Ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի քննարկումն ընթացավ մի շարք աղմկահարույց միջադեպերով:
Ակնհայտ էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, մասնավորապես՝ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, մտադրված եկել էին՝ նիստը տապալելու:
Արթուր Հովհաննիսյանը անձնական վիրավորանքներ եւ սպառնալիքներ էր հնչեցնում ընդդիմության ՄԻՊ թեկնածուի՝ Էդգար Ղազարյանի հասցեին:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ՄԻՊ թեկնածուի հաստատման հարցով հրավիրված նիստին:
Դանիել Իոաննիսյանը քննադատեց ՔՊ-ականների պահվածը եւ հայտարարեց, որ այդ ամենին պետք է տրվի իրավական գնահատական:
-Պարո՛ն Իոաննիսյան, ի՞նչ գնահատական կտաք իշխող ֆրակցիայի պատգամավորների վարքագծին, ի՞նչ էին փորձում անել նրանք:
-Նախ՝ սկսեմ նրանից, որ ցանկացած անձ, որը ԱԺ-ում կամ հանձնաժողովում ելույթ ունենալու իրավունք ունի, լինի պատգամավոր, թե այլ անձ, իրավունք ունի իր գնահատականները հնչեցնելու: Կարող ենք համաձայն լինել կամ չլինել դրանց հետ, բայց սա չպետք է արժանանար նման պատասխանի, ինչպես եղավ հանձնաժողովի նիստին, առավել եւս որ պատասխանի մեջ հասցեական սպառնալիքներ էին, նաեւ Քրեական օրենսգրքով արգելված արարքներ տեղի ունեցան: Հույս ունեմ, որ դրանք նաեւ քրեաիրավական ընթացք կունենան, բայց, մեծ հաշվով, սա անընդունելի էր: Շատ ցավալի է, որ այդ միջադեպը տեղի է ունենում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ: Մեկ այլ բան եւս կար խնդրահարույց. ՔՊ-ական մի շարք պատգամավորներ էին խանգարողները, իսկ նիստի ամենամեծ խանգարողը հենց իշխող ֆրակցիայի քարտուղարն էր. ինքը նիստը վարողին՝ Թագուհի Թովմասյանին էր ասում, թե նիստը չի կարողանում վարել, այնինչ հիմնական խնդիրը հենց իրենից էր գալիս:
-Պարո՛ն Իոաննիսյան, ինչպես Դուք էլ նկատեցիք, նիստը տապալելու հիմնական «պարտականությունը» վերցրել էր ֆրակցիայի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Նա անձնավորված հայհոյանքներ եւ ուղիղ սպառնալիքներ էր հնչեցնում ՄԻՊ թեկնածուի հասցեին. արդյոք չպե՞տք է իրավական գնահատականի արժանանա նրա պահվածքը:
-Իհարկե պետք է իրավական գնահատականի արժանանա: Ես, նախ, պետք է ասեմ, որ պատգամավորի էթիկայի կանոնների ակնհայտ խախտում կար Արթուր Հովհաննիսյանի կողմից, թեեւ ոչ միայն իր կողմից, խմբակցության մյուս պատգամավորների կողմից եւս: Այս ամենը պետք է հստակ գնահատականի արժանանա. միգուցե ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծվի, իսկ կոնկրետ բռնության սպառնալիքների մասով պետք է իրավական գնահատական լինի, քանի որ ակնհայտ էր՝ կար բռնության սպառնալիքները բռնության վերածելու ռիսկ, քանի որ Արթուր Հովհաննիսյանն ակնհայտ «մաչոյական» ոճով փորձում էր Էդգար Ղազարյանին սադրել եւ գործը հասցնել ֆիզիկական բռնության: Դա ակնհայտ զգացվում էր, հատկապես որ մենք 2021թ.-ին արդեն տեսել ենք, որ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Արթուր Հովհաննիսյանը, բռնություն գործադրում են ԱԺ-ում: Ես չէի զարմանա, եթե, ի վերջո, այս ամենը վերածվեր բռնության:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը, Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը եւ Արթուր Սարգսյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում են փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:
Նրանք առաջարկում են ամրագրել, որ ՀՀ վարչապետը պետք է տվյալ համայնքի ավագանու առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության առաջարկով վերջինիս ներկայացուցչին նշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը: Բանն այն է, որ, այժմ գործող կարգավորումների համաձայն, եթե օրենքով միավորված համայնքի ավագանու, այդ թվում նաեւ համամասնական ընտրակարգով ձեւավորված ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Ըստ պատգամավորների՝ ստացվում է, որ ՀՀ վարչապետին տրվում է լիազորություն իր հայեցողությամբ նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ առանց հաշվի առնելու այն փաստը, որ համայնքի բնակիչներն իրենց ընտրությամբ արդեն որոշել են, թե իրենց համայնքի կառավարման գործընթացում որ քաղաքական ուժին են ամենաշատը վստահում:
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԵՆ ԱՆՈՒՄ
ՀՀ պետական գերատեսչությունների կողմից մեկ անձից կատարված գնումների պրակտիկան շարունակվում է. սա՝ այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները մինչ ընտրվելը բուռն կերպով քննադատում էին նախկիններին հենց այս հանգամանքի համար: Ակտիվությամբ աչքի են ընկնում նաեւ վարչապետի աշխատակազմը, նախարարությունները, Ազգային ժողովը: Մեկ անձից կատարվող գնումների առյուծի բաժինը ընկնում է միջոցառումների կազմակերպմանը, հյուրասիրությանը: Խոսքն այս դեպքում միջազգային պատվիրակությունների՝ Հայաստան այցի ժամանակ կազմակերպվելիք հյուրասիրությունների մասին է, որոնք հենց մեկ անձից գնումների սկզբունքով են արվում: Ընդ որում՝ կան արդեն գերատեսչությունների կողմից սիրելի համարվող վայրեր, օրինակ՝ Ազգային ժողովի պարագայում դա «Երեւան» պանդոկն է: Այս իշխանությունների օրոք պետական անձից գնումներ կատարելու պրակտիկան լայն թափով շարունակվում է: Հաշվարկելով մինչեւ այժմ տարբեր գերատեսչությունների կողմից կատարված գնումների արժեքը՝ ստացվում է 120 մլրդ դրամից ավելի գումար, եւ տարվա սկզբից անցել է ընդամենը երեք ամսից մի փոքր ժամանակ: Հիշեցնենք, որ «Երեւան պանդոկը» պատկանում է «Երեմյան եղբայրներ» ՍՊԸ-ին, եւ նկատենք, որ այն սկսեց սիրելի վայր դառնալ պաշտոնյաների համար հենց հեղափոխությունից հետո, հատկապես՝ վերջին մեկ տարում: