Լուսանկարն արվել է Արթիկում
Շիրակի մարզում տեղի է ունեցել Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնը վերանորոգվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ով իրավունք ունի դիմելու եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար:
Պերճուհի Հակոբյան (64 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պ. Հակոբյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող, անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների եւ կարճատեւ ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային մարմինը` համակարգող խորհրդի առաջարկության հիման վրա: Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով երեք ամիս ժամկետով:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչով են պայմանավորված ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները:
Հայկուհի Պետրոսյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են:
Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը: Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող է փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են, մասնավորապես, կառավարության ծախսերը, Կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները: Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ՝ կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեքավորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ, օրինակ, ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների (օրինակ` կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է:
ՀՀ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ ԿԲ կողմից արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է որպես հաշվարկային միավոր ՀՀ ԿԲ-ի համար եւ, ըստ ցանկության, կարող է օգտագործվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից: