաշխիքները չեն գործել: Ի վերջո, ինչի՞ հիման վրա են սահման գծում, սահամանազատման հարցերով զբաղվող միջպետական հանձնաժողովը դեռ աշխատանք չի ծավալել, մի քանի հանդիպումներ են եղել փոխվարչապետների, այսինքն՝ ուղղակի մեկ-երկու պաշտոնյայի որոշման հիման վրա՞ են Հայաստանի սամանները գծվում: Ես հիշում եմ, որ դեռեւս Դիմադրության շարժման պայքարի օրերին զգուշացնում էինք, որ Տեղի բնակիչները զրկվելու են իրենց արոտավայրերից, այդպես էլ եղավ. այսօր մեր շատ հայրենակիցներ ձեռնունայն են, քանի որ թշնամին արոտավայրերը գրավել է:

-Պարո՛ն Մանուկյան զրուցե՞լ եք Տեղի զինվորականների հետ կամ կապ հաստատե՞լ եք մեր ՊՆ-ի հետ՝ հասկանալու՝ ինչ աշխատանքներ են տարվում հակառակորդին ելման դիրքեր ուղարկելու համար:

-Ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց: Պետք է արձանագրեմ, որ հայկական կողմի աշխատանքը համաչափ չէ այն աշխատանքին, որն իրականացնում է Ադրբեջանը: Ավելի խայտառակ փաստ. Տեղ գյուղի մոտ ծանր տեխնիկա է եղել, որը Կոռնիձորի ճանապարհի շինարարությամբ է զբաղվել, իսկ ադրբեջանական առաջխաղացման մեկնարկից հետո ողջ տեխնիկան հանվել է: Ձեռնպահ կմնամ շատ հարցեր բարձրաձայնելուց. եւ՛ ՊՆ-ին, ե՛ւ ԱԱԾ-ին բազմաթիվ հարցեր ունենք եւ պատրաստվում ենք դիմել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԶԱՆԳԵԼ ԵՆ «ՀԱՆՐԱՅԻՆ»-ԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուրբաթ օրը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքից անմիջապես հետո իշխող ֆրակցիայի ղեկավար Հայկ Կոնջորյանն անմիջապես զանգահարել է Հանրային հեռուստաընկերություն եւ պահանջել, որ լրագրող ուղարկեն ԱԺ՝ միջադեպը լուսաբանելու: Ըստ ՔՊ-ական պատգամավորներից մեզ հասած լուրերի՝ Կոնջորյանն այդ պահին անգամ Ազգային Ժողովում չի եղել, շփոթված զանգահարել է Հ1-ին, փոխանցել է, թե ծեծկռտուք է եղել Արծվիկ Մինասյանի եւ Մհեր Սահակյանի միջեւ: Լրագրողները, այդ ինֆորմացիան ստանալով, հասել են ԱԺ ու պարզել, որ իրականում մեկ այլ պատգամավորի՝ Մհեր Սահակյանի եւ Վլադիմիր Վարդանյանի միջեւ է եղել վիճաբանությունը: Ստացվում է՝ Կոնջորյանը, անգամ դեպքի մանրամասներին չտիրապետելով, շտապել է Հ1-ից լրագրող «պահանջել»: ՔՊ պատգամավորները մեզ հետ զրույցում դժվարացան ասել՝ Հայկ Կոնջորյանը Հ1-ի լուրերի տնօրենին է արդյոք զանգել ու լրագրող «պահանջել», թե ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանի կնոջը, որը խմբագիր է աշխատում այնտեղ: Ամեն դեպքում, կատարվածի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն վերցնել Հայկ Կոնջորյանից, սակայն վերջինս, ինչպես միշտ է անում, չպատասխանեց հեռախոսազանգերին եւ մեր նամակներին: Մենք չկարողացանք պարզել, թե որ իրավունքով է ՔՊ խմբակցության ղեկավարը զանգահարել Հ1, այլ ոչ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»: Մարտի 31-ին՝ Հայաստանի Հան ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժղովում կայացած նիստի ժամանակ, երբ Վլադիմիր Վարդանյանի գոռալուց, ձեռքով սեղանին հարվածելուց ու ոտքի կանգնելուց հետո դաշնակցական պատգամավորն էլ էր կանգնել, հարվածել ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի դեմքին, ուշագրավ վիճակ է արձանագրվել:  «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երբ Մհեր Սահակյանը բռունցքով հարվածել է Վլադիմիր Վարդանյանի դեմքին, վերջինս անմիջապես ընկել է հատակին: Երբ փորձել են նրան բարձրացնել, առաջին անգամ չի ստացվել, Վարդանյանը նորից գետնին է ընկել, ինչպես բոքսի ռինգում. ըստ ամենայնի, մեկ հարվածը նոկաուտի է ենթարկել Վարդանյանին: Վայրկյաններ անց է միայն նա կարողացել ինքնատիրապետումը վերականգնել ու կանգնել ոտքի: Նա շտապել է դեպի դուռը, փորձել գտնել Մհեր Սահակյանին, սակայն Սահակյանը արդեն դահլիճում չէր: Սահակյանի հետեւից փորձել են դուրս գալ նաեւ Տրդատ Սարգսյանը, ապա՝ Վիգեն Խաչատրյանը, սակայն չեն հասցրել: «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը նրանց ընթացքը խափանել է՝ հորդորելով հանգստանալ: Ինչեւէ, Վլադիմիր Վարդանյանին «Նաիրի» հիվանդանոց է տեղափոխել ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը:

 

 

 

 

ՆՈՐ ԶՈՎՔԻ  «ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ» ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՉԷ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ալեքս Տեքստիլի» պատասխանատու անձինք իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում, եւ պատճառված վնասը վերականգնելու նպատակով լրացուցիչ հաշվարկված 1.144.765.709 ՀՀ դրամ հարկային պարտավորությունների գումարը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։ Այսինքն՝ երբ ասվում էր, թե Սամվել Ալեքսանյանն է պատվիրել որ «Նոր Զովք»-ին պատժեն, ճիշտ չէր: ՊԵԿ-ը նաեւ «Ալեքս»-ի հետեւից գնաց:

 

 

 

 

ԿԱԼԱՆՔ ՉԻ ԴՐՎԻ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի կալանավորված փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի հաշիվների եւ գույքի վրա կալանք չի դրվի։ Երեկ դատարանը մերժել է նման որոշում կայացնել։

Հիշեցնենք, որ Սիմոնյանը կալանավորվել է մարտի 12 ին երկու ամսվա ժամկետով՝ կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ՀՀ առողջապահության նախկին նախարար Գեւորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։

Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկ»-ի տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները:

Գեւորգ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ կարծում է, որ քավոր կամ սանիկ լինելու համար չեն կարող իրեն  դատապարտել:

 

 

 

 

ՎԻՐԱԲՈՒՅԺԸ ՊԵՏՔ Է ԱՊՕՐԻՆԻ ՀԱՆՔԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐԻ

2023 թվականի մարտի 27-ին կայացած ՀՀ կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանի հրամանով, ստեղծվել է Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատանքային խմբի ղեկավարը լինելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, իսկ այդ կազմում կլինեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հողերի եւ ընդերքի քաղաքականության ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության ոլորտը համակարգող ղեկավարի տեղակալը եւ այլք: Այսինքն՝ պետական մարմինների տեղակալներից կազմված մի նոր աշխատանքային խումբ է կազմվել այն պայմաններում, երբ Հայաստանում գործում է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը՝ կառավարությանը ենթակա, որը վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այդ տեսչության կազմում կա Ընդերքի վերահսկողության վարչություն, որն էլ ունի Ընդերքի շահագործման վերահսկողության բաժին: Հենց այս բաժնի ուղղակի գործառույթն է իրավիճակին տիրապետելը, հանքերի ինքնագործունեությունը կանխելը, ընդերքօգտագործման կանոնների պահպանմանը հետեւելը եւ, ամենակարեւորը, շրջակա միջավայրի պահպանության սուրբ գործը: Ստացվում է, որ ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման համար նոր մարմին է պետք:




Լրահոս