Ալիևն օգտվում է այն նվերից, որը նրան տվել է Փաշինյանը. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ զրուցել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ:

-Պարո՛ն Սուրենյանց, ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհին գտնվող Հակարիի կամուրջը՝ արդեն ամբողջական շրջափակելով Արցախը, այնտեղ նաեվ անցակետ է տեղադրել: Ի՞նչպես կգնահատեք այս իրավիճակը, ի ՞նչ ելքեր եք տեսնում:

-Ես դեռևս Լաչինի միջանցքի փակումից՝ դեկտեմբերի 12-ից հետո, մի քանի անգամ ասել եմ, որ եթե մի օր միջանցքը վերաբացվի, ապա նույն ռեժիմով չի գործելու, քան մինչ դա էր: Ցավոք սրտի, կանխատեսումս իրականացավ, ակնհայտ էր, որ Ադրբեջանն իր վերահսկողությունը հաստատելու ինչ-որ մեխանիզմ գտնելու է, հիմա գտել է անցակետ տեղադրելու եղանակը: Ալիևը զիջումների չի գնալու, նախ՝ նա, որպես կանոն, անում է քայլեր, որոնք չեն արժանանալու միջազգային դերակատարների կոշտ արձագանքին, թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն հանդես կգան ֆորմալ հայտարարություններով, բայց դրան չի հետևելու ո՛չ Ռուսաստանի կոշտ հարկադրանքը, ո՛չ էլ Արևմուտքի կողմից պատժամիջոցներ են լինելու, այս ամենն Ալիևը հստակ հաշվարկել է, մյուս կողմից էլ նա օգտվում է է այն նվերից, որը նրան տվել է Փաշինյանը:

Անցած տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսում էր ԼՂ կարգավիճակի մասին, նշաձողի իջեցման մասին, հետո Պրահայում ստորագրեց մի հայտարարություն, որով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դրա դիմաց չպահանջեց փաստաթղթավորված որևէ երաշխիք:

-Այսինքն՝ Նիկոլ Փաշինյա՞նն է հիմք տվել Ադրբեջանին նման սադրանքների համար:

-Իր անատամ քաղաքականությամբ նպաստել է Ադրբեջանի մաքսիմալիզմին, միայն Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն ու միջազգային հանրության անտարբերությունը չի այս ամենի պատճառը, նաև մեր իշխանության վարած ոչ ադեկվատ քաղաքականությունն է, որ առիթավորում է Բաքվին և նրան մղում է խորը արմատական գործողությունների, գլոբալ խնդիրն այն է, որ Բաքուն ունի օրակարգ, իսկ Երևանը՝ ոչ:

-Ըստ ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված միջազգային հանրության լռությունը, ինչո՞ւ հայտարարություններից բացի՝ հստակ քայլեր չեն ձեռնարկվում:

-Դա օբյեկտիվ իրականություն է՝պայմանավորված երկու հիմնական հանգամանքով. միջազգային իրավունքն ու հարաբերությունները գտնվում են խորը ճգնաժամի մեջ և որևէ զսպող մեխանիզմ չի աշխատում, երկրորդ՝ 44-օրյա պատերազմից հետո և ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով չափազանց մեծացել է Ադրբեջանի լոգիստիկ նշանակությունը Արևմուտքի և Ռուսաստանի համար: Չկա որևէ կենտրոն, որ պատրաստ լինի Հայաստանի հետ դաշնակցել՝ ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի:

-Պարո՛ն Սուրենյանց, շատերը այս իրավիճակից միակ ելք տեսնում են միայն իշխանության փոփոխությունը, կիսո՞ւմ եք այս տեսակետը:

-Իշխանության փոփոխությունը, ճիշտ է, մասնակի ելք է, բայց գոնե ելք է այն իմաստով, դրանից հետո նոր սխալներ չեն արվի: Այս իշխանությունն օրակարգ չունեցող, անատամ մի իշխանություն է, որի ցանկացած գործողություն բերում է նոր ռիսկերի, ողջամիտ ու սոլիդ իշխանությունն այդ սխալները չի անի: Կածում եմ, առաջին հերթին պետք է Մոսկվայի հետ հարաբերությունների հստակեցում, պետք է հասկանանք՝ ի՞նչ քաղաքականություն է վարում ՌԴ-ն, որպեսզի ըստ այդմ կարողանանք նաև մեր քաղաքականությունը մշակել ու մեր շահերը փորձենք ադապտացնել այն իրողություններին, որոնք բխում են Մոսկվայի քաղաքականությունից, մյուս կողմից՝ պետք է պատասխանատվության խնդիրը բարձրացնել նաև Արևմուտքի առաջ, բայց այս ամենի համար պետք է նորմալ իշխանություն, որը կունենա մեր ազգային շահերից բխող օրակարգ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս