Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի եւ Երեւանի ուսումնական հաստատությունների վերապատրաստված տնօրեններ:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը, ինչպես նաեւ Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Մերուժան Հարությունյանը։
Նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ կարեւորելով Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման հարցը: Արաքսյա Սվաջյանը փաստել է Տավուշի մարզի ավելի քան 80 դպրոցում նոր չափորոշչի ներդրման գործընթացի աշխատատարությունն ու վերահսկելիությունը: Նա շեշտել է, որ ՀՀ մյուս մարզերի դպրոցներում չափորոշչի ներդրման գործընթացը կարող է ուղեկցվել որոշակի այլ դժվարություններով, հետեւաբար ապավինում է վերապատրաստված մասնագետների ջանքերին:
ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի խոսքով՝ այսօրինակ հանդիպումները հնարավորություն են ընձեռում քննարկելու իրականացված վերապատրաստումների արդյունքները եւ չափորոշիչը փորձարկած ուսումնական հաստատությունների տնօրենների հետ կատարելու փորձի եւ մտքերի փոխանակում:
ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը խոսել է չափորոշչի ներդրման մեխանիզմների մասին, ներկայացրել սպասվելիք փոփոխությունները եւ Տավուշի փորձի որոշ մանրամասներ:
Թեղուտի միջնակարգ դպրոցից Ա. Թամրազյանը ներկայացրել է դպրոցի 2022-2023 ուստարվա ուսումնական պլանը՝ հատկապես անդրադառնալով ընտրովի բաղադրիչին: Հնչել են մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են նախագծային աշխատանքների եւ երկարօրյա դասընթացների կազմակերպմանը:
Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Է. Սահակյանը ներկայացրել է նախագծային ուսուցման վերաբերյալ դպրոցի փորձը, մասնակիցներին ուղեկցել քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ՝ ներկա գտնվելու աշակերտների իրականացրած հետազոտություններին:
Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Յոլչյանն էլ խոսել է ներդպրոցական վերահսկողության մասին՝ մանրամասն անդրադառնալով մնացորդային գիտելիքների ստուգմանը եւ առաջին աստիճանի բարդության հարցերին:
Խեւքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Ն. Անանյանը ներդպրոցական վերահսկողության շրջանակում անդրադարձել է «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրին եւ երկարօրյա պարապմունքներին:
Լճկաձորի հիմնական դպրոցի տնօրեն Մ. Առաքելյանն էլ խոսել է գնահատման նոր մեթոդաբանության, ծնողական համայնքում դրական արձագանքների մասին։
Հանդիպման ընթացքում հնչել են քննարկվող թեմաների վերաբերյալ մի շարք հարցեր, որոնց պատասխանել են Տավուշի մարզի տնօրենները եւ ԿԶՆԱԿ-ի տնօրենի տեղակալը՝ եւս մեկ անգամ կարեւորելով կրթության բարեփոխումների այս գործընթացի առաջնահերթությունները:
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԶԵՆՔԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՂԸ
2022թ. տվյալներով՝ Հնդկաստանն աշխարհում հիմնական զինատեսակների ամենախոշոր ներմուծող երկիրն էր. նրա գխավոր մատակարարը նախկինի պես Ռուսաստանն է։ Այսպիսի եզրակացություն է արվել Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ երկուշաբթի հրապարակած հաշվետվությունում։
Ինչպես նշել են ինստիտուտի փորձագետները, Հնդկաստանը պահպանել է առաջատար դիրքերը՝ անգամ չնայած այն բանին, որ նրա ներմուծումը 2013-2017թթ. եւ 2018-2022թթ. կրճատվել է 11 տոկոսով։ Նրանց կարծիքով՝ այս նվազումը բացատրվում է հնդկական կողմի գնումների բարդ գործընթացով, ինչպես նաեւ մատակարարների դիվերսիֆիկացման պետական քաղաքականության առանձնահատկություններով։ Բացի այդ, իրավիճակի վրա ազդում են նաեւ երկրի ներսում զենքի արտադրություն կազմակերպելու պետության ջանքերը՝ պայմանավորված ներմուծումից կախումը նվազեցնելու ցանկությամբ։
«Հնդկաստանն աշխարհում սպառազինությունների հիմնական տեսակների ամենախոշոր ներմուծողն էր 2018-2022թթ. (սպառազինությունների համաշխարհային ներմուծման ընդհանուր ծավալի 11 տոկոսը)։ Երկիրը պահպանում էր այդ դիրքը նաեւ 1993-2022թթ.»,- նշվել է հաշվետվությունում։
SIPRI-ի փորձագետները փաստել են, որ սպառազինությունների ամենախոշոր արտահանողը Հնդկաստան նախկինի պես մնում է Ռուսաստանը՝ չնայած այն բանին, որ ՌԴ-ի բաժինը 2018-2022թթ. կրճատվել է։ «Ռուսաստանը զենքի ամենախոշոր մատակարարն էր Հնդկաստան 2013-2017թթ., ինչպես նաեւ 2018-2022թթ., սակայն նրա բաժինը սպառազինությունների հնդկական ներմուծման ընդհանուր ծավալում կրճատվել է՝ 64-ից հասնելով 45 տոկոսի»,- նշվել է փաստաթղթում։
Վերլուծաբանների խոսքով՝ ՌԴ-ից սպառազինությունների ներուծման կրճատման վրա ազդում են մի քանի գործոններ։ Մասնավորապես, դրանցից են այլ մատակարար երկրների բարձր մրցակցությունը, Հնդկաստանում զենքի արտադրության ավելացումը, ինչպես նաեւ «2022-ից սկսած՝ Ռուսաստանի կողմից զենքի արտահանման սահմանափակումը»։
Հաշվետվությունում նաեւ նշվել է, որ սպառազինությունների հնդկական ներմուծումը Ֆրանսիայից, որը նախկինում կազմում էր 62 մարտական ինքնաթիռ եւ 4 սուզանավ, 2022թ. վերջի դրությամբ ավելացել է 489 տոկոսով։
«Այսպիսով, Ֆրանսիան սպառազինությունների մատակարարման ծավալով առաջ է անցել ԱՄՆ-ից եւ երկրորդն է Հնդկաստան 2018-2022թթ. զենքի արտահանման գործում»,- նշվել է հաշվետվությունում։
Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) հաշվետվությունը կոչվում է «Սպառազինությունների միջազգային մատակարարումների միտումները-2022»։ Փաստաթղթում համեմատվում են հնգամյա երկու շրջաններ՝ 2013-2017 եւ 2018-2022թթ.։
ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ
Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավման, հաշմանդամության հիմքով խտրականության բացառման, բոլոր ոլորտներում նրանց լիարժեք եւ արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել եւ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագիրը։
Համալիր ծրագրում ամրագրված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու հնարավորությունների ընձեռնմանն ուղղված առաջիկա տարիների պետական քաղաքականությունը, ՀՀ պետական ու համայնքային բյուջեների շրջանակում իրականացվող միջոցառումները, սահմանված են դրանց կատարման պատասխանատուները եւ թիրախները:
Հիմնվելով Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրի հիմնական ուղղությունների վրա եւ հաշվի առնելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները՝ սահմանվել է 7 առաջնահերթություն.
a հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, հավասար հնարավորությունների եւ մատչելի պայմանների ապահովում, ինչպես նաեւ խտրականության բացառում,
a հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ ներառական կրթության իրավունքի ապահովում կրթության բոլոր մակարդակներում,
a հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ զբաղվածության եւ արժանապատիվ աշխատանքի ապահովում,
a ֆիզիկական եւ հոգեկան առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակով ապահովում,
a մշակութային իրավունքների խթանում եւ ապահովում, մասնակցություն սպորտին եւ ժամանցին,
a հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավում, խնամքի ծառայությունների փոխակերպում եւ անկախ կյանքի ապահովում,
a արտակարգ իրավիճակում կամ ռազմական դրության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության եւ անվտանգության ապահովում։
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից շահագրգիռ գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Համալիր ծրագրի նախագծի մշակմանը փորձագիտական աջակցություն է ցուցաբերել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը, այդ թվում՝ աջակցելով մշակման եւ հանրային քննարկման փուլում հաշմանդամություն ունեցող անձանց հետ խորհրդակցությունների անցկացման հարցում։ Համալիր ծրագրի նախագծի մշակման փուլում մասնակցություն է ունեցել ոլորտային յոթ հասարակական կազմակերպություն եւ հաշմանդամություն ունեցող ավելի քան 70 անձ։