Երեւանի քաղաքապետարանը 20.02.2023թ. մեկ անձից գնման շրջանակներում պայմանագիր է կնքել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ հետ ջազ համերգ կազմակերպելու համար 89.280.000 դրամով։
«Համաձայն «Գնումների մասին» օրենքի՝ այս դեպքում մեկ անձից գնում կարող է կատարվել, եթե ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, կամ եթե արտակարգ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ։ Մեկ անձից գնումով միջոցառում կազմակերպվել էր նաեւ գիրք նվիրելու օրը 35.000.000 դրամով։
Առաջին անգամը չէ, երբ մեկ անձից գնման ընթացակարգով նման ահռելի քանակի գնում է կատարվում, եւ այս դեպքում պատճառաբանված չէ, թե ինչու պետք է նման մասշտաբի համերգ կազմակերպել՝ վճարելով այսքան մեծ գումար։
Սա առաջին դեպքը չէ, երբ պայմանագիր է կնքվում հենց «Բեգրաունդ Փրոդաքշն» -ի հետ. 2022 թվականին վարչապետի աշխատակազմը «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ -ի հետ 33 մլն 750 հազար դրամի պայմանագիր է կնքել, 40 մլն 410 հազար դրամի՝ «Բրիջդ» ՍՊԸ-ի, 80 մլն 183 հազար դրամի էլ՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։ Պետական տոնացույցում ընդգրկված Անկախության օրվան նվիրված միջոցառումները Կառավարությունն իրականացրել էր մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի։
Անդրադառնալով առանց մրցույթի պետությունից տասնյակ միլիոններ ստացող կազմակերպություններին՝ նշենք, որ դրանցից «Սթեյջ Սթայլ» ընկերությունը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2013 թվականի սեպտեմբերին։ Այս ընկերությունը հիմնադրման օրվանից առ այսօր պետական կառույցների հետ հարյուրավոր միլիոնների շուրջ երեք տասնյակ պայմանագիր է կնքել, սակայն ուշագրավ է, որ 2013 թվականից հիմնադրված ընկերությունը, ըստ գնումների կայքի, միայն 2018-ի իշխանափոխությունից հետո է սկսել բյուջեի հաշվին ծառայություններ մատուցել։ Միայն 255 մլն դրամի ծառայություններ է մատուցվել Հանրային հեռուստաընկերությանը, ինչպես նաեւ վարչապետի աշխատակազմին, Աշխատանքի եւ սոցալական հարցերի նախարարությանը եւ Լոռու մարզպետարանին։ 2021 թվականից ընկերության սեփականատեր է դարձել Բագրատ Դիվանյանը, որը հիմնադրման օրվանից զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։
Իսկ, ահա, «Բրիջդ» ՍՊԸ-ն այս տարի միայն ԿԳՄՍ նախարարության հետ շուրջ 300 մլն դրամի պայմանագիր է կնքել Երգի պետական եւ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոններում աշխատանքներ իրականացնելու համար։ 2015 թվականին հիմնադրված այս ընկերությունը պետական կառույցներին խոշոր գումարներով ծառայություններ սկսել է մատուցել այս տարվանից։ Անկախության օրվա միջոցառումների բյուջեից ամենամեծ բաժինը՝ 80 մլն դրամ ստացող «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն էլ գործունեություն սկսել է ծավավել հեղափոխությունից հետո։ Ըստ գնումների կայքի՝ այս ընկերությունը ծառայություններ է մատուցում միայն վարչապետի աշխատակազմին։ Մեկ այլ օրինակ եւս. «2023 թվականի ապրիլին Երեւանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման համար կազմակերպված մրցույթի հաղթողը, այդ թվում` առաջնության խորհրդանիշը, ընտրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից Եվրոպայի առաջնության կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռք բերման նպատակով «ՀՀՎԱ-ԵՄԾՁԲ-23/1» ծածկագրով կազմակերպված երկու փուլով մրցույթի ընթացակարգի արդյունքում: Ի կատարումն ՀՀ կառավարության 29.12.2022թ թիվ 2111-Ն որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետի՝ մրցույթի ընտրված մասնակից ճանաչված «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից 09.03.2023թ. կնքվել է սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայությունների գնման թիվ «ՀՀՎԱ-ԵՄԾՁԲ-23/1-1» ծածկագրով պայմանագիրը»: Հաղթող ընկերության՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ընդհանուր ծառայության համար նախարարությունը փուլային եղանակով կվճարի 1.160.000.000 դրամ։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ «ՀՆՉԵՂ» ՄԻՋԱԴԵՊԵՐԸ
Հայաստանի խորհրդարանի ձեւավորումից ի վեր՝ մեր երկրի օրենսդիր մարմնում աղմկահարույց դեպքերն անպակաս են եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը պատմական ակնարկ է կատարել՝ հիշեցնելով խորհրդարանում պատգամավորների միջեւ արձանագրված մի շարք «հնչեղ» միջադեպերը, որոնք ծեծկռտուքով կամ ձեռնամարտով են ավարտվել: Այսպիսով, 1997թ.-ի սեպտեմբերին սեւ կատու է անցնում Պարույր Հայրիկյանի եւ նրա ամենահավատարիմ զինակից Արամազդ Զաքարյանի միջեւ։ Հայրիկյանը ապտակում է Զաքարյանին լրտես կոչելու համար։ Այդ ապտակը Հայրիկյանն անվանել էր հայրական:
Անահիտ Բայանդուրը գերագույն խորհրդի պատգամավոր իր գործընկեր Խաչիկ Ստամբոլցյանի մորուքից բռնել ու քաշքշել էր, մի քանի հոգով դժվարացել էին զատել տիկնոջ ձեռքերից Ստամբոլցյանին:
Աղմկահարույց հաջորդ միջադեպը խորհրդարանում արձանագրվել էր 2002 թ.-ին, երբ Ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի ՀՀԿ ական պատգամավոր Լեւոն Սարգսյանը ԱԺ նիստերի դահլիճում հարձակվել էր ընդդիմադիր պատգամավոր, ՀԺԿ-ական Արամայիս Բարսեղյանի վրա եւ հարվածներ հասցրել նրան:
2014թ.-ի նոյեմբերին ծեծկռտուք էր եղել ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի միջեւ:
Վեճի առարկան եղել էր Ֆարմանյանի այն հայտարարությունը, թե ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն իր ընտրատարածքում փող է բաժանել՝ հօգուտ ՀԱԿ-ի: Այս հայտարարությունն այնքան էր վրդովեցրել Զուրաբյանին, որ նա պատիվ էր պահանջել Ֆարմանյանից, ապա, իր խոսքերով ասած, ծանոթացրել նրան իր ոտքի չափսին մոտիկից:
2017թ.-ի հոկտեմբերին ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը խորհրդարանի միջանցքում մոտեցել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ու բռունցքներով հարվածել նրան: Փաշինյանն էլ նրան էր ոտքով հարվածել:
Հեղափոխական խորհրդարանը եւս բազմիցս աչքի է ընկել նման աղմկահարույց միջադեպերով:
Այսպիսով, 2020թ.-ի մայիսին Խորհրդարանում ծեծկռտուք տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ու ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ: Երբ ելույթ էր ունենում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից վեր կացավ եւ ապտակեց Մարուքյանին:
2020թ.-ի հունվարին հերթական ծեծկռտուքն էր տեղի ունեցել Ազգային ժողովի շենքի մոտ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների միջեւ: Գաբրիելյանը հարվածել էր քաղաքացիներից մեկին:
2021թ.-ի օգոստոսին ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ դահլիճում ոտքով հարվածել էր ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանին:
Նույն օրը ԱԺ-ում տեղի էր ունեցել եւս մեկ միջադեպ ընդդիմադիրների եւ իշխանական պատգամավորների միջեւ, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին` վիրավորական արտահայտություններ թույլ տալով նրա հասցեին, որից հետո Օհանյանը շիշ էր նետել Սարգսյանի ուղղությամբ։
Հետաքրքիր է, որ բոլոր այս միջադեպերի մասով պատգամավորներից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, գլխավոր դատախազը պատգամավորների հետեւից չի եկել, իսկ, ահա, այսօր գլխավոր դատախազը կգա խորհրդարան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար խորհրդարանի «թույլտվությունը» ստանալու: Սա աննախադեպ բան է հայրենի խորհրդարանի պատմության մեջ:
Ի՞ՆՉ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 12-15-ը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ:
Հայաստանի Հանրապետության ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների աշխատանքներին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում կլինեն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
Պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ խորհրդարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, օգնական Աշխեն Հայրապետյանը եւ այլք:
Գործուղման մեկնողներից 4-ի ճանապարհածախսը, ներկայացուցչական ծախսերը, օրապահիկի եւ գիշերավարձի վճարն արվելու է ՀՀ պետբյուջեից ԱԺ-ին այդ նպատակի համար հատկացված միջոցներով, իսկ մյուս 8 անձի գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարելու է ԱՊՀ ՄԽՎ-ն։
ԿՔՆՆԱՐԿՎԻ ԱՅՍ ՇԱԲԱԹ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ խորհրդարանն այս շաբաթ կքննարկի Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:
ՄԻՊ պաշտոնում Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը:
Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Նույն օրենքի համաձայն՝ եթե ՄԻՊ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության երեկվա նիստին քննարկվել են այսօր մեկնարկելիք ԱԺ քառօրյայի հետ կապված հարցեր, այդ թվում՝ Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդագրի հետ կապված հարցեր:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ որոշում է կայացվել մասնակցել այդ հարցով Ազգային ժողովի նիստին: