Այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 81 կողմ և 0 դեմ ձայնով ընդունեց Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները։ Իսկ ինչ է սպասվում այս փոփոխությունների արդյունքում: ArmLur.am-ը ներկայացնում է կետերով.
• Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալը։
• Կրճատվել են մինչև 18 տարեկան անձանց աշխատաժամանակի տևողությունները, միաժամանակ սահմանվել է, որ մինչև 18 տարեկան անձինք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։
• Ընդլայնվել են երեխա ունեցող աշխատողների իրավունքները (1. հնարավորություն է տրվում ոչ թե մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ նվազեցնելու իր աշխատաժամանակը, այլ նաև մինչև երկու, 2. սահմանվել են իրենց կարգավիճակով պայմանավորված՝ կանանց տրամադրվող ընդմիջումների օգտագործման ճկուն մեխանիզմներ)։
• Վերանայվել են արձակուրդի կարգավորումները՝
– եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից, ապա գործատուն այն տրամադրում է առանց աշխատողի դիմումի.
– նախատեսվել է օրենսգրքով սահմանված ժամկետներում ամենամյա արձակուրդը աշխատողին չտրամադրելու դեպքում գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու կարգավորում.
– ամրագրվել է, որ կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալը.
– մինչև 2 տարի ժամկետով ուսումնական արձակուրդ ձևակերպելու հնարավորություն է տրվում՝ աշխատատեղը պահպանելով։
• Աշխատանքային պայմանագրում նախատեսվում է պարտադիր ներառել նաև գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները։
• Նախատեսվել է փորձնակության (internship) ինստիտուտը, որը կնպաստի ուսումնական հաստատություններում սովորող կամ այդ հաստատությունները նոր ավարտած (ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում) անձանց աշխատանքային փորձառություն ձեռք բերելուն։
• Գործատուին հնարավորություն է տրվում նաև արտաժամյա աշխատանքի ներգրավել առանց բացառիկ դեպքերի առկայության, եթե աշխատողը տվել է իր գրավոր համաձայնությունը։
• Հստակեցվում են վերջնահաշվարկ չկատարելու դեպքերը:
• Վերանայվել են ընդմիջումների տրամադրման կարգավորումները։
• Սահմանվել է, որ աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև փոստային եղանակով կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով՝ այն կողմերի միջև փոխանակելով։
• Նախատեսվում է չաշխատած օրերի համար վճարված գումարի (երբ աշխատողին տրամադրվել է արձակուրդ չաշխատած ժամանակահատվածի համար ևս) գանձում կատարել նաև այն դեպքերում, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ։
Փոփոխությունների մեծ մասն ուժի մեջ կմտնի երկու ամսից:
Ն.Հ.