ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ տարբեր ուղղություններով տարվող բանակցությունների վերաբերյալ։

 

Ինչպես նշված է ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի  կատարման վերաբերյալ զեկույցում,  Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը տեղի է ունեցել հետեւյալ հիմնական ուղղություններով՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագիր, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակում, սահմանազատում եւ անվտանգություն, հումանիտար հարցեր:

Այս հարցերի քննարկման համար ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել 3 եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ (2022 թվականի ապրիլի 6-ին, մայիսի 22-ին եւ օգոստոսի 31-ին Բրյուսելում), 2 քառակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ (որոնցից մեկը՝ հեռավար, մյուսը՝ Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին) եւ 1 եռակողմ հանդիպում ՌԴ նախագահի միջնորդությամբ (2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում)։ 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենում եւս 1 եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների (այսուհետ՝ ԱՄՆ) պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը ԱՄՆ եւ ԵՄ միջնորդությամբ հանդիպել են 4 անգամ, ՀՀ եւ Ադրբեջանի գլխավոր դատախազները ՌԴ միջնորդությամբ հանդիպել են երկու անգամ, ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ՌԴ, ԱՄՆ եւ այլ գործընկերների միջնորդությամբ հանդիպել են 6 անգամ:

Տեղի է ունեցել խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի վրա աշխատանքի երեք շրջափուլ, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են դիտարկումներ եւ առաջարկություններ: ՀՀ-ն իր դիտարկումներն ու առաջարկություններն ադրբեջանական կողմին է փոխանցել 2023 թվականի փետրվարի 14-ին: ՀՀ-ի համար ընդունելի է այն մոտեցումը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագրի ստորագրումը կարող է առանձնացվել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների միջազգային մեխանիզմ  կձեւավորվի: ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների հասցեագրման երաշխավորված մեխանիզմների ձեւավորումը, որը կունենա միջազգային տեսանելիություն եւ ներգրավվածություն:

«Հայաստան-Ադրբեջան պայմանագրի համատեքստում՝ ՀՀ կառավարության համար առանցքային են ՀՀ-ի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի անվտանգության երաշխիքների ձեւավորումը, պայմանագրի տեքստի շուրջ հնարավոր տարընթերցումների եւ վեճերի կարգավորման գործնական մեխանիզմի ձեւավորումը»,- ասված է զեկույցում:

2022 թվականի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի երկու նիստ (ստեղծման օրվանից ի վեր տեղի է ունեցել 11 նիստ): Ապաշրջափակման թեման պարբերաբար քննարկվել է նաեւ այլ ձեւաչափերում: ՀՀ-ն հետաքրքրված է տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ եւ պատրաստ է օր առաջ իրագործել այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում: Բեռների, ապրանքների եւ քաղաքացիների շարժի նոր հնարավորություններն ակնհայտորեն կմեծացնեն «Հայկական խաչմերուկի» գրավչությունը միջազգային եւ տարածաշրջանային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համար՝ էականորեն ընդգծելով Հայաստանի չիրացված լոգիստիկ դերը տարածաշրջանում, ինչն իր հերթին նաեւ հավելյալ անվտանգության եւ կայունության երաշխիքներ կապահովի:

2022 թվականի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել գանգատ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ: Գանգատը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր դրսեւորումներին՝ ատելության եւ հակահայկականության քարոզ՝ ներառյալ պաշտոնատար անձանց կողմից, հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հարց, պատմության կեղծում, կրթական հաստատություններում հակահայկականության հետեւողական քարոզ, էթնիկ զտում, էթնիկ ատելության հիմքով խոշտանգումներ եւ վատ վերաբերմունքի դեպքեր, էթնիկ ատելության հիմքով սպանություններ, գլխատումներ եւ շատ այլ խախտումներ, որոնց կատարման մոտիվն էթնիկ հայերի նկատմամբ ատելությունն է։ Սկզբնական հայցը ներկայացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, ամբողջական հայցը ներկայացվել է 2023 թվականի հունվարի 23-ին: Դատական ատյաններում բոլոր միջպետական գանգատներով Հայաստանի կողմից բարձրացվել են եւ բարձրացվելու են գույքային եւ ոչ գույքային վնասների հատուցման պահանջներ։

 

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՎՈՒՄ Է ՀՆԴԿԱՍՏԱՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղվում է Հնդկաստան:

Ավանեսյանը Հնդկաստանում կլինի ապրիլի 25-29-ը՝ մասնակցելու «Հնդկաստանի առողջապահության գերազանցություն-2023» գագաթնաժողովին:

Գործուղումից վերադառնալուց հետո նա եռoրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ու Ֆինանսների նախարարություններ հաշվետվություն պետք է ներկայացնի։

 

 

 

ՌԴ ՊՆ-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ՝ նշելով, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

 

 

 

ՀԱՂԹԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը հաղթել է Երեւանի քաղաքապետարանին:

Բանն այն է, որ այս տարվա մարտի 17-ին Հրաչյա Աղաբեկյանին ազատել էին «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից, ինչի համար նա դիմել էր դատարան, արդյունքում գործը նախագահող դատավոր Ռուբեն Ներսիսյանը որոշել է Հրաչյա Աղաբեկյանին վերականգնել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում, իսկ անհնարինության դեպքում Երեւանի քաղաքապետարանից հօգուտ Հրաչյա Վահանի Աղաբեկյանի բռնագանձել վերջինիս միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով գումար` որպես աշխատանքում չվերականգնելու հատուցում:

 

 

 

Ի՞ՆՉ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ 

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 14-ին՝ ուրբաթ օրը, ՀՀ քննչական կոմիտեն Մհեր Սահակյանին հրավիրել է կոմիտե եւ մեղադրանք առաջադրել, որից հետո նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Ազգային ժողովը 65 կողմ ձայնով տվեց իր համաձայնությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։

Հայտնել էինք, որ մարտի 31-ին Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում Մհեր Սահակյանը հարվածել էր ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով եւ 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աննա Վարդապետյանն ապրիլի 11-ին խորհրդարանում ներկայացրեց Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդությունը։

Մհեր Սահակյանն ասել էր, որ կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն։




Լրահոս