ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել են բուհերի եւ գիտական կազմակերպությունների՝ 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունից, որոշման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային եւ կարեւորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաեւ բուհերի եւ գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:
2023-2024 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է՝
l պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 151 տեղ,
l նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 35 տեղ,
l պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ:
Առկա ուսուցման 151 տեղերից 98-ը (65 %-ը) նախատեսվում է տրամադրել բնական եւ տեխնիկական գիտություններին: Հեռակա ուսուցման 35 տեղերից հիշյալ ոլորտին նախատեսվում է տրամադրել 17-ը (49 %-ը):
2023-2024 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերը՝ ըստ մասնագիտությունների ձեւավորելիս հաշվի են առնվել.
l գերատեսչությունների ներկայացրած հայտերը,
l հետբուհական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների ներկայացրած հայտերը,
l հավանական գիտական ղեկավարների գիտաչափական տվյալները (հրապարակված հոդվածներ, գիտական աստիճան եւ այլն),
l բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների (ըստ հաստիքացուցակի) թվաքանակը, տարիքային շեմը (65-ից բարձր), սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաեւ անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը,
l բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսհաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաեւ մասնագիտությունների թիվը, որոնցով բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտներն իրականացնում են ասպիրանտական կրթական ծրագիր,
l նախորդ տարիներին հատկացված տեղերի եւ փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը (թափուր տեղեր, համալրված տեղեր),
l մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները:
Որոշմամբ սահմանվել է նաեւ, որ ասպիրանտուրայի առկա եւ հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով բուհերի, Գիտությունների ազգային ակադեմիայի եւ գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է ԿԳՄՍ նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18-20 միավոր եւ մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 -20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի:
ՊԱՐՏԱԴԻՐ Է ՏԵՂԵԿԱՑՆԵԼԸ
Ռուսաստանցիները, ՆԳՆ-ի տվյալներով, ամենից հաճախ ստացել են Իսրայելի, Ուկրաինայի, Հայաստանի, Թուրքիայի, Գերմանիայի եւ մի շարք այլ պետությունների քաղաքացիություն. հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Առավելապես ՌԴ քաղաքացիները տեղեկացրել են Իսրայելում, Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում, Գերմանիայում, Վրաստանում, ԱՄՆ-ում, Մոլդովայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում քաղաքացիություն կամ կացության իրավունք հաստատող այլ փաստաթղթի առկայության մասին»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ընդհանուր առմամբ, ՆԳՆ տվյալներով՝ անցյալ տարի ստացվել է ավելի քան 50 հազար ծանուցում ռուսաստանցիների մոտ այլ քաղաքացիության կամ օտարերկրյա պետությունում կացության կարգավիճակի առկայության մասին (այլ քաղաքացիության առկայության մասին՝ 31 հազար ծանուցում, օտարերկրյա պետությունում մշտական բնակության իրավունքի փաստաթղթի առկայության մասին՝ 19 հազար ծանուցում)։ 2022 թվականին այլ փաստաթղթերի առկայության մասին ծանուցումների ընդհանուր ցուցանիշը եւ թիվը կրճատվել են համապատասխանաբար 3 հազարով եւ 4 հազարով, մինչդեռ քաղաքացիության առկայության մասին ծանուցումների թիվն աճել է հազարով։
Ռուսաստանի քաղաքացին, որը ստացել է օտարերկրյա պետության անձնագիր կամ կացության թույլտվություն, պետք է պարտադիր տեղեկացնի Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը: Այդ պահանջն անտեսելու դեպքում նա կարող է պատասխանատվության ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 19.8.3-րդ հոդվածով եւ վճարել տուգանք 500-1000 ռուբլու չափով։
ԱՎԵԼԱՑԵԼ Է ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է երթեւեկության ինտենսիվության ավելացում։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, որն իրականացնում է ՀՀ ավտոճանապարհների երթեւեկության ինտենսիվության տվյալների հավաքագրում։
ՀՀ 4 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (Մ-2, Մ-3, Մ-4, Մ-6) 5 կետերում տեղադրված են ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող 5 առցանց աշխատող հաշվիչներ։
«ՀՀ միջպետական նշանակության բոլոր 5 կետերում տեղադրված հաշվիչներն էլ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արձանագրել են երթեւեկության ինտենսիվության ավելացում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասված է հաղորդագրությունում։
Ավտոճանապարհների ինտենսիվության ցուցանիշները պահպանվում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տվյալների բազայում։ Դրանք անհրաժեշտ են HDM-4 տնտեսագիտական վերլուծական մոդելով մշակվող կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի, ինչպես նաեւ հիմնանորոգվող եւ նոր կառուցվող ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար:
ԿԱՍԵՑՎԵԼ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Լենո Հարությունյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասում եւ հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի մարզ, գ. Շինուհայր):
Մասնավորապես՝
– արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել կենդանիների, այդ թվում՝ կրծողների եւ միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումը եւ բորբոսի առաջացումը,
– հատակի եւ պատերի մակերեւույթը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
– արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների եւ գույքի մաքրում, լվացում, ախտահանում չի իրականացվել,
– սննդամթերքի պատրաստման ընթացքում օգտագործվող պարենային հումքը եւ բաղադրիչները չեն պահվել թույլատրելի պայմաններում,
– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սակայն արտադրական տարածքում պահվել է անձնական եւ արտադրական հագուստ, չեն եղել լվացարաններ,
– անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննությունների:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: