ՏԵՍԱՆՅՈՒԹ. 32 մլն դրամ՝ նախագահի աշխատակազմին. տեխնիկան հնացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմին հատկացվեց 32 մլն դրամ: Սակայն այստեղ ուշագրավը գումարի անհրաժեշտության մասին հիմնավորումներն են: Այսպես, հիմնավորման մեջ նշվում է, որ հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից շահագործվող որոշակի տեխնիկա, սարքեր և սարքավորումներ աշխատում են խափանումներով, չեն բավարարում ներկայիս տեխնիկական կամ ծրագրային պահանջներին, ինչի պատճառով Հանրապետության նախագահի աշխատակազմն իր գործառույթների իրականացման ընթացքում հանդիպում է խնդիրների:

Ավելին, նշվում է, որ  նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության լուսաբանման համար անհրաժեշտ տեխնիկան հնացած է և չի ապահովում լուսանկարահանման, տեսանկարահանման և մոնտաժման բավարար որակական չափանիշներ:

Լուրջ խնդիրներ են ծագել համակարգչային ցանցի և առնչվող սարքավորումների հետ, մասնավորապես՝ սերվերներից մեկը ծանրաբեռնվածության պատճառով խափանվել է (2012 թվականի արտադրության է), որի վերանորոգումը բարդ, ծախսատար և ոչ նպատակահարմար է: Եվ ահա, այս ամենը նորացնելու համար 32 մլն դրամ է անհրաժեշտ:

Սակայն այստեղ ամեն դեպքում հետաքրքիր է, որ մեկ տարուց ավելի է անցել, ինչ Վահագն Խաչատուրյանը ընտրվել է ՀՀ նախագահ, սակայն նրա գործունեությունից հասարակ քաղաքացիները շատ քիչ բան կարող են հիշել, իսկ հիշվողներն էլ ամենևին խաչատուրյանի օգտին չեն: Եվ այսպես, նրա պաշտոնավարման մեկնարկից հետո Հայաստանը կրկին դժվարություններ է ունեցել՝ սեպտեմբերյան ագրեսիա, Լաչինի միջանցքի փակում եւ այլն, սակայն այդ իրադարձությունների ժամանակ, որպես երկրի նախագահ, նրա աշխատանքի արդյունքը չի զգացվել: Միակ բանը, որով թերեւս կարող ենք հիշել Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման մեկ տարին, սկանդալն էր, որում նա հայտնվեց նախորդ տարվա սեպտեմբերին:

Խոսքը դրվագի մասին է, երբ Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ լուսանկարվել էր, մի վայրում, որտեղ լուսանկարվելն արգելված է։ Հոդվածներում նշվում էր, որ նա ոչ միայն լուսանկարվել է, այլեւ բարձր շատախոսել է՝ առաջացնելով ներկաների զարմանքը։ Իհարկե, մյուս կարեւոր գործունեությունն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քծնելու մեջ է:

Ահա թե ինչպես կարելի է ամփոփել այն գործունեությունը, որ նա կատարել է մեկ տարուց ավելի և փաստորեն այս ամենը ներկայացնելու համար 32 մլն դրամ է  պետք:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս