ՀԱՐՑ. Եթե քաղաքացին խնդիր ունի քաղաքաշինության նախարարության հետ, ապա նա ո՞ր դեպքերում կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին այն դեպքում, եթե քաղաքաշինության նախարարությունը`
• չի ստեղծել անհրաժեշտ պայմաններ բնակարանային պայմանների բարելավման, բազմաբնակարան շենքերի պահպանման եւ անվտանգ շահագործման համար,
• չի ապահովել շենքերի եւ շինությունների սեյսմակայունությունը,
• անհիմն մերժել է քաղաքաշինական գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն պահից, երբ մեր հայրենակիցները որոշեն քաղաքաշինության հարցերի հետ կապված իրենց իրավունքները պաշտպանել, հավանական է, որ ՀՀ ազգաբնակչության կեսից ավելին դիմի ՄԻՊ-ին: Թեեւ այս կառույցին ընդամենը երեք դեպքերի առկայության պարագայում է միջամտելու իրավունք վերապահվում, բայց դրանք շատ տարողունակ են: Օրինակ` դժվար է Երեւանում հայտնաբերել որեւէ շենք, որի սեյսմակայունությունն ապահովված է: Համենայնդեպս, վերջին օրերին հրատապ դարձած երկրաշարժերի թեման եւս մեկ անգամ ստիպեց վերհիշել, որ նույնիսկ նորակառույցների տերերը երբեւէ չեն հայտարարել, թե իրենց վաճառած բնակարանները սեյսմակայուն են: ՄԻՊ-ի լիազորությունների շրջանակում տեղավորվող մյուս երկու խնդիրները նույնպես ներկայացվածի նման ընդգրկուն են: