ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵԿ ՕՐԱԿԱՐԳ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցիները ապրիլի 4-ին հերթական ահաբեկչական քայլն են իրականացրել արցախցիների նկատմամբ:

 

Լաչինի միջանցքում ադրբեջանցի կեղծ «էկոակտիվիստները» արգելափակել էին ՌԴ խաղաղապահների մեքենան, որով 27 անձ Գորիսից վերադառնում էր Ստեփանակերտ։ Չորս կանանց ինքնազգացողությունը դրանից վատացել էր, նրանցից 3-ը ուշագնաց էին եղել։

«Ժողովուրդ» օրաթերթը միջադեպի վերաբերյալ զրուցել է ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե  Հակոբյանի հետ:

-Տիկի՛ն Հակոբյան, ի՞նչ մանրամասներ կպատմեք միջադեպից:

-Արցախցի կանանց (որոնք ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխվում էին) ադրբեջանցիները  կանգնեցնում են ու թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը: Կանանցից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել է, ադրբեջանցիներն էլ թույլ չեն տվել, բացի իրենց շտապօգնության մեքենայից, մեկ այլ օգնություն։ Ռուսական կողմը դա ընդունել է, որպեսզի այդ կանանց կարողանան արագ բժշկական կենտրոն տեղափոխել:

-Այսինքն՝  կանանց ադրբեջանական շտապօգնության մեքենայո՞վ են տեղափոխել հիվանդանոց:

-Այո՛. մի մասին հետ են ուղարկել, իսկ այն 4 կանանց, որոնց ինքնազգացողությունը վատացել էր, իրենց շտապօգնության մեքենաներով են տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց: Այսինքն՝ թշնամին հստակ իր օրակարգով է շարժվում։ Եթե ուշադիր լինենք, երեկ էլ Բայրամովը հայտարարեց, որ հաստատակամ են իրենց որոշման մեջ. պետք է  լինի ինտեգրում, համակեցություն, եւ իրենք ամեն ինչ անելու են դրա համար:

Վերջին միջադեպն էլ հենց դրա ապացույցն էր: Երբ որոշ ժամանակ առաջ նման միջադեպ եղավ արցախցի երեխաների հետ, այն ժամանակ իրենք այլ քաղաքականություն էին վարում, իրենց պահանջն իբրեւ թե բնապահպանական էր, բայց հիմա որեւէ մեկը չի հիշում այդ բնապահպանական պահանջի մասին, հիմա պահանջն արդեն հստակ քաղաքական է, ինչի մասին մենք վաղուց ասում էինք: Ցավոք սրտի, ինչպես միշտ,  թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ Արցախի իշխանությունները  մտան այդ օրակարգի մեջ եւ գնացին իբրեւ թե հումանիտար խնդիրներ լուծելու ճանապարհով, բայց դրանով ամեն ինչ փակուղի մտցրին: Բոլորն էլ հստակ գիտեն, որ Ադրբեջանը միայն մեկ օրակարգ ունի. դա համակեցությունն է. ես ինտեգրում բառը չեմ էլ ուզում օգտագործել, քանի որ ադրբեջանցիների քայլերը որեւէ կերպ չեն տեղավորվում ինտեգրման գաղափարում, այլ տանում են արցախցիների ոչնչացման:

-Տիկի՛ն Հակոբյան, երեկ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նա նշել է, որ տեղափոխումը հնարավոր կլինի միայն ՌԴ խաղաղապահների միջոցով: Իրավիճակն իսկապե՞ս այդ աստիճան ծայրահեղ է:

-Ինձ համար անհասկանալի չէր այդ հայտարարության իմաստը։ Ստացվում է այնպես, որ մենք 4 ամիս շրջափակման մեջ չէի՞նք, կարողանո՞ւմ էինք տեղաշարժվել, բայց հիմա հնարավոր էր: Արդեն 4 ամիս է՝ որեւէ բնակիչ, եթե նա իշխանական նեղ շրջանակից չէ, չի կարող տեղաշարժվել։ Մենք 4 ամիս շրջափակման մեջ ենք եղել եւ շարունակում ենք մնալ, իսկ թե ինչ էր ուզում ասել պետնախարարը, հասկանալի չէր:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԽԻՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հերքել է տարածվող լուրերը, թե ՌԴ խաղաղապահները տարհանում են Արցախի բնակչությանը կամ մեծ թվով քաղաքացիների են Արցախից Հայաստան տեղափոխում։ Ներսիսյանը նաեւ հայտնել է, որ այսուհետ Արցախից Հայաստան մեկնելը հնարավոր կլինի խիստ անհրաժեշտության դեպքում։

 

Գուրգեն Ներսիսյանն այդ մասին գրառում է արել սոցցանցի իր էջում։

«Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում՝ բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնին նախապես դիմելու եղանակով եւ կենտրոնի թույլտվությամբ:

Արցախը Հայաստանին կապող ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո տեւական ժամանակ արցախցիները զրկված էին ամենատարբեր կարիքների համար Արցախից Հայաստան մեկնելու հնարավորությունից:

Հաշվի առնելով մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները /ՀՀ-ում հարազատի մահ, հուղարկավորություն, կիսված ընտանիքների՝ ՀՀ-ում գտնվող ընտանիքի անդամի ծանր հիվանդություն, վիրահատություն եւ այլն/ եւ լարվածության աճը՝ վերջին օրերին ռուս խաղաղապահները որոշակի պարբերականությամբ սկսել են Արցախից Հայաստան տեղափոխել նման խնդիրների առաջ կանգնած քաղաքացիների:

Վերոնշյալ գործընթացը վերահսկողության տակ պահելու եւ ճանապարհի արգելափակված հատվածում մեր քաղաքացիներին հնարավոր ադրբեջանական սադրանքներից պաշտպանելու նպատակով այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում, բնականաբար, ռուս խաղաղապահների միջոցով՝ բացառապես rուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնին նախապես դիմելու եւ կենտրոնի թույլտվությամբ: Ինչ վերաբերում է առողջական խնդիր եւ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց, ապա նրանց տեղափոխությունը ՀՀ կկազմակերպվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության միջոցով՝ Արցախի առողջապահության նախարարության ցուցմամբ:

Միաժամանակ հայտնում ենք, որ ռուս խաղաղապահների կողմից Արցախի բնակիչներին տարհանելու կամ մեծ թվով արցախցիների՝ Հայաստանի Հանրապետության տեղափոխելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում. դրանք ադրբեջանական տեղեկատվական գրոհների հերթական դրսեւորումներն են»,- գրել է Ներսիսյանը:

 

 

 

 

ԴԻՄԵԼ ԵՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ

Ադրբեջանցիները ապրիլի 4-ին հերթական ահաբեկչական քայլն են իրականացրել արցախցիների նկատմամբ`արգելափակելով ՌԴ խաղաղապահների մեքենան, որով 27 արցախցիներ Գորիսից վերադառնում էին Ստեփանակերտ։ Արցախցի չորս կանանց ինքնազգացողությունը դրանից վատացել էր, նրանցից 3-ը ուշագնաց էին եղել։

Մինչ այս պահը որեւէ երկիր կամ միջազգային կառույց չի արձագանքել ադրբեջանի հերթական հայատյաց քայլին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ միջադեպի մասով դիմել է միջազգային տարբեր կառույցների, փաստեր է ներկայացրել, սակայն դեռեւս արձագանք չկա.

«Անընդհատ էլ դիմում ենք միջազգային տարբեր կազմակերպությունների՝ ոչ միայն երեկվա միջադեպի  հետ կապված։ Ինչ սկսվել է շրջափակումը, շուրջ տասը զեկույց եմ հրապարակել, որոնք անմիջապես ուղարկվել են միջազգային կազմակերպություն: Ցանկացած տեղեկություն, որը հրապարակվում է նաեւ սոցիալական կայքերում, հրապարակվում է մեր պաշտոնական էջում, հատուկ տեղեկագրի տեսքով ուղարկվում է միջազգային կազմակերպությունների։

Կոնկրետ երեկվա միջադեպի հետ կապված եւս դիմումներ ուղարկել եմ:

Այս պահի դրությամբ կոնկրետ միջադեպի մասնակիցներից  շարունակում ենք ստանալ փաստեր, տեղեկություններ, որոնք ամփոփվելուց հետո տեղեկանքի տեսքով, արդեն մարդկանց վկայություններով, թե ինչ զգացողություններ են եղել, ինչպես է մեքենան կանգնեցվել, ինչպես են ադրբեջանցիները մուտք գործել, ինչպես է մեքենան կանգնեցվել, հավաքագրվել են եւ նկարներով, տեսանյութերով ուղարկվել են միջազգային կազմակերպությունններին, բայց դեռ արձագանք»,-ասաց նա: Իսկ թե ինչով է պայմանավորում կոնկրետ վերջին միջադեպի հետ կապված քար լռությունը, Գեղամ Ստեփանյանն ասում է.

«Զեկույցները մինչեւ տեղ են հասնում, մինչեւ ծանոթանում են նյութերին, ժամանակ է այս ամենը պահանջում»:

Ստացվում է՝ միջազգային հանրության անտարբերության եւ քար լռության պայմաններում Արցախի շուրջ 120 հազար բնակիչ գրեթե ամեն օր ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների է ենթարկվում բռնատիրական Ադրբեջանի կողմից:

Գրեթե ամեն օր մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին աղաղակող երկրները եւ միջազգային կազմակերպությունները շարունակում են լռել  Ադրբեջանի անմարդկային արարքների մասին:

 

 




Լրահոս