Ո՞Ր ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՆԵՐԸ ԿՊՏՏՎԵՆ ԼՈՒՍՆԻ ՇՈՒՐՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թ Artemis II առաքելության շրջանակում տիեզերագնացների անձնակազմը կպտտվի Լուսնի շուրջը՝ առանց դրա վրա վայրէջք կատարելու: ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) արդեն հայտնել է անձնակազմի կազմը։ Այն ներառում է չորս տիեզերագնաց՝ հրամանատար Ռիդ Ուայզմեն (Reid Wiseman), օդաչու Վիկտոր Գլովեր (Victor Glover), առաքելության առաջին մասնագետ Քրիստինա Համոկ Կուկ (Christin Hammock Koch), առաքելության երկրորդ մասնագետ Ջերեմի Հանսեն (Jeremy Hansen)։ Ի՞նչ է հայտնի այս տիեզերագնացների մասին: Անձնակազմի հրամանատար Գրեգորի Ռիդ Ուայզմանի համար սա կլինի երկրորդ թռիչքը դեպի տիեզերք։ Առաջինը եղել է 2014 թ., երբ նա ավելի քան 165 օր անցկացրեց տիեզերքում՝ 41-րդ արշավախմբի ժամանակ Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) որպես թռիչքային ինժեներ աշխատելով։

 

2020 թ. դեկտեմբերից մինչեւ 2022 թ. նոյեմբերը նա աշխատել է որպես Տիեզերագնացության գրասենյակի ղեկավար, ինչը NASA-ի գործող տիեզերագնացների համար բարձրագույն ղեկավար պաշտոնն է։ Վիկտոր Գլովերի համար սա եւս կլինի երկրորդ թռիչքը դեպի տիեզերք։ Նախկինում նա եղել է NASA SpaceX Crew-1 տիեզերանավի օդաչուն, որը տիեզերագնացներին տեղափոխում էր ՄՏԿ: Այնտեղ նրանք մնացել են 168 օր։ ՄՏԿ-ում 64-րդ արշավախմբի շրջանակում Գլովերը որպես թռիչքային ինժեներ մասնակցել է գիտական հետազոտությունների: Նա նաեւ չորս անգամ դուրս է եկել բաց տիեզերք։ Քրիստինա Համոկ Կուկը նույնպես կիրականացնի իր երկրորդ տիեզերական թռիչքը Artemis II առաքելության շրջանակում: Նա աշխատել է որպես ինժեներ ՄՏԿ-ում 59, 60 եւ 61 արշավների ժամանակ: Նա նաեւ հայտնի է նրանով, որ տիեզերքում կնոջ անցկացրած ամենաերկար ժամանակահատվածի ռեկորդ է սահմանել՝ 328 օր, վեց անգամ դուրս է եկել բաց տիեզերք, դրանցից երեքի դեպքում բաց տիեզերք է դուրս եկել միայն կանցից բաղկացած թիմը՝ 42 ժամ 15 րոպե ընդհանուր տեւողությամբ։ Կանադացի տիեզերագնաց Ջերեմի Հանսենի համար սա առաջին թռիչքն է դեպի տիեզերք: Նա կանադական զինված ուժերի գնդապետ է, կործանիչի նախկին օդաչու, որը տիեզերական գիտությունների ոլորտում բակալավրի աստիճան է ստացել Քինգստոնում (Օնտարիո) գտնվող Կանադայի թագավորական ռազմական քոլեջից, իսկ 2000 թ. նույն հաստատությունից ստացել է ֆիզիկայի մագիստրոսի կոչում՝ լայն տեսադաշտով արբանյակային հետագծման ոլորտում հետազոտությունների մասնագիտացումով (Wide Field of View Satellite Tracking): Հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերին NASA-ի Artemis I առաքելությունը հաջողությամբ ավարտվեց, եւ Orion տիեզերանավը վայրէջք կատարեց Խաղաղ օվկիանոսում: Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում վերոնշյալ տիեզերագնացները կպտտվեն Լուսնի շուրջը եւ կվերադառնան Երկիր։ Artemis II-ը կլինի Երկրի ուղեծրից այն կողմ առաջին օդաչուավոր առաքելությունը Apollo 17-ից հետո. այն վերջին առաքելությունն էր, որի շրջանակում 1972 թ. դեկտեմբերին վայրէջք է կատարվել Լուսնի վրա: Երրորդ փուլի՝ Artemis III առաքելության շրջանակում տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի մակերեսին։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա 2025 թ. դեկտեմբերից ոչ շուտ։ Մինչ այդ պետք է փորձարկվեն SpaceX-ի՝ Լուսնի վրա վայրէջք կատարելու համար նախատեսված մոդուլը (Starship Human Landing System) եւ Axiom Space-ի տիեզերական նոր կոստյումները։

 

 

 

 

ԼՈՒՍԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ

Ապրիլի 3-ին հիվանդանոցում մահացել է ՀՀ վաստակավոր դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը:

 

Դերասանուհուն նրա երկրպագուները վերջին հրաժեշտը տվեցին ապրիլի 4-ին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 5-ին, Գյումրիում: Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։ Տեւական ժամանակ նրա առողջական վիճակը ծանր էր՝ առանց դրական տեղաշարժի։ Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թ-ի դեկտեմբերի 4-ին Գյումրիում։ Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ 1969 թվականին Լուսինե Կիրակոսյանն ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատել է Երեւանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։ Խաղացած ներկայացումներից են՝ Երվանդ Օտյանի «Սեր եւ ծիծաղ» (Նվարդ), Ս. Ստրատիեւի «Ավտոբուս» (Կին), Ժորա Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Բ. Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Լուկա), Գ. Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» (Անահիտ), Մ. Մնացականյանի «Թաղի զավակը» (Սաթիկ), Պերճ Զեյթունցյանի «Կա՛նգ առ երկրագունդ» (Սիրուշ), Ա. Մակայոնոկի «Հալածված առաքյալը» (Մայր), Խ. Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (Վեներանդա) եւ այլն։ Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1984), «Ավտոբուս» (1988), «Լաբիրինթ» (1994), «Մեր բակը 1» (1996) ֆիլմերում։ Հեռուստադիտողի հիշողության մեջ միշտ մնացել եւ մնում է Լուսինե Կիրակոսյանի մարմնավորած Ռոզի կերպարը «Վերվարածները ընտանիքում» առաջին հայկական հեռուստասերիալից։

2007 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար (Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի):

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Մեկնարկում են 2023թ. պետական բյուջեով նախատեսված՝ պատմության եւ մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները մարտի 30-ին այցելել են Տավուշի եւ Լոռու մարզերի՝ 2023 թ. պետական միջոցների հաշվին վերականգնվող հուշարձանների տարածք աշխատանքների մեկնարկից առաջ ի հայտ եկած խնդիրները տեղում քննարկելու, ինչպես նաեւ շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման եւ անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համապատասխանությունը ստուգելու նպատակով:

Այցին ներկա էին նաեւ վերականգնման աշխատանքներ եւ հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Շարունակվում են 2022 թ. մեկնարկած ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի վերականգնման աշխատանքները: Այցի ընթացքում քննարկվել են 2023թ. նախատեսված աշխատանքները, քանդման աշխատանքների արդյունքում ի հայտ եկած՝ նախկինում (ԽՍՀՄ տարիներին) իրականացված վերակառուցման բացթողումների հետեւանքով առաջացած խնդիրները եւ հնարավոր լրացուցիչ ծավալների ավելացումը:

Աշխատանքային խումբն այցելել է նաեւ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիր: Չնայած այն հանգամանքին, որ Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքները նույնպես նախատեսվում է իրականացնել տարվա ընթացքում, դրանք դեռեւս շինարարական հրապարակի նախապատրաստական փուլում էին: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել են ջրահեռացման, ծածկասալերի եւ ներքին առագաստների քարերի փոխարինման խնդիրները:

 

 

 

 

ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՎՈՂ ԲՈՆՈՒՍ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն ամեն մրցաշրջանում ստանում է 60 միլիոն եվրո լրացուցիչ բոնուս ակումբից չհեռանալ համար։

Մբապեի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս, եթե այս տարվա ամռանը նա չակտիվացնի մեկ տարով (մինչեւ 2025թ. հունիս) երկարաձգման կետը։

Մբապեն ՊՍԺ-ի ղեկավարությանն արդեն հայտնել է, որ չի երկարաձգի պայմանագիրը եւ հաջորդ տարի կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

 




Լրահոս