ԻՆՉՈ՞Ւ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԸ ԶՈՀՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներքաղաքական հարցերի եւ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ զրուցել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ:

 

-Պարո՛ն Սանասարյան, Դուք հրավիրյալի կարգավիճակով մասնակցում եք պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին: Ինչպե՞ս կգնահատեք դրա արդյունավետությունը:

-Չգիտեմ՝ ով ինչ նպատակ ունի, բայց իմ նպատակը հստակ է, որ հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել ի վերջո. ինձ համար չկա ավելի մեծ ու կարեւոր արժեք, քան այն, ինչ տեղի է ունեցել մեզ հետ: Պետք է հասկանանք՝ ինչու մեր տղաները զոհվեցին, ինչու տարածքներ կորցրինք: Ես որեւէ ձեւ չեմ պատկերացնում, որ կլինի այնպիսի իրավիճակ, որ աչք փակեմ ինչ-որ բանի վրա: Ես այդ հանձնաժողովում եմ, որպեսզի հասկանամ՝ ինչ է կատարվել: Գաղտնիության պատճառով շատ չեմ կարող խոսել, բայց արդեն իսկ ինձ տեսանելի են շատ բաներ: Եթե ես նկատեմ, որ միտում կա շեղելու կամ «սվաղելու», այդ մասին ես ինքս հրապարակային կխոսեմ:

-ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի մասնակցությամբ հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գովեստի խոսքեր հնչեցրեց նրա հասցեին: Հիշում ենք, որ Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում: Ի՞նչ կատարվեց նիստին, ի՞նչ ասաց Օնիկ Գասպարյանը, որ իշխանությունները մտափոխվեցին ու գովեստի խոսքեր հնչեցրին նրա հասցեին:

-Չեմ կարող ասել՝ ինչու են իշխանությունները գովեստի խոսքեր հնչեցրել Օնիկ Գասպարյանի հասցեին: Անկեղծ զրույց է եղել, երկու օր է տեւել նրա մասնակցությամբ նիստը, մոտ 5-6 ժամ ներկայացվել են մանրամասները: Անկախ նրանից, որ ժամանակին ես դատապարտել եմ նրանց հայտարարությունը, ես կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանը մեր լավագույն զինվորականներից է:

-Վերջերս Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հանձնաժողով են հրավիրել նաեւ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին, սակայն վերջիններս հրաժարվել են գալ: Մեզ հետ զրույցում թե՛ Հակոբյանը, թե՛ Խաչատրյանը հերքել են, թե իրենց հրավեր է ուղարկվել. Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:

-Ես տեղեկություն ունեմ, որ հրավերը եղել է: Երբ գալիս ես հանձնաժողով ու ներկայացնում ես այն, ինչից տեղյակ ես, ինչ որոշումների մասնկացել ես, այդ ամենը վիդեոձայնագրվում է: Ինձ թվում է՝ Օնիկ Գասպարյանի օրինակին պետք է հետեւեն եւ շահագրգռված լինեն, որպեսզի խոսեն այդ մասին: Ինձ համար զարմանալի է նաեւ, որ խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը չեն մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ նրանք ավելի շահագրգռված պետք է լինեին, որպեսզի հասկանային՝ ինչ է կատարվում:

-Իրենք ասում են, որ այս իշխանությունը չի կարող արդար քննություն իրականացնել, քանի որ հենց նրանց օրոք է պատերազմում պարտություն եղել:

-Հասկացանք. թող իրենք գան, մասնակցեն, հենց կտեսնեն, որ արդար չէ քննությունը, դրա մասին թող բարձրաձայնեն: Ինչո՞ւ են թողնում՝ փաստերը հնանան: Խմբակցությունները պետք է մասնակցեն, հարցեր տան:

-Պարո՛ն Սանասարյան, փորձե՞լ եք պատերազմից հետո հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ իրավիճակը հասկանալու համար, ի՞նչ հարաբերություններ ունեք նրա հետ:

-Ես առանձին փորձ չեմ արել հանդիպելու, արտախորհրդարանական ուժերի հետ ֆորմատով է եղել հանդիպումը, ես ներկայացրել եմ ինձ մտահոգող հարցերը, տեսակետներ եմ հնչեցրել դրանց վերաբերյալ: Հարաբերությունները զուտ գործնական են, հանդիպումներից դուրս որեւէ հարաբերություն չկա:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԵՏ

«Իմ գործընկերոջ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ ապրիլի 12-ին հյուրընկալեցինք Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության մարդու իրավունքների, արդարադատության եւ իրավական համագործակցության ստանդարտների սահմանման վարչության ղեկավար Նիկոլա-Դանիելե Կանջեմիին եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին»,- հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

 

«Անդրադարձ կատարեցինք Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, արցախահայության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներին՝ այս համատեքստում կենսական անհրաժեշտություն համարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

Ընդգծեցինք Եվրոպայի խորհրդի ու ՀՀ խորհրդարանի համատեղ աշխատանքի կարեւորությունն ու մեր երկրում կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եւ էթիկական սկզբունքների եվրոպական ստանդարտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ հայտնելով մեր պատրաստակամությունը՝ համագործակցելու նշված ոլորտներում։

Ի թիվս այլ հարցերի` խոսեցինք Հայաստանի ներքաղաքական խնդիրներից եւ համապատասխան հանձնաժողովի խայտառակ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունից:

Հ.Գ. Շնորհակալություն տիկին Շմիդտին հետաքրքիր նվերի՝ Տիգրան Սարգսյանի «Չմատնող կանայք» գրքի համար»,- եզրափակել է մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՏՎԵԼ ԷԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կրկին Հայաստանից մեկնելու թույլտվություն է տվել։ Մեզ հայտնի  դարձավ, որ  դատարանը թույլատրել  է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Գուրգենի Խաչատրյանին 2023թ. ապրիլի 12-ից 17-ը ներառյալ մեկնել Հայաստանի Հանրապետությունից՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերջին նիստը չէր կայացել. դատավորը բացել է նիստը եւ փակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Խաչատրյանի առողջական վիճակը վատ է. դա է պատճառը, որ դատարան չի ներկայացել: Ինչպես հայտնի է, հունվարի 18-ին Գագիկ Խաչատրյանին դատարանը թույլատրել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով։ Նա 2023 թվականի հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 10-ը բացակայել էր երկրից, եւ չնայած մեղադրող դատախազը դեմ էր՝ մտավախություն հայտնելով, որ Խաչատրյանը Հայաստան չի վերադառնա, այնուամենայնիվ, Խաչատրյանը գնաց եւ հետ եկավ: Ինչպես հայտնի է, Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու եւ փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։ Գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրում է նաեւ ապօրինի ճանապարհով հարստանալու համար։ Գագիկ Խաչատրյանից եւ նրան փոխկապակցված 20-ից ավելի անձանցից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երեւան քաղաքում: Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, մասնակցություն իրավաբանական անձ հանդիսացող 33 կազմակերպությունում, նաեւ ավելի քան 40 միլիարդ դրամ:

 

 

 




Լրահոս