ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻՆ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին լրանում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաողբերգական եւ սարսափելի էջերից մեկի՝ Մարաղայի կոտորածի 31-րդ տարելիցը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ արտաքին գործերի նախարարությունից:

 

1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը երկար եւ ինտենսիվ հրետակոծությունից հետո ներխուժեցին Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավան եւ դաժան կոտորածի ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը: Ավելի քան 50 անմեղ քաղաքացիներ դաժանաբար սպանվեցին եւ տանջամահ արվեցին, տասնյակ գյուղացիներ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ, գերեվարվեցին, որոնց մի մասը դաժանաբար սպանվեց գերության մեջ, իսկ 19 անձանց ճակատագիրը մինչեւ այսօր մնում է անհայտ: Այդ հրեշավոր դեպքերից երկու շաբաթ անց բնակավայրը կրկին ենթարկվեց հարձակման, եւ իրենց հարազատներին հուղարկավորելու վերադարձած բնակիչները դարձան Ադրբեջանի զինված ուժերի նոր վայրագությունների զոհը։

Մարաղայի կոտորածը Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի եւ ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերի, ինչպես նաեւ Հյուսիսային Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ջարդերի ու տեղահանությունների շարունակությունն էր, որի նպատակն էր սաղմի մեջ խեղդել արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման օրինական պահանջը, ինչպես նաեւ էթնիկ զտման եւ բռնի տեղահանության միջոցով արցախահայությանը զրկել հայրենիքից։

Չնայած այն հանգամանքին, որ Մարաղայում կատարված վայրագությունները մանրամասնորեն փաստագրվել են միջազգային հանրության, այդ թվում՝ Human Rights Watch եւ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, համապատասխան միջազգային կառույցների կողմից այս հանցագործության պատշաճ քաղաքական գնահատականի բացակայությունը եւ անպատժելիությունը պարարտ հող նախապատրաստեցին Ադրբեջանի հետագա ագրեսիայի, նրա ղեկավարության վարած հայատյաց եւ ցեղասպան քաղաքականության շարունակման եւ ամրապնդման համար: Արդյունքում վստահ լինելով իր անպատժելիության մեջ՝ հետագայում Ադրբեջանն Արցախի Հանրապետության դեմ սանձազերծեց եւս երկու լայնամասշտաբ պատերազմ 2016 թվականի ապրիլին եւ 2020 թվականի սեպտեմբերին՝ արցախահայության դեմ իրականացնելով նոր վայրագություններ եւ ռազմական հանցագործություններ, մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, ինչպես նաեւ օկուպացնելով Արցախի Հանրապետության նոր, ավելի ընդարձակ տարածքներ:

Այսօր էլ, անտեսելով Արցախի շրջափակումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, Ադրբեջանը շարունակում է քաղաքակիրթ մարդկության աչքի առջեւ իրականացնել իր հանցավոր եւ ցեղասպան քաղաքականությունը՝ 120 օր շարունակ Արցախի բնակչությանը պահելով ապօրինի շրջափակման մեջ, զրկելով տարրական կենսապայմաններից, ստեղծելով հումանիտար ճգնաժամ, ինչպես նաեւ ահաբեկչական գործողություններով հետամուտ լինելով Արցախի հայաթափման իր հանցավոր ծրագրի իրականացմանը:

Կրկին կոչ ենք անում միջազգային բոլոր դերակատարներին Ադրբեջանի իշխանությունների ոճրագործությունները դադարեցնելու եւ դրանց լուռ ականատեսը կամ նույնիսկ հանցակիցը չդառնալու համար գործնական ու արդյունավետ գործողություններով Ադրբեջանին բերել իրավական եւ կառուցողական դաշտ՝ հարկադրելով վերջինիս ավտորիտար ղեկավարությանը հարգել միջազգային իրավունքն ու իրենց ստանձնած պարտավորությունները:

 

 

 

ՀԱՐԿ՝ ՉՄՇԱԿՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքում շուրջ երեք տասնամյակ գյուղատնտեսության նշանակության հողերի մի մասը հայ-ադրբեջանական սահմանին մոտ  լինելու, հակառակորդի նշանառության թիրախում գտնվելու, ականապատ լինելու պատճառով չի մշակվում։

 

Նոյեմբերյանի համայնքապետարանը սահմանամերձ 8 բնակավայրի  հողի եւ այլ անշարժ գույքի հարկ չի հավաքագրում։ Կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի 1444-Ն որոշումով՝ վերոհիշյալ բնակավայրերի բնակիչներին պատկանող բնակելի կառուցապատման հողամասերի, վարելահողերի, բազմամյա՝ խաղողի տնկարքների եւ այլ հողերի, նաեւ անշարժ գույքի՝ բնակարանների, ավտոտնակների, այգետնակների եւ այլնի  հարկերը պետական բյուջեից  փոխհատուցվում են։ Նոյեմբերյան համայնքի ավագանին 2023թ. մարտի 17-ի նիստում հաստատել է մարտական գործողությունների հետեւանքով Նոյեմբերյան, Բարեկամավան, Բերդավան, Բաղանիս, Դովեղ, Կողբ, Կոթի, Ոսկեվան բնակավայրերի չմշակվող հողատարածքների հողի սեփականատերերի ցուցակը։ Ըստ հաստատված ցանկի՝ 2023 թվականին ՀՀ պետական բյուջեից Նոյեմբերյան համայնքի բյուջե պետք է փոխանցվի 20 միլիոն 227 հազար դրամ։ 2023 թվականի համար այդ  չմշակվող հողերի համար հաշվարկված հարկը Նոյեմբերյան քաղաքում կազմում է 4 միլիոն 708 հազար 892 դրամ, Բարեկամավանում՝ 120 հազար 660 դրամ, Բերդավանում՝ 5 միլիոն 248 հազար 941 դրամ, Բաղանիսում՝ 486 հազար 592 դրամ, Դովեղում՝ 1 միլիոն 61 հազար 705 դրամ, Կողբում իրավաբանական անձանց համար՝ 50 հազար 649 դրամ, ֆիզիկական անձանց համար՝ 4 միլիոն 681 հազար 306 դրամ, Կոթիում՝ 2 միլիոն 662 հազար 105 դրամ, Ոսկեվանում՝ 1 միլիոն 206 հազար 199 դրամ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔ

Պետական եկամուտների կոմիտեն շինարարության ոլորտի եւ հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում 2023թ. առաջին եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձեւակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 12 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձեւակերպման 12 խախտման դեպք, իսկ հատուկ հսկողություն պահանջող 60 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձեւակերպման 10 խախտման դեպք եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 54 դեպք:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ եւ օպերատիվ իրականացման ապահովումը համակարգվում է Ռիսկերի խորհրդի կողմից:

 

 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԻՐԵՐ

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երեւանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները ապրիլի 5-ին՝ ժամը 23.25-ին, Մյասնիկյան պողոտայում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ, «Մազդա» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի:

Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «Բրաունինգ ԳՊԴԱ» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, ծալովի դանակ՝ ընդհանուր 13 սմ երկարությամբ, իսկ կոշիկի միջից հայտնաբերվել է «Նորթ Ամերիկա 22 Շորտ» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

 

 




Լրահոս