Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջեւ ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ապրիլի 21-ին Գեղարքունիքի մարզ են ժամանել Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեն, մշակույթի, ժառանգության, միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոն, կոմունիկացիայի հարցերով պատասխանատու Մաթյո Կարաբագլին, մշակույթի, ժառանգության, միջազգային համագործակցության հարցերով վարչության պետ Այմերիկ Պերուան, միջազգային համագործակցության ծրագրերի պատասխանատու Սյուզի Գրենեշը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ հյուրերը մասնակցել են Գանձակի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վերանորոգված շենքի բացման արարողությանը։ Ինչպես ներկայացրել է ԱԱՊԿ տնօրենը, շենքը վերանորոգվել է 2021-2022 թվականների ընթացքում՝ Իզերի դեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ եւ դեպարտամենտի առողջապահական առանցքային ծրագրերի շրջանակներում։ Այստեղ փոխվել են պատուհանները, շենքը հիմնովին վերանորոգվել է, անցկացվել է ջեռուցման համակարգ, տրամադրվել են բժշկական տարբեր սարքավորումներ։
Ապա ֆրանսիական պատվիրակության անդամները Գեղարքունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելել են Իզերի դեպարտամենտի աջակցությամբ վերանորոգված Կարմիրգյուղի բուժամբուլատորիա, որտեղ դիտարկել են կատարված աշխատանքները, զրուցել բուժանձնակազմի հետ։ Նույն ծրագրերի շրջանակներում Կարմիրգյուղի բուժամբուլատորիայում փոխվել են տանիքն ու պատուհանները, մասնակի վերանորոգվել է շենքի առաջին հարկը, ամբողջովին վերանորոգվել են սանհանգույցները, իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, անցկացվել են ջեռուցման համակարգ, տրամադրվել է բժշկական որոշ սարքավորումներ։
Այնուհետ հյուրերն այցելել են Գավառի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, որտեղ մշակութային ծրագրերի առանցքի շրջանակներում ներկայացված են ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների մասնակից աշակերտների նկարչական թեմատիկ աշխատանքները։
Հյուրերի այցը եզրափակվել է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում։ Թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանի փոխանցմամբ՝ Իզերի դեպարտամենտի կողմից իրականացվող ֆրանսախոսության ծրագրային առանցքի շրջանակներում 2023 թվականից մեկնարկել են թանգարանի ցուցանմուշների թարգմանության աշխատանքները։ Այս պահի դրությամբ թանգարանի չորս սրահների՝ շուրջ 300 ցուցանմուշների թարգմանություններն արդեն ներկայացվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով։ Եվս երկու սրահներում առկա ցուցանմուշների թարգմանության աշխատանքներն ավարտելուց հետո ծրագիրը կհասցվի ավարտին։
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջեւ համագործակցության հերթական հուշագիրը կստորագրվի ապրիլի 22-ին։