ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում երեկ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների քննարկման հարցն էր, որը վերածվեց լեզվակռվի։ Առաջին հարցը ընդդիմության թեկնածուին էր վերաբերում: Էդգար Ղազարյանին առաջադրել են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Ղազարյանը ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն է եղել, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպանը։ Իշխանական պատգամավորները ընդհատեցին նրա ելույթը, նրա որակումներից բորբոքվեցին, ու սկսվեց թեժ լեզվակռիվ։ «Էս ո՞ւմ եք բերել Ազգային ժողով, սա խայտառակություն է։ Էս ում են բերել եւ ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները», – նետեցին իշխանական պատգամավորները։

 

Նրան նաեւ խեղկատակ, ծաղրածու անվանեցին։ ՄԻՊ-ի թեկնածուն իրավունք չուներ նույնիսկ ելույթը շարունակելու. իշխանականները դուրս եկան դահլիճից։ «Չեմ արձագանքում միայն այն պատճառով, որ դրանք ոչ միայն քննարկման, այլեւ ուշադրության արժանի չեն առհասարակ», – արդեն լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը։

Օմբուդսմենի թեկնածուների հարցի քննարկման երկրորդ հատվածում արդեն ներկայացվեց իշխանական թեկնածուն՝ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։ Քննարկումն այս փուլում խաղաղ անցավ, նրան ընդհատող չկար։ Իշխանական պատգամավորները նրան տարբեր հարցեր տվեցին, նաեւ թե ինչպիսի դիրքորոշում ունի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք բողոքում են իշխանությունից, կառավարությունից, պատրա՞ստ է ընթացք տալ նրանց բողոքներին։ Անահիտ Մանասյանն ասաց, որ պաշտպանելու է քաղաքացիներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։ Ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում այս նիստին, միայն հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր ներկա։ Նիստի ավարտին հանձնաժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հավանություն տվեց իշխող Անահիտ Մանասյանի թեկնածությանը։ Նրա օգտին քվեարկեցին ՔՊ-ական պատգամավորները։ Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջադրած միասնական թեկնածուի օգտին կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։ Դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածության հարցը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: Անահիտ Մանասյանը ՄԻՊ պաշտոնում ընտրվելու դեպքում իր առաջնահերթ աշխատանքն է համարում հանրային հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորումն ու դրան նպաստելը: «Կարծում եմ, որ իմ առաջնահերթ նպատակը, նաեւ ամբողջ աշխատանքային համատեքստը, որ պատկերացնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, հենց հանրային հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորումն ու դրան նպաստելն է»,-ասաց թեկնածուն: Նա համոզված է, որ, առանց նման մթնոլորտի, անհնար է ուղղակի ունենալ մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմ:

«Ակնհայտ է, որ մենք ունենք լուրջ խնդիրներ: Եվ այն մեծ խնդիրները, որոնք օբյեկտիվորեն տեսնում ենք, բոլորը բխում են այդ հիմնական խնդիրներից, հետեւաբար իմ հիմնական առաքելությանը նպաստող ամենամեծ գործիքակազմը լինելու է հենց հանրային հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորումը, որովհետեւ հենց այս հանգամանքն է ընկած մարդու իրավունքների պաշտպանության մնացյալ բոլոր խնդիրների հիմքում»,-ասաց Մանասյանը: Նա ընդգծեց՝ ՄԻՊ գործառույթը չի տեսնում պարզապես ինչ-որ խնդիրներ արձանագրելու եւ դրա մասին հայտարարություններ հրապարակելու համատեքստում: «Բոլորիս տեսանկյունից պետք է կարեւոր լինի արձանագրված խնդիրների համար հարգանքի, համագործակցության ոլորտում լուծումներ գտնելը»,-նշեց թեկնածուն: Մանասյանը շեշտեց՝ Մարդու իրավունքների պաշտպանի դերակատարությունն ու կերպարը չի տեսնում ընդդիմադիր, իշխանական քաղաքական գործչի համատեքստում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԼԻՏՎԱՆ ԿՈՂՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ

Լիտվայի խորհրդարանը կողմ է քվեարկել Ռուսաստանի քաղաքացիներին երկրում անշարժ գույք ձեռք բերելն արգելելու նախաձեռնությանը:

Արգելքին կողմ է քվեարկել 76 պատգամավոր, դեմ Է արտահայտվել 13-ը, եւս 34-ը ձեռնպահ Է մնացել։ Նախաձեռնության հեղինակն է Սեյմի ազգային անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովը: Ըստ հանձնաժողովի նախագահ Լաուրինաս Կասչյունասի՝ 2022թ.-ին ռուսաստանցիները Լիտվայում ձեռք են բերել անշարժ գույքի 699 օբյեկտ:

Հանձնաժողովում վստահ են, որ ռուսաստանցիների կողմից անշարժ գույքի ավելի ակտիվ ձեռք բերումը կարող է վտանգներ ստեղծել ազգային անվտանգության համար: Նշվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Լիտվա ժամանող ռուսաստանցիների թիվը զգալիորեն աճել է:

 

 

 

 

ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ

Ադրբեջանում շարունակում են հնչեցնել անհիմն մեղադրանքներ Հայաստանի հասցեին։ Այս անգամ, իբր, Հայաստանը «հրաժարվում է համագործակցել ականազերծման հարցում»։

«Այսօր նշվում է Ականների վտանգի հարցերով կրթման միջազգային օրը։ Նրանք, ովքեր անկանոն ականներ են տեղադրում եւ հրաժարվում համագործակցել դրանց վնասազերծման հարցում, այդ թվում՝ Հայաստանը, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Մենք պետք է վերջ դնենք մարդկային մեծ կորուստներին այդ արարքների հետեւանքով»,- նշվել է Ադրբեջանի ՆԳՆ-ի թվիթերյան հրապարակման մեջ՝ Ականների վտանգի հարցերով կրթման միջազգային օրվա առիթով։

Հիշեցնենք, որ Բաքվում այդկերպ «արդարացնում» են գերիներին չվերադարձնելը եւ այլ հանցագործություններ, այնինչ գոյություն ունեցող ականային վտանգն Արցախում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին  ստեղծվել է հավասար չափով հենց Ադրբեջանի կողմից, էլ չենք ասում այն մասին, որ հակամարտությունն ինքը Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ քաղաքականության հետեւանքն է։ Ինչպես առաջին պատերազմի ժամանակ, այնպես էլ ավելի ուշ Ադրբեջանի ԶՈւ-ն ստեղծել է ականադաշտեր, իսկ հիմա պատասխանատվությունը դնում է հայկական կողմի վրա։

 

 

 

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Խախտելով տեւական լռությունը՝ Հայաստանի առաջին նախագահն «ազգային խայտառակություն» է որակում նախօրեին Աժ նախագահի շուրջ տեղի ունեցած, իր բնորոշմամբ, զազրելի միջադեպը՝ իշխող քաղաքական ուժին առաջարկելով նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հրապարակել է ilur.am-ը։

Առաջին նախագահին զայրացրել է անցած կիրակի մայրաքաղաքի կենտրոնում Սիմոնյանի եւ դաշնակցական սփյուռքահայ Կարեն Մկրտչյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը։ Դաշնակցական երիտասարդը Սիմոնյանին անվանել էր դավաճան, ինչից հետո, ըստ նրա, Սիմոնյանի թիկնապահները ոլորել էին իր ձեռքերը, իսկ ԱԺ նախագահը թքել էր իր դեմքին։ Ալեն Սիմոնյանը, ըստ էության, չէր հերքել կատարվածը, բայց երեկ այդպես էլ չէր պատասխանել հարցին՝ ի վերջո, թքել է քաղաքացու դեմքին, թե ոչ։ Ավելին՝ արդարացրել էր իր թիկնապահների՝ քաղաքացուն մոտենալու, ձեռքերից բռնելու գործողությունները. «Մեր խոսակցությունից հետո ինքը փորձ արեց հարձակվի ինձ վրա, որից հետո անվտանգության աշխատակիցները նրան բռնեցին, որպեսզի ինքը չհարձակվի իմ վրա, եւ նույնիսկ իր հրապարակած տեսանյութում կամ որեւիցե տեղ նման բան գոյություն չունի։ Մենք էսօր ընենց աշխարհում ենք ապրում, որ որեւիցե բան թաքցնել անհնար է։ Ինչ վերաբերում է մնացածին, կարծում եմ՝ բոլոր պատասխանները իմ հրապարակման մեջ կան»։

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԸՆՏՐԵՆ

Երեւանի ավագանին ապրիլի 11-ին քաղաքապետի արտահերթ ու ըստ էության ձեւական ընտրություն կանցկացնի օրենքի պահանջին հետեւելու համար։ Նման անհրաժեշտություն առաջացել է նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո։ Ավագանին արտահերթի համար ամենաուշը մեկ ամիս ժամանակ ունի։ Այսօրվա նիստը վարող Երեւանի առաջին փոխքաղաքապետ Լեւոն Հարությունյանը, որ հիմա քաղաքապետի պարտականություններն է կատարում, հայտարարեց. «Առաջարկում եմ Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել 2023 թվականի ապրիլի 11-ը՝ ժամը 10:00-ն»։ Այսպիսով, ապրիլի 11-ին ավագանու խմբակցությունները պետք է իրենց թեկնածուներին առաջադրեն, բայց օրենքը պարտադրում է, որ այդ թեկնածուն ավագանու անդամ լինի։




Լրահոս