ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՆ՝ ԱԺ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տեղի է ունեցել աննախադեպ բան. խայտառակություն»,- ապրիլի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

 

«Ես 1 տարի 7 ամիս է՝ հանձնաժողովի նախագահ եմ, եւ մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցերով օրական միջին 3-4 գրություն ուղարկում եմ պետական կառույցներին: Ապրիլի 5-ին գլխավոր դատախազին ուղարկել եմ մի գրություն Սպարտակ անունով մի քաղաքացու մասին, որին այսօր գլխավոր դատախազը շատ օպերատիվ պատասխանել է:

Նույն ձեւով գրել եմ նաեւ երեկ, եւ մուտքագրել ենք ընդհանուր բաժին գլխավոր դատախազին ուղղված դիմումը, որտեղ 7 էջ շարադրված է, թե ինչ ենթադրյալ հանցանքներ է թույլ տվել ՔՊ-ի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 4-ին կայացած մեր հանձնաժողովի նիստում: Այսօր գալիս եմ, պարզում եմ, որ նամակը չի գնացել: Աշխատակազմից ասում են՝ մենք չգիտեինք, որ մինչեւ հիմա հանձնաժողովի նախագահը բլանկ չունի: Մենք պետք է հանձնաժողովի բլանկ սարքենք, դրանով ուղարկեք, որովհետեւ եթե հանձնաժողովի բլանկով եք ուղարկում, պետք է հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկեն: Այսինքն՝ ես հիմա պետք է սա ուղարկեմ ՔՊ-ին, ասեմ՝ ՔՊ-ի պատգամավորները կողմ քվեարկեն, որ Արթուր Հովհաննիսյանին պատժեն: Տաֆտալոգիա է»,- ասաց նա:

Թովմասյանը նկատեց, որ ինքը կարող է այս նամակն ուղարկել որպես պատգամավոր, բայց ինքը գրել է՝ որպես հանձնաժողովի նախագահ, քանի որ իր լիազորությունները, որպես նախագահ, չի կարողացել իրացնել. «Ես չեմ կարողացել նիստը այնպես վարել, որ վիրավորանք չհնչի: Ես ներկայացրել եմ մի շարք հանցագործություններ եւ օրինախախտումներ, այդ թվում՝ պատգամավորի էթիկայի վարքականոնի խախտումը:

Ես այս քաշքշուկը համարում եմ քաղաքական հրահանգ, եւ սա խայտառակություն է ինստիտուցիոնալ առումով, որովհետեւ ԱԺ-ն խորհրդարանական երկրում անկախ մարմին է, երկրորդ՝ ԱԺ աշխատակազմն ապաքաղաքական մարմին է. նրանք չպետք է մտնեն բովանդակության մեջ ու ասեն՝ վա՜յ, սա Արթուր Հովհաննիսյանին է առնչվում, տեսնենք՝ ինչ խնդիր կարանք սարքենք, որ չգնա դիմումը: Այսինքն՝ ինստիտուցիոնալ առումով մեր երկիրը գահավիժում է: Բա եթե այս խնդիրը կար, 1,5 տարի ես դատախազին ուղարկում եմ գրություններ, բա ինչի՞ չէիք ասում՝ հանձնաժողովի նախագահի բլանկով չի:

Սա նշանակում է, որ ՔՊ խմբակցությունն ուղղակի աշխատակազմին վերահսկում է, ինչը չի կարելի»,-ասաց Թագուհի Թովմասյանը:

Հանձնաժողովի նախագահը մանրամասնեց, որ այդ 7 էջում ենթադրյալ հանցագործության մասին բոլոր հղումներն են, թե քանի օրենք է խախտվել, ինչպիսի արտահայտություններ են թույլ տրվել, որոնք պարունակում են սպառնալիք:

Ն.Հ.

 

 

 

ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ Է ԴԻՄԵԼ

«Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով բուժօգնության է դիմել 41-ամյա մի տղամարդ։ Ոստիկանությունից հայտնում են, որ Ապարանի բաժնի քրեական հետախույզները մեկնել էին հիվանդանոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզել էին, որ Մաշտոցի փողոցի շենքերից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, որի ընթացքում տուժածին դանակահարել էր 49-ամյա համաքաղաքացին։ Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին ու ձերբակալվել։ 49-ամյա տղամարդու նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

ՊԱՅՈՒՍԱԿ Է ԳՈՂԱՑԵԼ

Ապրիլի 6-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Մատրոսովի փողոցի 28-ամյա մի բնակիչ նախորդ օրը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» պոլիկլինիկայի մի աշխատասենյակից գողացել է պայուսակ: Համայնքային ոստիկանները ստուգել են տեղեկությունն ու պարզել, որ պայուսակում փող կար: Ոստիկանությունից  հայտնում են, որ նույն օրը երիտասարդը հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է Մուշի բաժին: Նա չի ժխտել, որ պոլիկլինիկայի աշխատասենյակներից մեկի պահարանից գողացել է պայուսակ, այնուհետեւ պայուսակից հանել 50 հազար դրամն ու 1000 ռուբլին, իսկ պայուսակը պոլիկլինիկայի բակում նետել է: 40 հազար դրամը ծախսել էր անձնական կարիքների համար, 10 հազար դրամն ու հազար ռուբլին տանն էին: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:

 

 

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Պոլիտրավմա, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 6-ամյա տղա երեխա:

Ըստ հարազատների՝ երեխան վնասվածքները ստացել է տրակտորի կցորդիչից վայր ընկնելու հետեւանքով:

Այս մասին հայտնում են Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է ծանր: Անմիջապես կազմակերպվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, հրավիրվել են նեղ մասնագետներ, այդ թվում՝ վնասվածքաբան, նյարդաբան, վիրաբույժ եւ ռեանիմատոլոգ:

Բուժանձնակազմը ցուցաբերել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն: Փոքրիկի վիճակը կայունացվել է:

Հետագա նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երեւան՝ նեղ մասնագիտացված բժշկական հաստատություն:

 

 

 

 

ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ

Երեւանում ապրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։50-ի սահմաններում Թեւոսյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Իսայի Ի.-ի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսն ու Երեւանի բնակիչ 28-ամյա Էդգար Փ.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետեւանքով Էդգար Փ.-ն եւ նրա ուղեւոր՝ Երեւանի բնակիչ 27 ամյա Ս.Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում եւ սպասարկում է թիվ 97՝ Էրեբունի զանգվածից մինչեւ Նոր Նորքի 1-ին զագնված երթուղին։

 

 

 

ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Ապրիլի 7-ին՝ ժամը 08:59-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Lada Niva մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Ա.) եւ Paz մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա. Մ.)։

Փրկարարները Paz մակնիշի ավտոբուսի 2 ուղեւորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Մեղրու ԲԿ:




Լրահոս